«Ոսկե ծիրանները» և «Արծաթե ծիրանները» բաժանված են, հաղթողները հայտնի են․ «Ոսկե ծիրան» 15-րդ հոբելյանական փառատոնն ավարտվեց փողային նվագախմբի հնչյունների, ուրախ տրամադրության, ծափերի ներքո։
Պատվավոր «Ոսկե ծիրան» մրցանակը շնորհվեց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին: Համաշխարհային կինոյում վաստակի համար «Փարաջանովյան թալերների» արժանացան կրկնակի օսկարակիր իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին և Վենետիկի «Ոսկե առյուծի» դափնեկիր իտալացի ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզին:
«Ազատության» հետ զրույցում առաջին անգամ Հայաստան ժամանած հայտնի իտալացի ռեժիսորն ասաց, թե կինոփառատոնը տարածաշրջանի լավագույններից է, և ցավում է, որ չի հասցրել ֆիլմեր դիտել:
Կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ խաղարկային մրցույթ անվանակարգում շնորհվեց գերմանա-ուկրաինական «Հրաբուխ» ֆիլմին: Ռեժիսոր Ռոման Բոնդարչուկի փոխարեն «Ոսկե ծիրանը» ստացավ Հայաստանում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:
«Կինո շատ եմ սիրում», - «Ազատության» հետ զրույցում ասաց դեսպանը՝ խոստովանելով, որ իր դեսպան լինելու տարիներին բաց չի թողել ոչ մի «Ոսկե ծիրան»․ - «Ես սիրում եմ կինոթատրոն գնալ, և այս փառատոնը ինձ համար շատ լավ հնավարություն է: Հայաստանը մշակութային երկիր է: Ոչ միայն երաժշտություն, այլ նաև կինոմատոգրաֆիա է տալիս աշխարհին: Ես իրոք տպավորված եմ, թե ինչ մեծ թվով երիտասարդ ռեժիսորներ կան: Սա նշանակում է, որ այս ոլորտը շատ լավ զարգանում է»:
«Արծաթե ծիրանը» այս անվանակարգում ստացավ շվեյցարական «Ֆորտունա» ֆիլմը։
Լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց թուրքական «Հեռավոր համաստեղություն»-ը, «Արծաթե ծիրան»-ը բաժին հասավ իսպանական «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա» ֆիլմին։
«Հայկական համայնապատկեր» հատուկ ծրագրի լավագույն ֆիլմ ճանաչվեց իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա»-ն: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում, սահմանամերձ գյուղում: Ու թեպետ այն երիտասարդ մի կնոջ պատմություն է, այդուհանդերձ պատերազմի թեման ևս անցնում է ֆիլմի սցենարով:
Փառատոնի շրջանակում պատվավոր հյուրեր ժամանեցին Հայաստան: Արտերկրում ապրող մեր հայրենակից հայտնի կինոգործիչների համար այս փառատոնը երկու առավելություն ունի․ և՛ կարոտն են առնում հայրենիքից, և՛ մեկ շաբաթ կինոաշխարհի ընկերների հետ են շփվում:
Ուկրաինացի հանրահայտ ռեժիսոր Ռոման Բալայանն «Ազատության» հետ զրույցում անկեղծացավ, որ տանել չի կարողանում Երևանի շոգը, բայց փառատոնի ջերմությունը ձգում է․ - «Ես ատելությամբ եմ ուղղակի գալիս այս օրերին Երևան: Անտանելի շոգ է։ Բայց ընկերներիս եմ ուզում տեսնել, նաև հետաքրքիր մարդիկ են գալիս այս օրերին Հայաստան: Ընդ որում, իմ լավ ծանոթները մեկ անգամ փառատոնին գալով չեն բավարարվում: Դա ինձ շատ է ուրախացնում: Այսինքն, եթե ես փառատոնի սիրահարը չլինեի, այդքան հաճախ չէի այցելի Հայաստան»:
««Ոսկե Ծիրանը» Կովկասի Կաննն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը՝ ցավով նշելով, որ փառատոնը կայացած է, կինոարտադրությունը՝ առայժմ ոչ․ - «Ամենակարևոր ներդրումը մեր նոր սերունդն է: Մեր նոր սերունդը կարողանա իր պատմությունները պատմի կինոյի միջոցով, մշակույթը զորավորանա, կարողանանք ավելի շատ իսկական ֆիլմեր հանենք, որ Հայաստանից դուրս ավելի մեծ հաջողություններ ունենան»: