Մատչելիության հղումներ

Նախիջևանյան ուղղությունում այս պահին հանգիստ է․ ՀՀ ՊՆ խոսնակ


ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությունում այս պահին հանգիստ է, երկուշաբթի առավոտյան «Ազատությանը» հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ շաբաթ երեկոյան և կիրակի առավոտյան նախիջևանյան ուղղությունում տեղի է ունեցել երկկողմանի հրաձգություն․ - «Հակառակորդը փորձում էր իր դիրքերը ամրապնդել՝ ինժեներական առումով, մենք էլ թույլ չէինք տալիս, սկսվում է փոխհրաձգություն, որի ընթացքում մենք չեզոքացնում ենք հակառակորդի դիրքը՝ կադրերը նաև այսօր հրապարակել եմ: Բայց մեր զինծառայողներից մեկը թեթև վնասվածք, վիրավորում է ստանում նաև այդ հրաձգության ընթացքում՝ աննշան, ինքը իր ոտքով, ինքը իր ձեռքով հիմա շարունակում է ծառայել»:

«Ազատության» հարցին՝ «դիրքը, որ այրվել է, ո՞ր հատվածում էր», Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Զանգակատնից [գյուղ Արարատի մարզում] մի փոքր վերև»: Նա հաստատեց, որ այդ դիրքը փաստացի ամբողջությամբ վերացվել է, միաժամանակ չբացառելով, որ «կարող է գիշերը նորից գան, փորձեն նորից նստեն»: «Ամեն դեպքում, հայկական կողմը և՛ այդ դիրքի, և՛ ցանկացած այլ դիրքերի նկատմամբ հակառակորդի ոտնձգություններին, ինչպես կարող եք տեսնել նաև տեսանյութից և մեր հաղորդագրություններից, շատ վճռական է տրամադրված և հակազդում է», - վստահեցրեց Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը:

Արծրուն Հովհաննիսյանը այսօր Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որում, նրա հավաստմամբ, պատկերված է, թե ինչպես է այրվում ադրբեջանական դիրքը նախիջևանյան ուղղությունում:

«Ազատության» հարցին՝ արդյոք հայկական կողմի տարածքում հրդեհ բռնկվե՞լ է, նա արձագանքեց․ - «Դաշտերում բռնկվել է հրդեհ՝ և մեր կողմը, և՛ իրենց կողմը, կրակը, բնականաբար, սահմաններ չի ճանաչում և անցել է նաև մեր գիծ: Ինչ որ տեղի է ունեցել՝ դրանից առաջ է տեղի ունեցել, ըստ էության, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել հրդեհը՝ կրակոցներն այնքան շատ են եղել, որ տեղանքը բռնկվել է՝ գյուղի որոշ տարածքներ, հողահանդակներ և այլն: Բնակիչներից ինչ-որ մարդիկ փորձում են կրակը մարել, ու այս պահին հիմնականում մարել են»: Հարցին էլ՝ մարելու ընթացքում ադրբեջանական կողմից կրակոցներ եղե՞լ են, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Այո, երկու կողմից էլ եղել են կրակոցներ: Այդ ժամանակ [որևէ մեկը] չի տուժել, մինչ այդ է տուժել [պայմանագրային զինծառայողը]: Ադրբեջանական կողմում այրվել է դիրք, մարտական հենակետ, որից հետո կրակը անցել է նաև տարածքին»:

Հիշեցնենք, Ադրբեջանը վերջերս հաղորդում է Հայաստանի հետ Նախիջևանի սահմանին իբր արձանագրած հաջողությունների, հայկական զինված ուժերից շուրջ 11 հազար հեկտար տարածք ետ գրավելու, նոր դիրքեր տեղակայելու մասին, ինչը հայկական կողմը հերքում է՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինուժը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ է իրականացնում բացառապես իրենց տարածքում:

Ադրբեջանը գործում է՝ ելնելով անպատասխանատվության սկզբունքից․ Բալայան

Նախիջևանի հետ սահմանի խնդրին է այսօր անդրադարձել նաև Հայաստանի արտգործնախարարության խոսնակը: Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց՝ նորություն չէ, որ Ադրբեջանը գործում է՝ ելնելով անպատասխանատվության սկզբունքից․ - «Քաղաքական առումով, իհարկե, նորություն չէ, որ Ադրբեջանը գործում է՝ ելնելով անպատասխանատվության սկզբունքից՝ իր կողմից ստանձնած պարտականությունները չկատարելով: Եվ մենք շարունակաբար այս հարցը բարձրացնում ենք ինչպես համանախագահ երկրների առջև, այնպես էլ մեր մյուս գործընկեր երկրների և կազմակերպությունների առջև: Կարծում ենք այստեղ հենց համանախագահները լուրջ անելիք ունեն, որովհետև չանսալով նրանց հորդորներին, անելով լրիվ հակառակը՝ դա առաջին հերթին արհամարհանք է համանախագահ երկրների հանդեպ»:

​Արտգործնախարարության խոսնակը նաև հավելեց՝ սոցցանցերում տեղ գտած տեղեկությունն այն մասին, թե ադրբեջանական բանակում հայտնվել են ամերիկյան ուղղաթիռներ, իրականությանը չի համապատասխանում․ - «Ուղղաթիռների հարցով մենք սկսել ենք զբաղվել շատ ավելի վաղ, քան դա հայտնվել է հրապարակային դաշտում լրատվամիջոցների կողմից: Այս պահին մեր տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն այդ ուղղաթիռները ամերիկյան արտադրության չեն, այդ ուղղաթիռները արտադրվում են մի քանի երկրներում ամերիկյան լիցենզիայով և դրանց գնման ընթացակարգը եղել է՝ ոչ ռազմական օգտագործման համար»:

Բանակը բերվել է պատրաստվածության բարձր մակարդակի․ Բաբայան

Դավիթ Բաբայան, ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Դավիթ Բաբայան, ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Այսօր Ադրբեջանի զինված ուժերում մեկնարկում են լայնածավալ զորավարժություններ։ Ադրբեջանական մամուլի համաձայն, զորավարժություններին մասնակցում է 20,000 զինծառայող։

«Ազատության» հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան ասաց, որ բանակը բերվել է պատրաստվածության բարձր մակարդակի՝ հատկապես, որ ադրբեջանական զինուժը ապրիլից զինտեխնիկա և կենդանի ուժ է տեղափոխել սահմանամերձ շրջաններ։ - «Բնական է, որ սա էլ է մի ազդանշան, ազդակ, որ մենք պիտի լինենք կրկնակի, եռակի անգամ ավելի պատրաստ և ուժեղ», - հավելեց Բաբայանը:

Հիշեցնեմ՝ երեկ սահմանային լարվածությանն անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի:

XS
SM
MD
LG