Մատչելիության հղումներ

Die Presse. Զարմանալի է, որ Փաշինյանին շնորհավորած առաջին օտարերկրյա նախագահը Պուտինն է


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, Սոչի, 14-ը մայիսի, 2018թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, Սոչի, 14-ը մայիսի, 2018թ․

«Ինչո՞ւ Պուտինը հանգիստ մոտեցավ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ընդվզումներին»․ - այս վերնագրի ներքո գերմանական Die Presse հեղինակավոր պարբերականի թղթակից Յութ Զոմերբաուերը փորձում է հասկանալ հայաստանյան բողոքի ցույցերի նկատմամբ Կրեմլի անսովոր լռության ու զսպվածության պատճառը:

«Հայաստանյան բողոքի ակցիաների թիրախում ներքին քաղաքականությունն էր՝ Մոսկվայի հետ հարաբերությունները քննարկման թեմա չէին», - գրում է հեղինակը և հավելում․ - «Կրեմլը դասեր է քաղել ուկրաինական ֆիասկոյից»:

«Կրեմլը չի սիրում ժողովրդական ընդվզումներ իր քթի տակ: Միևնույն ժամանակ, զարմանալի է այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանին շնորհավորած առաջին օտարերկրյա նախագահը Պուտինն է», - ընդգծում է հոդվածագիրը՝ կարծիք հայտնելով, թե պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասած շարժումը երբեք կասկածի տակ չի դրել Հայաստանի և Ռուսաստանի հատուկ հարաբերությունները: Հայաստանում հնարավորինս խուսափել են համեմատվել, օրինակ, հարևան Վրաստանի «վարդերի հեղափոխության» կամ Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխության» հետ: Այստեղ ընդգծում էին հեղափոխության հայկական բնույթը, չկար նաև ընտրություն արևմտամետ կամ ռուսամետ լինելու միջև:

«Անցյալում, սակայն, 42-ամյա Փաշինյանը այլ հայտարարություններ էր անում՝ քննադատում էր գործող իշխանություններին Մոսկվային հնազանդվելու համար, ինչը աջակցություն էր վայելում մասնավորապես Փաշինյանի երիտասարդ աջակիցների շրջանում», - գրում է Յութ Զոմերբաուերը:

Գերմանական պարբերականը հիշեցնում է նաև, որ «Հայաստանը Մոսկվայի ճնշմամբ ոչ միայն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցեց, այլ նաև դարձավ Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»:

Լրագրողի կարծիքով՝ Կրեմլը Հայաստանի դեպքում դասեր է քաղել նախորդ սխալներից․ -
«Ուկրաինայի գործերին միջամտելը՝ Ղրիմը բռնակցելը, Դոնբասում իրավիճակի սրացումը ցանկալի արդյունքներ չեն բերել»:

«Կրեմլը հասկացել է, որ եթե միջամտի, ապա բնակչությանն իր դեմ կտրամադրի», - հայաստանցի քաղաքագետ Արթուր Աթանեսյանի խոսքերն է մեջբերում Die Presse-ը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ ասել է․ - «Երևանը պետք է ավելի ինքնավստահ սեփական քաղաքականությունը վարի Մոսկվայի հետ՝ դա վերաբերում է մասնավորապես տնտեսական միությանը»:

«Արդյոք կստացվի՞», - տարակուսում է հոդվածագիրը՝ շարունակելով․ - «Մոսկվայից արդեն տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Հայաստանից բանջարեղենի ներկրումը կարող է դադարեցվել սանիտարական պահանջների խախտման հետ կապված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG