Մատչելիության հղումներ

Հայաստանին ուղղված ԵՄ հայտարարությունները ողջունող են, սակայն քաղաքականությունում շոշափելի փոփոխություն չկա. Փաշինյան


Ադրբեջանն իր գործողություններով խաթարում է խաղաղ կարգավորման մթնոլորտը, երեկ Բրյուսելում հայաստանյան լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով՝ եթե խոսվում է խաղաղ կարգավորման մասին, ապա միջազգային հանրությունը պետք է աջակցի համապատասխան մթնոլորտի ձևավորմանը, հակառակ դեպքում, ըստ Փաշինյանի, այս մթնոլորտում հնարավոր չէ խոսել խաղաղ կարգավորման մասին։

«Շատ է խոսվում Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, և ես հարկ եմ համարում ընդգծել, որ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ, այսինքն՝ խաղաղ կարգավորման մթնոլորտ, և ընդգծում եմ, որ Ադրբեջանն իր գործողություններով խաթարում է խաղաղ կարգավորման մթնոլորտը, և այդ իմաստով խաղաղ կարգավորման կոչերը մի տեսակ կոնտեքստից կտրված են կարծես: Եվ իմ արձագանքը մեր գործընկերներին հենց դա է, որ եթե իրոք մենք խոսում ենք խաղաղ կարգավորման մասին, միջազգային հանրությունը պետք է աջակցի համապատասխան մթնոլորտի ձևավորմանը, հակառակ դեպքում մենք չենք կարող այս մթնոլորտում խոսել խաղաղ կարգավորման մասին։ Մենք իհարկե պատրաստ ենք ջանքեր ներդնել դրա համար, բայց մենք պետք է տեսնենք, որ այնպիսի իրավիճակ է, որ դիմացի կողմն ադեկվատ ընկալում կունենա այդ իրավիճակին», - ասաց Փաշինյանը։

Հուլիսի 12-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Լրագրողի հարցին, թե արտգործնախարարների առաջին հանդիպումից հետո իրավիճակի որոշակի փոփոխություն կա՞, թե՞՝ ոչ, վարչապետը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, թե արտգործնախարարների հանդիպումը շրջադարձային է։ Հանդիպում է եղել, շփում է եղել, ըստ էության՝ առաջին շփումը այս թեմայի շրջանակներում, և որևէ պարագայում առաջին շփումներից մեծ արդյունքներ ակնկալելը ճիշտ չի, դրանք արժեքավոր են այնքանով, որ տեղի է ունենում շփում, ծանոթություն, և նույնը կարող եմ ասել նաև իմ հանդիպումների մասին։ Իհարկե շատ լայն շրջանակ ստացվեց ծանոթությունների, և սա կարող ենք արձանագրել որպես այցի արդյունք։ Ընդհանուր առմամբ, նաև որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, հրավերներ եղան Երևան գալու, պատրաստակամություններ արձանագրվեցին, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, այնպես որ՝ այս այցը կարելի է համարել ծանոթությունների հաստատման, անձնական կապերի, կոնտակտների հաստատման այց, և սրանով, ըստ էության, կարող ենք այցի նպատակն իրագործված համարել»։

Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ընկալում կար Արևմուտքում Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցածի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրա արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի որևէ փոփոխություն չի եղել, արդյո՞ք հետևում են կոռուպցիայի դեմ գործողություններին, Հայաստանի վարչապետը պատասխանեց. - «Այո, ընդհանուր առմամբ, հետևում են, տեղյակ են բոլորը՝ ինչ է տեղի ունեցել, և ես բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել։ Բայց ուզում եմ ընդգծել հետևյալը, որ ես իմ բոլոր հանդիպումներում ասում եմ՝ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ՝ արժեքային համակարգ, և հույս ունեմ, որ Եվրամիությունում էլ, մասնավորապես, հենց այդպես են ընկալում իրավիճակը։ Եվ ասում եմ, որ քանի որ ժողովրդավարությունը մեզ համար համոզմունք է և արժեքային համակարգ է, ես որևէ կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչև վերջ կտանենք և հաջողություն կարձանագրվի: Վերադարձ նախկին ռեժիմին չի լինելու՝ ես դա բացառում եմ միանշանակ, և ես նաև ընդգծում եմ, որ մենք իհարկե մեր միջազգային գործընկերների աջակցությամբ շատ ավելի արագ կարող էինք իրականացնել այդ բարեփոխումները, բայց նաև ընդգծում եմ, որ մենք, այսպես ասած, հայցորդի կամ խնդրարկուի կարգավիճակում չենք, մենք մեր անելիքները գիտենք, մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները: Եվ ինչու եմ այսպես ասում, որ, ըստ էության, մեր հեղափոխությունից հետո մենք մասնավորապես Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ հայտարարություններ, ողջունող հայտարարություններ, բայց, ըստ էության, քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա, այսինքն՝ Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ չորս ամիս առաջ, երեք ամիս առաջ: Կարծում ենք, որ կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնել, կա՛մ քաղաքականությունն էականորեն փոխել»։

«Ազատության» դիտարկմանը, թե ԱՄՆ-ում նույնպես տպավորված են բարեփոխումներով, և հարցին, թե ի՞նչ խոստումներ է ստացել ԱՄՆ-ից, հատկապես, երբ ԱՄՆ դեսպանը նույնպես ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել, Փաշինյանն այսպես արձագանքեց. - «Կան աշխարհում երկրներ, ովքեր նույնպես ասում են, որ ժողովրդավարությունն իրենց համար կարևոր արժեք է, և այդ երկրները, ես ասում եմ, որ ունեն հնարավորություն՝ աջակցելու այս փոփոխություններին։ Էլի եմ ասում՝ ես շատ ուղիղ ասել եմ բոլորին, որ մենք այդ փոփոխությունները կանենք կա՛մ ձեր աջակցությամբ, կա՛մ առանց ձեր աջակցության, այսինքն՝ այդտեղ թեմա չկա, որ եթե դուք աջակցեք, դա տեղի կունենա, եթե դուք չաջակցեք, դա տեղի չի ունենա, հիմա ես ասում եմ, որ մենք այս փոփոխություններն իրականացնելու հնարավորությունը մեր ձեռքից բաց չենք թողնի, բայց դուք կարող եք բաց թողնել այդ փոփոխություններին աջակցելու հնարավորությունը»։

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG