Մատչելիության հղումներ

Դանիել Իոաննիսյան․ Տապալված ընտրությունը հիմք է, որ կառավարությունը կրճատի Երևանի ավագանու լիազորությունները


Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի կարծիքով, երեկվա տապալված ընտրությունը հիմք է, որ կառավարությունը կրճատի Երևանի գործող ավագանու լիազորությունները, գործնականում՝ ցրի այն:

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը երեկ տեղի չունեցավ քվորումի բացակայության պատճառով: Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միայն ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» էր քաղաքապետի թեկնածու առաջադրել՝ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարած նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունները և միաժամանակ նշանակում արտահերթ ընտրություններ:

Ըստ նույն օրենքի, ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

«Պետք է երկշաբաթյա ժամկետում կառավարությունը արձակի ավագանին, և այստեղ մի քիչ օրենքների հակասություն կա՝ արդյո՞ք արձակելու հետ միաժամանակ պետք է կայացնի արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումը, թե՞ կարող է դա անել կառավարությունը արձակելուց հետո երկշաբաթյա ժամկետում: Որովհետև Ընտրական օրենսգիրքը ամրագրում է, որ արձակելու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է արտահերթ ընտրությունները նշանակվեն: Ընտրական օրենսգիրքը, ըստ էության, սահմանադրական օրենք է և ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը: Ըստ էության, ինչպես էլ որ օրենքը չմեկնաբանվի, այդուհանդերձ, ոնց որ թե արտահերթ ընտրությունները Երևանի ավագանու ընկնում են սեպտեմբերին: Ուղղակի հարցը նրանում է, թե սեպտեմբերի սկիզբ, թե սեպտեմբերի վերջ»:

Պաշտոնական տվյալների համաձայն, Երևանի ավագանու նախորդ երեք ընտրություններում հաղթած Հանրապետականը դեռ չի հստակեցնում՝ արդյո՞ք մասնակցելու է ավագանու արտահերթ ընտրություններին:

Թե՛ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի», թե՛ «Ելք»-ում նրանց դաշնակից «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները պնդում են, որ վերջնական որոշում չունեն՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին ցուցակներով են մասնակցելու արտահերթին։

«Լուսավոր Հայաստանը» ղեկավարող Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նախընտրելի է «Ելք»-ի ձևաչափով մասնակցությունը: Բայց եթե նույնիսկ նման որոշում չկայացվի, ըստ Մարուքյանի, «Լուսավոր Հայաստանը» միայնակ էլ կգնա ընտրության․ - «Եթե չլինի ընդհանուր մասնակցություն, կլինի առանձին-առանձին մասնակցություն՝ բնականաբար ապագա համագործակցության տեսլականով»:

«Քաղաքացիական պայմանագրից» Ալեն Սիմոնյանն ասաց, որ այս պահին կուսակցությունում քննարկում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ձևաչափը: Նա ձեռնպահ մնաց ասել, թե ինչ տրամադրություններ կան՝ միայնա՞կ, թե՞ «Ելք»-ի միասնական ցուցակով գնալու:

Մամուլն արդեն թեկնածուների անուններ է շրջանառում: Ըստ այդմ՝ իշխանական ցուցակը կարող է գլխավորել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կամ «Քաղաքացիական պայմանագրին» վերջերս անդամակցած դերասան Հայկ Մարությանը: Նաև Ալեն Սիմոնյանի անունն են տալիս:

«Պաշտոնապես որևէ թեկնածուի հարց չեն քննարկվել», - այսօր պնդեց Սիմոնյանը։ - «Ժամանակին ես ասել եմ, որ նման հավակնություններ ունեմ, և դա պատճառ է հանդիսացել նման խոսակցությունների: Ինչպես նաև՝ ժամանակին ես եղել եմ մեր թեկնածուներից մեկը: Ես հիմա ինձ շատ լավ եմ զգում Ազգային ժողովում և կարծում եմ, որ ինձ համար նախընտրելի կլինի յուրաքանչուր տարբերակ: Ինչպես կորոշի կուսակցության վարչությունը, այնպես էլ կլինի»:

ԲՀԿ-ն, ինչպես «Ազատությանը» փոխանցեց կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու քաղաքական որոշում է կայացրել: Ընտրությունների կգնան միայնակ, առանց դաշինքի: Թե ով կգլխավորի ցուցակը՝ վերջնական որոշում չունեն: Զոհրաբյանն ասաց, որ քննարկվել է նաև իր թեկնածությունը։

Անցած տարվա Երևանի ավագանու ընտրություններին Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը չմասնակցեց:

«Մեր կուսակցությունում բազմաթիվ քննարկումներ են եղել: Ոչ միայն իմ, այլև մի քանի այլ իմ շատ հարգարժան գործընկերների մասով: Անկեղծորեն եմ ասում՝ վերջնական որոշում չկա»:

Զոհրաբյանի ձևակերպմամբ՝ «Բարգավաճ Հայաստանը» ընտրության է գնալու համերաշխության կոչերով․ - «Մենք ասելու ենք՝ մենք գալիս ենք օգնելու իշխանությանը Երևանի կառավարման մեր փորձով, մեր առաջարկներով:Կտա՞ վստահություն երևանցին՝ մենք կանենք այն, ինչ որ ներկայացնելու ենք հանրությանը քարոզարշավի օրերի ընթացքում: Չի՞ տա մեզ, կտա այլ քաղաքական ուժի՝ մենք վստահաբար կսեղմենք հաղթող այն քաղաքական ուժի ձեռքը, որը ազատ և արդար ընտրության արդյունքում կշահի երևանցիների վստահությունը: Չպիտի լինի ատելության մրցապայքար»:

XS
SM
MD
LG