Մատչելիության հղումներ

«Մենք նաև կինոփառատոնների միջազգային քարտեզի վրա ունենալու ենք մեր ուրույն տեղը»․ Լիլիթ Մակունց


«Ոսկե ծիրան» 15-րդ հոբելյանական կինոփառատոնը մեկնարկեց ավանդույթի համաձայն՝ կարմիր գորգով, հանդիսավոր տոնական արարողությամբ և փառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերի ներկայացմամբ:

Հանդիսատեսը առիթ ունեցավ լսելու օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի, «Հովեր» երգչախմբի, «Գողթ» խմբի կատարումները:

«Փառատոնը կայացած է», - վստահեցրեց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը: ֊ «Այսօր գլուխ գովելու օր չէ, բայց գիտեմ, որ աշխարհում չկա մի ռեժիսոր, որ չցանկանա իր ֆիլմը ցուցադրել Երևանում՝ «Ոսկե ծիրանում»: Ե՛վ փառատոնն է ցանկալի, և՛ ֆիլմերը, և՛ ժյուրիները, և՛ հյուրերը, և՛ Երևան քաղաքը: Բարի գալուստ»:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը վերահաստատեց՝ փառատոնը ոչ միայն շարունակվելու է, այլ ապագայում կարողանալու է ոտք մեկնել հեղինակավոր միջազգային փառատոնների հետ․ ֊ «Մենք նաև կինոփառատոնների միջազգային քարտեզի վրա ունենալու ենք մեր ուրույն տեղը, և այս առումով, կարծում եմ, արդեն ոտք մեկնել ենք և պիտի շարունակենք լինել»:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը: Վարչապետը ընթացքում շտապեց մարզադաշտ՝ լեգենդար ֆուտբոլիստների խաղին հետևելու:

Հանդիսավոր արարողության ավարտին «Ազատությունը» հնարավորություն ունեցավ լսել նախագահի տպավորությունները փառատոնից․ ֊ «Այսօր աշխարհը, քանի որ շատ ավելի բաց է, նույնիսկ Հայաստանի նման փոքր երկիրը կարող է իր խոսքն ասել և բարձր որակի խոսք: Եվ մենք այդ որակը ունենք, ցույց ենք տվել աշխարհին՝ Մամուլյանից սկսած մինչև Փարաջանով»:

Դարեն Արոնոֆսկի, Լարի Սմիթ, Ասղար Ֆարհադի, Բեիք Փրոբստ, Բորիս Խլեբնիկով, Վալերի Մասադյան, Ռոման Բալայան, Շոն Բեյքեր, Ուլրիխ Զայդլ․այսպիսի աշխարհահռչակ կինոգործիչներ են ժամանել Երևան փառատոնի շրջանակում որպես հյուր կամ ժյուրիի անդամ:

Այս տարվա փառատոնի հատուկ հյուրը «Սև Կարապը», «Մայրը», «Ռեքվիեմ երազանքի համար» և այլ հայտնի ֆիլմերի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին է, ով իր յուրօրինակությունը հերթական անգամ ընդգծեց նաև հայկական բեմում՝ ջրով ցողելով հանդիսատեսին և շնորհավորելով Վարդավառը:

«Փարաջանովյան թալեր» պատվավոր մրցանակը այս տարի հանձնեցին հենց Արոնոֆսկուն: Իսկ մյուս մրցանակակիրները հայտնի կդառնան արդեն շաբաթավերջին՝ փակման հանդիսավոր արարողության ժամանակ:

Կինոփառատոնը սկսվեց ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիգյանի նոր՝ «Առանձնատունը» ֆիլմով: Հայաստանցիներն ու օտարերկրացի հյուրերը 7 օր ունեն՝ դիտելու աշխարհահռչակ կամ սկսնակ ռեժիսորների ֆիլմերը, հնարավորություն՝ մասնակցելու աշխարհահռչակ օպերատորների, դերասանների, ռեժիսորների վարպետության դասերին:

Այս տարվա նորամուծությունը GAIFF Pro հարթակն է, որով փորձելու են ստեղծել Փոքր Կովկասի համար ֆիլմերի պրոֆեսիոնալ հարթակ: Հայտարարվել էր մրցույթ և ստացվել են հայտեր Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Իրանից: Ադրբեջանից այս տարի դիմող չի եղել: Առաջին տարվա համար ընտրված նախագծերը 12-ն են:

Ավանդույթի համաձայն՝ այս տարի Ֆրանսիայի հրապարակում ավելացավ երեք նոր աստղ՝ կինոռեժիսորներ Ալբերտ Մկրտչյանի, Արա Վահունիի, Ներսես Հովհաննիսյանի անուններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG