Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյան․ Պուտինի հետ հանդիպումը «շատ արդյունավետ էր»


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «շատ արդյունավետ» է գնահատում Ռուսաստանի նախագահի հետ երեկ Սոչիում կայացած հանդիպումը:

Հայաստանի կառավարության ղեկավարն այս մասին ասաց՝ այսօր «Ազատության» հետ զրույցում:

Միևնույն ժամանակ, Փաշինյանը ընդգծեց, որ Սոչիի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացել է Հայաստանին «հուզող բոլոր հարցերը»՝ ներառյալ Ադրբեջանին սպառազինության մատակարարման հարցը․ - «Ամենալայն շրջանակ է քննարկվել հարցերի, և շատ արդյունավետ հանդիպում էր»:

Հարցին, թե արդյոք քննարկվել է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու հարցը, վարչապետը պատասխանեց․ - «Ընդհանուր քննարկում է տեղի ունեցել, շատ չենք կոնկրետացել»։

Անդրադառնալով Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին՝ Փաշինյանն ասաց․ - «Հետաքրքիր էր: Հետաքրքիր ֆորմատ է»:

Հարցին, թե արդյոք Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպմանը արծարծվել են զենքի, Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ կապված հարցեն, վարչապետը պատասխանեց․ - «Այո, բոլոր հնարավոր հարցերը մեզ հուզող բարձրացվել են բոլոր հանդիպումներում»:

Սոչիում երեկ կայացած Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից առաջ հանդիպեցին Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր՝ Հայաստանում որևէ մեկը երբեք կասկածի տակ չի դրել և չի էլ դնի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ռազմավարական կարևորությունը՝ հավելելով, որ իր գլխավորած կառավարությունը մտադիր է նոր խթան հաղորդել, զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում:

Իր հերթին ևս մեկ անգամ շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակացությամբ՝ Վլադիմիր Պուտինը ընդգծել էր, որ Մոսկվայում Հայաստանը համարում են Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն ու գործընկերը տարածաշրջանում և դա վերաբերում է թե՛ տնտեսական զարգացմանը, թե՛ անվտանգության խնդիրներին:

Հատկանշական է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն այսօր կա՛մ հրաժարվում էին արձագանքել Սոչիում կայացած Փաշինյան - Պուտին հանդիպմանը, կամ պարզապես չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Փաշինյանի կառավարությանը խորհրդարանում հենարան հանդիսացող «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչները «հաջողված», «կարևոր» գնահատեցին Ռուսաստանի նախագահի և ԵԱՏՄ այլ առաջնոդների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները:

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Փաշինյան - Պուտինի հանդիպման ժամանակ կարևորն այն էր, որ Հայաստանի վարչապետը հավաստիացրեց՝ Երևանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին, իսկ Ռուսաստանի նախագահն ընդգծեց՝ շարունակում է Հայաստանը համարել ռազմավարական գործընկեր․ - «Այսինքն, եթե մենք դիվանագիտական լեզվից դուրս գանք, հայկական կողմը ներկայացրեց այն, ինչ որ պետք է ներկայացներ․․․ Ես կարծում եմ, ինչ-որ մեծ օրակարգային հարցեր, ինչպես տեսնում ենք, չկար: Կարևոր օրակարգը հետևյալն էր՝ կողմերը իրենց համար ֆիքսեցին և փարատեցին իրենց մտահոգությունները: Ռուսական կողմը փարատեց իր մտահոգությունը, որ Հայաստանում իշխանության չեն եկել․․․ մայդանը, գունավոր հեղափոխություն չի, չգիտեմ ինչ, իսկ հայկական կողմը իր համար ֆիքսեց, որ Ռուսաստանը այլևս չունի մտահոգություններ Հայաստանում ձևավորված նոր իշխանությունների վերաբերյալ, և շարունակելու է աշխատել»:

Միևնույն ժամանակ, Մարուքյանի խոսքով, պետք է հերթականությամբ լուծվեն հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները․ - «Հավաստիացնում եմ, որ բազմաթիվ պրոբլեմներ ենք ունեցել, և բազմաթիվ հարցեր, որոնք անընդհատ օրակարգում եղել են, բայց չեն լուծվել: Այսինքն, ուղղակի մենք կենացներով սահմանափակվել ենք հայ-ռուսական հարաբերություններում: Նոր իշխանությունը, նաև Փաշինյանն է դա նշել, որ փոփոխություն լինելու է հայ-ռուսական հարաբերություններում: Եվ նա նշել է, որ դեպի լավը նկատի ունի: Ի՞նչ է նշանակում դեպի լավը: Բազմաթիվ պրոբլեմներ ունենք, և այդ պրոբլեմները պետք է հերթականությամբ լուծվեն»:

Ազգային ժողովի ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանի կարծիքով, Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները դրական են․ - «Այստեղ կարևոր էր ոչ միայն այն, որ այդ հանդիպումն առաջինն էր և ճանաչողական բնույթ էր կրում, այլ նաև այն էր, որ սա մեր երկրում կատարված փոփոխություններից հետո հանդիպում էր, և կարող են այս փոփոխությունները իրենց արժանի տեղը գտնել համաշխարհային քաղաքագիտական տարբեր աղբյուրներում, թե ինչպես պետք է իրականացնել անցնցում հեղափոխություն և իշխանության փոխանցում: Կարծում եմ, որ սա 30 տարվա ընդմիջումից հետո անհրաժեշտություն էր, և Սոչիի հանդիպումը դրական մեսիջներ կարող է լինել և հավուր պատշաճի է ընկալվել: Դուք արդեն տեսաք, որ տարբեր երկրների ղեկավարներ բավականին նորմալ [ընկալեցին], որովհետև դա այնպիսի երկրներ են, որ կարող էին չթաքցնել իրենց վերաբերմունքը»:

XS
SM
MD
LG