Մատչելիության հղումներ

Վարչապետ․ ՀՔԾ ամենակարևոր անելիքներից մեկը Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է


«Հատուկ քննչական ծառայության ամենակարևոր անելիքներից մեկը Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է», - այսօր ՀՔԾ-ում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծառայության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին ներկայացնելիս:

«Ես հրապարակային էլ եմ ուզում ասել և ուզում եմ նորից ընդգծել, որ կարծում եմ, որ ասվածի տրամաբանությամբ ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի Հատուկ քննչական ծառայությունը, դա Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է, Մարտի 1-ի սպանությունների բացահայտումը: Եվ ես ուզում եմ հստակ ասել, որ երբ որ մենք ասում ենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ, նկատի ունենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ», - ասաց վարչապետը:

Փաշինյանը շարունակեց, որ եթե ՀՔԾ վարույթում եղել են գործեր, որոնք առաջ չեն գնացել ինչ-ինչ քաղաքական պաճառներով, ապա հիմա հույս ունի, որ նոր պետի ղեկավարությամբ քննիչները կանդառանան բոլոր այդ այդ գործերին։

Մարտի 1-ի գործից բացի, վարչապետ հատուկ անդրադաձավ նաև ընտրական հանցագործություններին։ Նշենք, որ «ՀՔԾ-ի մասին» օրենքով քննչական այս մարմնի գործառույթն է բարձր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կատարած, ինչպես նաև ընտրական գործընթացին առնչվող հանցագործությունները քննելը:

«Կարծում եմ, որ հատուկ կարևորություն ունի ընտրական հանցագործությունների քննությունը և այս շարքում առանձնակի ուշադրություն եմ ուզում հրավիրել ընտրակաշառքների հետ կապված հանցագործություններին: Հույս ունեմ, որ այդ հանցագործությունները և այդ գործերը այսօր և հետագայում կարժանանան պատշաճ քննության և կբերեն կոնկրետ արդյունքներ», - ասաց վարչապետը:

Ընտրակաշառքի մասին ամենուրեք խոսակցություններ և ոչ մի բացահայտում. սրա հետևանքով, ըստ վարչապետի, վնասվում է Հայաստանի հեղինակությունը․ - «Երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գիտեն ուղղակի իրենց ամենօրյա կյանքի բերումով, շփումների բերումով, որ Հայաստանի Հանրապետությունում համատարած բաժանվում է ընտրակաշառք, և դրա արդյունքում նրանք չեն տեսնում գոնե մի դեպք, որը բացահայտվել է և որի իրականացնողներն ու կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվել, այդ պրոցեսում ըստ էության կորսվում է այն պոտենցիալ հարգանքը, որ կարող է լինել քննչական մարմինների, իրավապահ մարմինների և ընդհանրապես պետության նկատմամբ»:

Հատուկ քննչական ծառայության աշխատանքի արդյունքում, ըստ Փաշինյանի, Հայաստնում որևէ կոռուպցիոներ չպետք է հանգսիտ քուն ունենա․ - «Սա ամենակարևորն է: Եվ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած օրինապահ քաղաքացի պետք է գիշերը հանգիստ քնի, իրեն զգա ազատ և երջանիկ, որովհետև պետք է իմանա, որ Հայաստանում կա Կառավարություն, Հայաստանում կա դատական իշխանություն, իրավապահ համակարգ, որը ապահովում է իր անվտանգությունը, իր ազատությունը և իր իրավունքները»:

Փաշինյանը լրագրողների ներկայությամբ ՀՔԾ քննիչներին վստահեցրեց, որ նոր իշխանությունը հայտարարում է այն, ինչ իրականում նկատի ունի, հետևաբար երբ նշում են, որ պետք է արմատախիլ անել կոռուպցիան, ուրեմն հենց այդպես էլ պետք է վարվել․ - «Եվ նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիա կարող է գոյություն ունենալ»:

Բարձաստիճան պաշտոնյաների թույլ տված հանցանքները քննելու համար ստեղծված կառույցի քննիչներին վարչապետը ազատեց նաև իրենց աշխատասենյակներում վարչապետի լուսանկարը կախելու ավանդույթից․ - «Կարծում եմ, որ Հատուկ քննչական ծառայության քննիչների աշխատասենյակներում Հայաստանի Հանրապետության որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի: Որովհետև Հատուկ քննչական ծառայությունը զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է նաև առնչություն ունենալ այդ պաշտոնյաների հետ: Հատուկ քննչական ծառայության քննիչների սենյակում պետք է լինի Հայաստանի Հանրապետության զինանշանը և դրոշը»:

2013 թվականից ՀՔԾ-ն ղեկավարած Վահրամ Շահինյան փոխարինելու է Սասուն Խաչատրյանը, ով նախկինում ղեկավարել է փաստաբանական գրասենյակ, աշխատել է որպես դատախազ։ Նա վստահություն հայտնեց, որ դահլիճում հավաքված քննիչները կարող են կատարել իրենց առջև դրված գործառույթները։

Իր հերթին հեռացող Վահրամ Շահինյանն ուշագրավ հայտարություն արեց, թե իր ղեկավարած ծառայությունը աշխատել է ժամանակի պահանջներին համապատասխան․ - «Ժամանակի պահանջներին համահունչ իրականացրել է իր գործառույթը ոչ միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների քննության ոլորտում, այլև Ձեր ասած հենց կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում»:

Հատուկ քննչական ծառայությունից վարչապետ Փաշինյանը ուղևորվեց ԱԱԾ Պետական պահպանության ծառայություն, որտեղ ներկայացրեց նորանշանակ պետ Գրիգորի Հայրապետովին, ով կփոխարինի Հրաչյա Հարությունյանին։

Նույն ծառայության պետի տեղակալ աշախտած Հայրապետովը 1991 թվակնից մինչև օրս աշխատել է նույն համակարգում՝ պատասխանատվություն կրելով Հայաստանի բոլոր նախորդ նախագահների անվտանգության համար։

XS
SM
MD
LG