Փորձագետները խոսում են Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսված «Մարշալի պլան» մասին:
Եղոյանը չմանրամասնեց, թե ինչ գումարի մասին է խոսքը, միայն ասաց՝ «սոլիդ»․ - «Այդ առաջարկները արդեն գտնվում են ներկայացման փուլում, արդեն մշակվում են, և կարող եմ ընդհանուր գծերով ասել, որ դրանք հիմնականում վերաբերելու են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին․․․ Ներկայացվելու են հստակ ծրագրեր, և հետագա ընթացքը արդեն կախված կլինի համատեղ աշխատանքից»:
Հարցին, թե ինչ գումարի մասին է խոսքը, Եղոյանն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, որ խոսքը բավականին սոլիդ գումարի մասին է, բայց կոնկրետ թիվ ասել չեմ կարող»:
Շաբաթներ առաջ հայտարարվեց, որ Եվրամիությունն առաջիկա 4 տարիներին 160 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին:
Անցած շաբաթ բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Եվրամիության ներկայացուցիչներից մեկի հետ հանդիպմանը տարակուսանք էր հայտնել, որ հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող օգնության ծավալը չի փոխվել: Այցի ավարտին Փաշինյանը նաև հայտարարել էր, որ Եվրամիությունից լսվում են դեռևս միայն ողջունող հայտարարություններ, սակայն քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա:
Փաշինյանի հայտարարությանը երեկ արձագանքեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ասելով, թե երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի նոր կառավարությունը հանդես գա հստակ գաղափարներով ու առաջարկներով:
Դեսպանը հավելել էր․ - «Եթե հայկական կողմը հայտարարում է, որ Եվրամիության ուղղությամբ Հայաստանի քաղաքականության մեջ փոփոխություն չկա, ինչպե՞ս կարող է Եվրամիությունը փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»:
Անցած տարվա նոյեմբերին Բրյուսելում ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի հիման վրա էլ այժմ կառուցվում են Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները:
«Եկեք հիշենք, որ մենք ունենք արդեն ստորագրված պայմանագիր Եվրամիության հետ, որը դեռ էնտեղ ազգային պառլամենտներում վավերացման փուլում է գտնվում: Այսինքն, մենք հիմա գտնվում ենք արդեն իսկ նախորդ հարաբերությունների մակարդակի ամրագրման փուլում: Կարծում եմ, որ էս փուլը անցնելուց հետո, նաև էս աշխատանքային փուլը անցնելուց հետո արդեն հնարավոր կլինի խոսել հարաբերությունների նոր որակի կամ նոր ձևաչափի կամ հարաբերությունները նույն մակարդակում պահելու մասին»:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով, Եվրամիությունը «Մարշալի պլան» է նախապատրաստում Հայաստանի համար, և ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը Բրյուսելում հայտ է ներկայացրել նոր մակարդակի փոխգործակցության և Բրյուսելի կողմից նոր մակարդակի օժանդակության համար:
Ըստ Գրիգորյանի, Հայաստան - Եվրամիություն նոր հարաբերությունները չեն կարող հակասել ԵԱՏՄ շրջանակում Երևանի ստանձնած պարտավորություններին․ - «Հայաստանը ուզում է Եվրամիության հետ ինտենսիվացնի համագործակցությունը, բայց չի դնում ազատ առևտրի գոտու մեջ մտնելու հարցը․․․ Ես չեմ կարծում, որ կհակասի, բայց, այնուամենայնիվ, թող կառավարությունը բերի էդ նոր ծրագիրը, ինչի մասին խոսում էր Պյոտր Սվիտալսկին, էդ նոր առաջարկները: Ինչքան ես հասկանում եմ, մեկ միլիարդ եվրոյի ծավալի ծրագիր մեր կառավարությունը կբերի»:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները կարող են որակապես փոխվել, եթե Երևանն իր արտաքին քաղաքականությունում շոշափելի աշխարհաքաղաքական փոփոխությունների գնա:
«Սպասել այն ահռելի աջակցությունը, որը Եվրամիությունը ցուցաբերեց կատարյալ եվրոպականացման դիմաց և ցուցաբերում է Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային, իրատեսական չէ: Հայաստանում չպետք է այդպիսի սպասումներ լինեն», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը: - «Եթե չկա իսկապես Հայաստանի քաղաքական ախորժակի պաշտոնական հրապարակում, որ Հայաստանը նույնպես ուզում է լինել այդ երկրների շարքում և լինել կատարելապես եվրոպականացվող երկրների խմբում, բնականաբար այդ դեպքում Եվրամիությունը անշուշտ իր վերաբերմունքը կփոխի»: