Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունն այսօր տեղի չունեցավ քվորում չլինելու պատճառով, Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստը չկայացավ:
Երբ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ավագանու նիստերի կիսադատարկ դահլիճում հայտարարեց, որ նիստը չի կայանա, ավագանու 65 անդամներից միայն 5-ն էին ներկա:
Ավագանու նիստերի դահլիճ չմտած «Ելք» խմբակցության ղեկավար ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով դեռ դեռ նախորդ շաբաթ էր հայտարարել, որ «Ելք»-ը քաղաքապետի արտահերթ ընտրություններին թեկնածու չի առաջադրելու, րոպեներ տևած նիստին հետևում էր լրագրողներին հատկացված սենյակից:
«Երևանի մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի հրաժարականից հետո նշանակված արտահերթ նիստում ավագանին ընտրությունը կատարում է իր շարքերից։
Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միայն ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» էր քաղաքապետի թեկնածու առաջադրել՝ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:
Կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին, եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:
Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ ավագանին պետք է լուծարվի ու նոր ընտրությունների միջոցով երևանցիներն ընտրեն ավագանու անդամներ՝ իրենց նախընտրած կուսակցություններից․ - «Քանի որ այսօր մենք ունենք փաստացի առաջադրված մեկ թեկնածուի, նշանակում է, որ այսօր այդ թեկնածուն չի ընտրվելու, և ավագանին օրենքով սահմանված կարգով արձակվելու է: Օրենքը մանրամասներ չի ներկայացնում, թե ինչպես պետք է այդ արձակումը տեղի ունենա, բայց սա կարգավորվում է Երևանի ՏԻՄ օրենքով և Ընտրական օրենսգրքով, որտեղ ասվում է, որ ավագանին արձակվում է, եթե առաջադրում չի լինում երկու շաբաթ շարունակ, և եթե այդ թեկնածուն չի ընտրվում: Թեկնածուն չի ընտրվելու այսօր: Կառավարությունը երկու շաբաթվա ընթացքում ավագանու արձակումից հետո ունենալու է հնարավորություն նշանակելու արտահերթ ընտրության օրը, որը պետք է լինի որոշումը կայացնելու պահից սկսած երեսունից քառասուն օրվա ընթացքում: Եթե մենք առավելագույն ժամկետներով ենք գնում, դա ընկնում է սեպտեմբերի առաջին կեսին»:
7 տարի քաղաքային իշխանության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը հրաժարական է ներկայացրել տվել հուլիսին 9-ին՝ այդպես էլ չբացատրելով այդ որոշման դրդապատճառը: Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, փաստորեն, քաղաքապետի արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ն ու «Ելք»-ը թեկնածուներ չէին առաջադրել:
Առաջադրված միակ թեկնածուն՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության և խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր առաջադրման մասին պաշտոնական գրությունը մուտք է արել քաղաքապետարան դեռ անցած շաբաթ ու փաստացի ինքն է համարվում Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն:
Նա ընդգծեց, որ կառավարությունը պետք է առավելագույնը 40, նվազագույնը 30 օրվա ընթացքում ընտրության օր նշանակի․ - «Օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 26-ը պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Մեր քաղաքացիների առջև մենք ստանձնել ենք պարտականություն, ես ասել եմ, որ ես լինելու եմ ձեր քաղաքապետը և ես ներկայացնելու եմ ձեր շահերը: Եվ ըստ էության մեկ տարվա ընթացքում ես եղել եմ մեր քաղաքացիների քաղաքապետը, ներկայացրել եմ իրենց իրավունքները և շահերը: Եվ ամեն ինչ արել եմ, որպեսզի մաքրեմ Երևանի քաղաքապետարանը աղբից, կեղտից և կոռուպցիայից: Եվ կարելի է ասել Տարոն Մարգարյանին և այս ավագանուն մենք դուրս ենք շպրտել այստեղից»:
«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ դաշինքո՞վ են մասնակցելու ընտրություններին, ունե՞ն արդեն նախընտրած թեկնածու:
«Մասնակցության ձևաչափը դեռևս քննարկվում է: Ես, որպես «Ելք» խմբակցության ղեկավար, բնականաբար կցանկանամ, որ դա լինի միասնական ցուցակ: Բայց ինչպիսին էլ որ լինի մեր մասնակցության ձևաչափը, ես վստահ եմ, որ այն լինելու է ի շահ Երևանի: Ես կարծում եմ, որ մենք գնում ենք քաղաքային իշխանությունը վերցնելու», - ասաց Խաժակյանը:
Մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի առջև՝ սատարելու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: