Մատչելիության հղումներ

«Խոսել հայկական կողմի ինչ-որ տարածքների կորստի մասին, ուղղակի անհեթեթություն է». Փաշինյան


Ադրբեջանական կողմը կարևոր բարձունք չի գրավել, այդպիսի բան տեղի չի ունեցել, ֆեյսբուքյան օգտատերերից մեկի դիտարկմանն այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի միջոցով վարչապետը պատասխանում էր օգտատերերի հարցերին։ Սամվել Չախալյանը մասնավորապես գրել էր, որ Փաշինյանը դեռևս չի մեկնաբանել Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած իրադարձությունները։ Չախալյանը նշել էր, որ «տեղեկությունների համաձայն, հակառակորդը զգալիորեն առաջ է շարժվել Արենի գյուղի ուղղությամբ՝ գրավելով կարևոր բարձունք, ինչի արդյունքում լուրջ առավելություն է ստացել մեր դիրքերի նկատմամբ և դիտարկում է Արենի գյուղը»։

Փաշինյանի պնդմամբ, այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ, և, ըստ վարչապետի, խոսել հայկական կողմի ինչ-որ տարածքների կորստի մասին, ուղղակի անհեթեթություն է։

«Գրավելով կարևոր բարձունք. անկյունաքարային նշանակության հարցը հետևյալն է՝ գրավելով կարևոր բարձունք, այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետև այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, էդ տարածքները միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ։ Այսինքն՝ այս առումով որևէ բան չի փոխվել։ Որոշակի դիրքերի տեղաշարժ է տեղի ունեցել։ Ասեմ՝ այն, որ Ադրբեջանը հայտարարում է, որ դեպի Երևան-Լաչին ավտոճանապարհը նշանառության տակ է առել, ժողովուրդ ջան, նրանք, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ 1992-1993 թվականից էդ ճանապարհը նշանառության տակ է, և ճանապարհի վրա ազդեցության առումով ոչ մի փոփոխություն բացարձակապես տեղի չի ունեցել», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Նախիջևանի ուղղությամբ տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժ, ընդ որում խոսել մեր կողմից ինչ-որ տարածքների կորստի մասին, ուղղակի անհեթեթություն է»։

Վարչապետն ասաց, որ Ադրբեջանը որոշակի դիրքեր տեղաշարժել է տարբեր ուղղություններով, սակայն մարտավարական և ռազմական առումով որևէ էական փոփոխություն Նախիջևանի ուղղությամբ տեղի չի ունեցել։

«Ինչպե՞ս եք պատկերացնում, որ տարածք կորսվի՝ առանց մի հատիկ կրակոցի, դա հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չի։ Ադրբեջանը որոշակի դիրքեր տեղաշարժել է տարբեր ուղղություններով։ Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ այն թեմային, թե մենք որևէ դիրք տեղաշարժել ենք, թե չենք տեղաշարժել, ուզում եմ ասել ընդամենը, որ մարտավարական և ռազմական առումով որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել Նախիջևանի ուղղությամբ։ Ըստ էության, մենք ունենք նույն իրավիճակը, ինչ որ ունեինք մի քանի ամիս առաջ», - ասաց Փաշինյանը։

Վկայակոչելով վիճակագրական տվյալները՝ նա նշեց, որ իր վարչապետ ընտրվելուց հետո հրադադարի ռեժիմի խախտման մակարդակն աննախադեպ ցածր է։ Սակայն, ըստ վարչապետի, այսօր առաջնագծում կան ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ։

«Իմ վարչապետ ընտրվելուց հետո, ըստ էության, վիճակագրությամբ զուտ ունենք վերջին տարիների համար հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ցածր մակարդակ։ Չնայած սրան, մենք, ցավոք սրտի, զոհեր ունեցանք, և ըստ էության, առաջնագծում այսպիսի իրավիճակ է, որ կան ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ, ընդ որում՝ այդ կուտակումները երբեմն մեծանում են ծավալներով, երբեմն նվազում են, բայց անընդհատ առաջնագծում մենք ունենք զորքերի շարժ։ Նախիջևանի ուղղությամբ դուք գիտեք, որ որոշակի լարվածություններ են առաջացել», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, դուք գիտեք՝ իմ գնահատականն այն է և մոտեցումն այն է, որ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք այդպիսի զարգացման։ Վարչապետ ընտրվելուց հետո Զինված ուժերին իմ հրամանը, հրահանգը եղել է դա, որ զգոնությունը ոչ մի վայրկյանով, ոչ մի րոպեով չկորցնենք, բայց իրավիճակի աննախադեպության առումով ես չեմ կարող ասել, որ մենք ունենք ինչ-որ աննախադեպ իրավիճակ։ Մենք ունենք սովորական իրավիճակ և ծանոթ իրավիճակ, այդ իրավիճակը ծանոթ է մեզ երկար տարիներ»։

«Էլի եմ ասում՝ կրակոցների առումով մենք միջինից ցածր մակարդակ ունենք, բայց ունենք որոշակի զորքերի կուտակում առաջնագծում, և պետք է արձանագրենք, որ ի վերջո կոնֆլիկտը լուծված չէ, և մենք, ըստ էության, կիսապատերազմական իրավիճակում ենք գտնվում, որ ցանկացած պահի կարող է փոխվել։ Բայց սա չի նշանակում, թե մենք պետք է որևէ ձևով շեղվենք մեր բնականոն կյանքից։ Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, Զինված ուժերը պետք է շարունակի իր աշխատանքը, և, էլի եմ ասում, չեմ ուզում ասել՝ անհանգստանալու կարիք չկա, չեմ էլ ուզում ասել՝ անհանգստանալու կարիք կա, այսինքն՝ ամեն ինչ այնպես է, ինչպես մենք գիտենք», - հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG