Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի նոր կառավարությունը հանդես գա հստակ գաղափարներով ու առաջարկներով, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Դեսպանն ընդգծեց, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների իրավական ու քաղաքական հենքը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, և «Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթուղթը, որոնք բանակցվել են մինչև ապրիլյան իրադարձությունները:
«Մենք շատ բաց ենք: Եթե հայկական կողմը կարծում է, որ այս փաստաթղթերը պետք է հզորացվեն ու ցույց տան նոր որակ, ապա մեզ պետք են հստակ գաղափարներ, թե կոնկրետ ինչ է Հայաստանի կառավարությունը ցանկանում փոփոխել մեր քաղաքականության մեջ», - հայտարարեց Սվիտալսկին: ֊ «Մեր կողմում կա լիակատար պատրաստակամություն լսելու, թե ինչ եք դուք ցանկանում փոխել մեր հարաբերություններում»:
Անցած շաբաթ առաջին անգամ Եվրամիության մայրաքաղաք Բրյուսել էր այցելել և եվրոպական կառույցների ու պետությունների ղեկավարներին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բրյուսելյան այցի ավարտին Փաշինյանը հայտարարել էր, որ Եվրամիությունից լսվում են դեռևս միայն ողջունող հայտարարություններ, սակայն քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա: - «Եվրամիության քաղաքականությունը նույնն է ինչ չորս ամիս առաջ: Կարծում ենք, որ կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգևորված տոնայնությունը իջեցնել, կա՛մ քաղաքականությունը էականորեն փոխել», - նշել էր վարչապետը:
Հայաստանում Եվրամիության դեսպանին այսօր խնդրեցինք արձագանքել Փաշինյանի այս հայտարարությանը:
«Հայկական կողմից մենք լսում ենք, որ Եվրամիության ուղղությամբ Հայաստանի քաղաքականության մեջ փոփոխություն չկա: Դուք հիմա ասում եք, որ Եվրամիության վերաբերյալ Հայաստանի քաղաքականության անփոփոխ մնալը պետք է հանգեցնի Հայաստանի վերաբերյալ Եվրամիության քաղաքականության փոփոխության: Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ ինչպես է հնարավոր համատեղել այս երկուսը», - կատակեց Պյոտր Սվիտալսկին՝ շարունակելով․ - «Իսկ, եթե ավելի լուրջ, ապա մեզ անհրաժեշտ են հստակ գաղափարներ, հստակ ակնկալիքներ, և մենք պատրաստ ենք քննարկել»:
Շաբաթներ առաջ հայտարարվեց, որ Եվրամիությունն առաջիկա 4 տարիներին 160 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին: Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Եվրամիության ներկայացուցիչներից մեկի հետ հանդիպմանը տարակուսանք է հայտնել, որ հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող օգնության ծավալը չի փոխվել: Անդրադառնալով 10 միլիոն եվրոյի չափով ավելացմանը՝ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «հայտնի կոռուպցիոներներից մեկին թափ տալու դեպքում գրպաններից այդքան գումար կթափվի»: -«ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում», - ամփոփել էր Փաշինյանը:
Անդրադառնալով Եվրամիությունից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության հնարավոր ավելացմանը՝ դեսպան Սվիտալսկին ընդգծեց, որ Եվրամիությունը այսօր էլ Հայաստանի թիվ մեկ օժանդակողն է: Դեսպանի խոսքով՝ ֆինանսական օժանդակության տրամադրման շրջանակը սահմանվում է յոթ տարին մեկ անգամ, և հերթական ժամկետը լրանալու է 2020-ին: Ընդ որում՝ ըստ Եվրամիության ներկայացուցչի՝ մինչև այդ Հայաստանին տրամադրվող օժանդակությունն ավելացվել է 25 տոկոսով․ - «Այսօր, երբ դրամաշնորհ տրամադրողների մեծ մասը կրճատում է իրենց հանձնառությունը Հայաստանի զարգացման մասով, Եվրամիությունն ավելացնում է 25 տոկոսով: Մենք նախորդ կառավարության հետ լրջորեն առաջ ենք տարել 2018 և 2019 թվականներին տրամադրվելիք օժանդակության ծրագիրը, սակայն այն վերջնականացված չէ, և գործընթացը լիովին վերահսկում է նոր կառավարությունը: Հետևաբար, մենք սպասում ենք շատ հստակ գաղափարների, թե ինչպես տարեկան ծրագրերը, մասնավորապես 2018 թվականինը, կարող են լրացվել Հայաստանի նոր կառավարության բարեփոխումների ու սպասելիքների օրակարգով»:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հիշեցնում է, որ Եվրամիության ներկայացուցիչներն էին մշտապես պնդում, որ կցուցաբերեն ավելի շատ աջակցություն՝ ավելի շատ բարեփոխումների դիմաց:
«Հիմա Հայաստանը առնվազն մի քան քայլ ավելի արել է, այսինքն՝ մենք ոչ լեգիտիմ և անընդհատ ընտրական համակարգի կեղծման հետևանքով վերարտադրվող իշխանության փոխարեն ունենք հանրային բացառիկ լեգիտիմություն վայելող իշխանություն», - մատնանշեց Բադալյանը: - «Մենք տեսնում ենք՝ նաև կան կոռուպցիայի դեմ պայքարի շատ ավելի կոնկրետ և առարկայական քայլեր, ու այդ մի քանի քայլը, որ արել է Հայաստանը, հիմա, տրամաբանությամբ, պետք է արժանանա նաև Եվրամիության արձագանքին և այդ արձագանքը, իհարկե, պետք է լինի ոչ թե հայտարարությունների տեսքով, այլ պետք է լինի շատ կոնկրետ գործերի տեսքով»:
Հղում անելով վերջերս իրականացված սոցհարցման տվյալներին՝ դեսպան Սվիտալսկին ներկայացրեց, որ հայաստանցիների 70 տոկոսը վստահում է Եվրամիությանը: Ընդ որում՝ ըստ Եվրամիության դեսպանի ներկայացրած հետազոտության, եթե եվրոպացիների նկատմամբ վստահությունը նախորդ տարի աճել է, ապա Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միության հանդեպ վստահությունը 2017-ին անկում է ապրել՝ հասնելով 48 տոկոսի: