Մատչելիության հղումներ

ՌԴ Պետդումայի խոսնակ․ Ադրբեջանի դիրքորոշումը ԼՂ հարցում «ճիշտ ու կառուցողական է», ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է


ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ

Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում հայտարարել է, թե Ադրեբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «միշտ եղել է կառուցողական և ճիշտ»:

«Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հետևաբար՝ անենք ամեն ինչ այդ ուղղությամբ և ելնենք նրանից, որ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր ունկնդիր չեն լինում խաղաղ ապրելու՝ ժողովրդի բառերին և ցանկությանը, անշուշտ, գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է անենք ամեն ինչ՝ կանխելու համար այդ ճանապարհը»,- հայտարարել է Վոլոդինն այսօր Բաքվում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ: «Այդ կապակցությամբ Ադրբեջանը մշտապես ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել: Մենք դրա հույսն ունենք նաև հետագայում»,- ըստ ՏԱՍՍ գործակալության, հավելել է Պետդումայի խոսնակը:

Հիշեցնենք, բոլորովին վերջերս՝ անցած շաբաթ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը ռազմաշունչ հայտարարություններով էր հանդես եկել, մասնավորապես, ասելով, թե իրենց նպատակն է՝ նախապատրաստել բանակը պատերազմի համար, և «այսօր ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները»: Վոլոդինը նախագահ Պուտինի ամենաազդեցիկ թիմակիցներից է։ Նա երկօրյա այցով գտնվում է Արդեբջանում, արդեն հանդիպում է ունեցել Արդեբջանի նախագահ Իլամ Ալիևի հետ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Պետդումայի նախագահի հիշյալ հայտարարության հետ կապված՝ «Ազատությանն» ասել է․ «Պետությունների դիրքորոշումներն այս կամ այն հարցի, հատկապես արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ, արտահայտվում են գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանի գործադիր իշխանության տեսակետը ԼՂ հարցի հետ կապված հայտնի է: Այն առնվազն շաբաթը մեկ անգամ հնչեցվում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի կողմից»:

«Ցավոք սրտի ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման հարցում որևէ առաջընթաց չի արձանագրել: Միևնույն ժամանակ՝ մենք շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանի ղեկավարությանը, որն ուշադրության կենտրոնում է պահում հակամարտության կարգավորումը»,- Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ իր հերթին ասել է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Օքթայ Ասադովը: Միլլի Մեջլիսի նախագահի խոսքով՝ Ադրբեջանի առաջնահերթ խնդիրը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է:

«Մենք հակված ենք ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությանը: Հուսով ենք, որ մենք այդ հարցը կլուծենք Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների աջակցությամբ»,- նաև ասել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG