Մատչելիության հղումներ

«Ելք»-ը կասկածի տակ է դնում խորհրդարանում ԲԴԽ-ի անդամների ընտրության արդյունքները


Ընդդիմադիր խմբակցությունը հայտարարում է, թե քվեաթերթիկների փոփոխություն է եղել․ իրենց դեմ ձայները փոխարինվել են կողմով։

Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պահանջում է քրեական գործ հարուցել․ - «Ես ընթացակարգերի մասով վստահ չեմ, բայց․․․ թող քրեական գործ հարուցվի, և «Ելք» խմբակցության պատգամավորները վկայի կարգավիճակով․․․ սուտ ցուցմունք տալը առաջացնում ա քրեական պատասխանատվություն․․․ ցուցմունք կտան, որ իրանք դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին»:

ԲԴԽ-ի անդամների ընտրությանը Ազգային ժողովի 105 պատգամավորներից մասնակցել էր 98-ը։ Կոալիցիայի առաջադրած բոլոր 5 թեկնածուները հավաքել էին խորհրդի կազմում ընտրվելու համար անհրաժեշտ ձայները։

Հրապարակված արդյունքների համաձայն, ԲԴԽ-ի անդամների թեկնածուներից ամենաշատ կողմ ձայները հավաքել էր Սահմանադրական դատարանի գործող նախագահ Գագիկ Հարությունյանը․ նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ընդամենը 2-ը։ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի օգտին քվեարկել էր 90, դեմ՝ 7 պատգամավոր:

Այնինչ առավոտյան քվեարկության եկած Փաշինյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր՝ «Ելք» խմբակցությունը որոշում ունի դեմ քվեարկել Գագիկ Հարությունյանի և Գեւորգ Դանիելյանի թեկնածությանը: Մյուս 3-ի համար ազատ քվեարկություն էին սահմանել։

Արդյունքների հրապարակումից հետո Փաշինյանը պնդեց, թե ընտրությանը մասնակցած «Ելք»-ի բոլոր 7 անդամները քվեարկել են որոշման համաձայն․ - «Սա ես համարում եմ մանր ժուլիկություն՝ ներքաղաքական հեռուն գնացող նպատակներ ունեցող, մեծամասնության ներկայացուցիչների կողմից ուղղված ընդդեմ «Ելք» դաշինքի»:

Հաշվիչ հանձնախումբի նախագահ Գագիկ Մելիքյանը (ՀՀԿ) հակադարձեց Փաշինյանին․ - «Հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն ստորագրել են արձանագրությունը, հաշվել բոլոր քվեաթերթիկները՝ մեկ առ մեկ, այնպես որ այդ անհիմն հայտարարությունների կարիքը բացարձակապես չեմ տեսնում»:

Հաշվիչ հանձնախմբում «Ելք»-ը մեկ ներկայացուցիչ ունի՝ Լենա Նազարյանը․ - «Ես մասնակցել եմ հաշվարկին, սակայն ես չեմ կարող վստահ լինեն, որ դեմ քվեաթերթիկները չեն փոխարինվել կողմ քվեաթերթիկներով: Որովհետև հաշվարկի ժամանակ հանձնաժողովի բոլոր անդամները հաշվում էին քվեաթերթիկները և շատ հնարավոր է, որ նրանցից մեկը հենց այդպես էլ արել է»:

Արարատ Միրզոյանը («Ելք») շարունակեց․ - «Լենա Նազարյանը ստորագրել է՝ ելնելով առկա քվեաթերթիկներից․․․ Լենա Նազարյանի համար հաշվարկման պրոցեսում տեսանելի չի եղել ողջ գործընթացը․․․ Մենք պնդում ենք, որ էնտեղ փոփոխություն է եղել քվեաթերթիկների»:

«Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ անվերապահորեն վստահում են հաշվիչ հանձնախմբում ընդգրծված իրենց անդամներին, ուստի առաջարկեց վերահաշվարկ անցկացնել․ - «Վստահ ենք, որ մեր անդամների ներկայությամբ որևէ մանիուլյացիա չէր կարող լինել: Առաջարկում ենք վերահաշվարկել, որպեսզի էստեղ տարատեսակ կարծիքներ չհնչեն»:

Հանրապետականը դեմ չէր վերահաշվարկին․ - «Ո՚չ Գագիկ Հարությունյանի համար, ո՛չ մեզ համար էական չի՝ դա կլինի 96 ձայն, կլինի 86 ձայն, կլինի 80 ձայն: Դա էական չէ: Եվ խնդրում եմ ավելորդ արտահայտություններով նման խլրտումներ չմտցնել մեր բնականոն աշխատանքի մեջ: Եթե ցանկանում եք, կարող եք այդ վերահաշվարկը կատարել»:

Վերահաշվարկի գաղափարը «Ելք»-ում չողջունվեց: Արդյունքում, Նիկոլ Փաշինյանի խոսքով, «հայտարարված պատկերն է արձանագրվելու»։ Քվեաթերթիկները լցրել են սեղանին, բոլորը միաժամանակ հաշվել են: Կեղծիքը, ըստ Փաշինյանի, հենց այդ ժամանակ կարող էր տեղի ունենալ։

Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանն ասում է՝ այդ դեպքում «Ելք»-ի ներկայացուցիչն ինչո՞ւ ստորագրեց արձանագրությունը․ - «Մանր ժուլիկության տակ ինչո՞ւ են ստորագրել իրենք: Մանր էր եթե ժուլիկությունը, կարելի էր բռնել, չէ՞: Մի հոգի, կես հոգի էլ բավական ա ընդեղ, որ 98 թուղթ կարողանան հաշվել․․․»

Նիկոլ Փաշինյան․ - «Հո սքան չի՞ արվել, թե ով ոնց ա քվեարկել: Հետո էկել ա, խմբակցությանը տեղյակ ա պահել, որ սենց իրավիճակ ա, և խմբակցությունը իր դիրքորոշումը արտահայտել է»:

«Ազատության» հարցին, թե արդյոք չի կարծում, որ «Ելք»-ի ներկայացուցիչը չպետք է ստորագրեր արձանագրությունը, Փաշինյանը պատասխանեց․ - «Լենա Նազարյանը ստորագրել ա, որ էս պահին ստեղ էսքան քվեաթերթիկ կա, էսքան կողմ ա, էսքան դեմ ա»:

Փաշինյանի համար տեղի ունեցածի նպատակը պարզ էր․ - «Էս լարված իրավիճակում, երբ որ մենք քննարկում ենք, «Ելք» դաշինքում պրոբլեմ առաջացնելու, որ մեկը մյուսի վրա կասկած առաջացնի․․․ Բայց ես կարող եմ վստահաբար պնդել, որ խմբակցության բոլոր անդամները քվեարկել են որոշման համապատասխան»:

Բարձրագույն դատական խորհուրդը նոր մարմին է, որը,Ս ահմանադրության համաձայն, պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը:

Խորհրդարանի կողմից ընտրված 5 անդամները այսօր երդվեցին․ - «Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ՝ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»:

Նիկոլ Փաշինյանն այսօր էլ պնդեց, թե Բարձրագույն դատական խորհրդի անդամների գործունեությունը ճշմարտության հետ կապ չի ունենալու․ - «Ասենք, դատավճիռ կա կամ ինչ-որ պրոցես կա, կարդում ես՝ Քրեական օրենսգրքին համապատասխանում ա, Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխանում ա, ընթացակարգին համապատասխանում ա․․․ ճշմարտության չի համապատասխանում: Էս ա պրոբլեմը»:

Բարձրագույն դատական խորհրդի անդամների բոլոր 5 թեկնածուներին իշխող կոալիցիան էր ներկայացրել։

«Ծառուկյան» դաշինքը 5-ին էլ կողմ քվեարկելու որոշում էր ընդունել: Խմբակցության անդամ Վարդան Բոստանջյան․ - «Նիկոլ Փաշինյանը կամ «Ելք»-ը, եթե իրանք կարողանային բերեին, մենք նրանց ձայն կտայինք: Մենք պետք է բավարարվենք լավագույնով, որ էդ պահին տեսանելի է մեզ համար»:

XS
SM
MD
LG