Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները «տհաճ» հարցեր ուղղեցին ԲԴԽ-ի անդամության թեկնածուներին


«Հայաստանում կան կամ երբևէ եղե՞լ են քաղաքական բանտարկյալներ»․ընդդիմադիր «Ելք»-ից Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն այս հարց հետևողականորեն տալիս էին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների բոլոր 5 թեկնածուներին։

«Ես պատշաճ չէի համարի ո՛չ հերքել, ո՛չ հաստատել: Հետևյալ դրդապատճառով․ որևէ նման գործի նյութերի ծանոթ չեմ եղել, մեզ մոտ քննարկվող որևէ դիմումով նման տիպի հարց չի շոշափվել: Եվ բնականաբար, ես կդժվարանամ ապրիորի հայտարարություններ անել», - ասաց ԲԴԽ-ի անդամի թեկնածու, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Ընդդիմադիրները արձանագրեցին, որ տարբեր պատճառաբանություններով թեկնածուները խուսափեցին տալ կոնկրետ պատասխան՝ հերքող կամ հաստատող:

Թեկնածուներից Լիպարիտ Մելիքջանյանին տված հարցում Արարատ Միրզոյանը նաև անուններ հնչեցրեց․ - «Անդրիաս Ղուկասյանը, Գևորգ Սաֆարյանը, Հայկ Կյուրեղյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Շանթ Հարությունյանն ու ընկերները քաղաքական բանտարկյալնե՞ր են»:

Մելիքջանյանն արձագանքեց․ -«Ողջ աշխարհում իշխանությունը ապօրինի բռնազավթելու համար դատապարտված անձինք միշտ էլ դատապարտվել են, բոլոր երկրների օրենսդրությամբ նախատեսված է այդ հանցագործությունը: Պատկերացրեք, եթե Հայաստանի Հանրապետությանում նման հանցակազմ նախատեսված չլինի, յուրաքանչյուր անձ նման կոչերով հանդես կգա»:

«Պարոն Մելիքջանյան, ես չգիտեմ միտումնավոր թե պատահաբար, բայց Դուք հաստատեցիք էն վարկածը, որ էդ մարդիկ քաղբանտարկյալներ են: Ինչո՞ւ: Որովհետև Դուք ասեցիք, որ բոլոր երկրներում էլ մարդիկ, որոնք իշխանությունը բռնազավթելու կոչով են հանդես գալիս, դատապարտվում են, օրենսդրությամբ նախատեսված է: Բայց էս մարդկանց մեծ մասը, ում ես թվարկեցի, բոլորովին էդ կոչերով չեն դատապարտված: Այսինքն, Դուք էդ մարդկանց մասին մտածում եք, որ նրանք դրա համար են նստած: Իրականում Հայկ Կյուրեղյանը դատապարտված ա խաղալիք ատրճանակով ոստիկանների վրա ջուր կրակելու համար, Գևորգ Սաֆարյանը՝ տոնածառ տեղադրելու փորձի համար և այլն, ևայլն», - ասաց Միրզոյանը:

Նիկոլ Փաշինյանը Գագիկ Հարությունյանին հիշեցրեց նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ 2014 թվականին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ երբեք չի առաջադրվի Հայաստանի նախագահի պաշտոնի համար, և եթե վերջնական քննարկումների արդյունքում պառլամենտական կառավարման մոդելն ընտրվի, ապա չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին․ - «Լո՞ւրջ էր ասում սա, թե՞, ասենք, էնտեղ ինչ-որ վերջում հումորային էլեմենտներ կար, կամ ձեռը սեղանի տակից թխի գա․․․ սենց դրվագներ էղե՞լ ա: Որովհետև հնարավոր է մոնտաժված ա: Լրիվ լուրջ եմ հարցնում»:

Ի պատասխան Հարությունյանն ասաց․ - «Եղե՞լ է մի դեպք, որ Հանրապետության նախագահը իր խոսքը ասի կատակով կամ անլրջությամբ: Եվ այդ խոսքը հնչեցնելիս Ձեր բերած այդ «սեղանի տակ», «սեղանի վրա» և այլն, նման որևէ բան չի եղել»:

Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության վերջին փոփոխություններով, նոր մարմին է, որը պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը: Խորհուրդի 10 անդամներից 5-ին ընտրելու է Ազգային ժողովը, մյուս 5-ին՝ դատավորների ընդհանուր ժողովը բոլոր ատյանների դատարաններից:

Բարձրագույն դատական խորհուրդն է Հանրապետության նախագահին առաջարկելու նշանակել դատավորների, դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին: Լուծելու է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու հարցերը, նաև՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցը:

Չնայած Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու կարող էին առաջադրել բոլոր խմբակցությունները, միայն իշխող կոալիցիան օգտվեց այդ իրավունքից: Գագիկ Հարությունյանից բացի, Հանրապետականն ու Դաշնակցությունը այդ խորհրդում տեսնում են նաև Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանին, փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ Սերգեյ Մեղրյանին և Լիպարիտ Մելիքջանյանին։

Գագիկ Հարությունյանը և Գևորգ Դանիելյանը, հիշեցնենք, սահմանադրության վերջին փոփոխությունների հեղինակներից են։

«Ելք» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իր հարցերով ուզում էր ճշտել թեկնածուների հարաբերությունները ճշմարտության հետ․ - «Գագիկ Հարությունյանից իմացանք, որ Հայաստանի Հանրապետությունում նախագահական ընտրությունների երբեք չեն կեղծվել․․․ Մարդը եղել է փոխնախագահ, վարչապետ, Սահմանադրական դատարանի նախագահ․․․ չգիտի Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ եղե՞լ ա, թե՞ ոչ: Եվ սա նրա հարաբերությունն ա ճշմարտությանը: Ինչպես չգիտեն նաև բազմաթիվ մարդիկ․․․ Ո՛չ կարող են հերքել, ո՛չ կարող են հաստատել: Ամենահարմար պազիցիան ա, որ ոչ մի տեղի չկպնի»:

Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև թեկնածուներից Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանին․ - «Գևորգ Դանիելյանը եղել է այն Արդարադատության նախարարը, որի նախարարության պայմաններում Հայաստանի Հանրապետության բանտերը լիքն են եղել քաղբանտարկյալներով: Եվ քաղբանտարկյալների նկատմամբ․․․ ոչ միայն բռնել են, այլև հասցեական հետապնդումների են ենթարկել՝ էդ մարդկանց կոտրելու, կտտանքների ենթարկելու՝ եթե ոչ ֆիզիկապես, առնվազն բարոյապես: Բայց ի՞նչ կապ ունի էդ ամեն ինչը: Բա մի հատ գիտական հոդվածները կարդացեք․․․ ոսկի ուլունքները շարած ա»:

Հանրապետականը իր թեկնածուներին հարցեր չուներ, բայց ելույթներ եղան:

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց․ - «Հիմա կարող եք կասկածի տակ դնել․ այ երբ որ մեկը Արդարադատության նախարար էր, մյուսը Սահմանադրական դատարանի նախագահ էր, այս սենց որոշում կայացրեց, որից իրանք գոհ չեն, բայց որևէ մեկը չի կարող կասկածի դնել իրանց էն հատկանիշները, որոնք որ պետք են Դատական բարձրագույն խորհրդում նրանց պաշտոնավարման համար: Դանիելյան Գևորգը միակ Արդարադատության նախարարն ա էղել, որի օրոք դատավորը կարգապահական պատասխանատվության ա ենթարկվել Եվրոպական դատարանի որոշման հիման վրա մարդու իրավունքը խախտելու համար»:

Իշխանական պատգամավորներն ասացին, որ վստահում են թեկնածուներին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը գովեց Գագիկ Հարությունյանին․ - «Փաստորեն հայ իրականության մեջ եզակի մարդ է: Մենակ Անաստաս Իվանիչ Միկոյանն ա էդքան երկար իշխանության մեջ էղել, մեկ էլ Գագիկ Հարությունյանը: Հենց այնպես չես լինում իշխանության մեջ»:

Իշխանական կոալիցիայի թեկնածուներից մեկը՝ Լիպարիտ Մելիքջանյանը խորհրդարանական անցած ընտրություններում ընդգրկված է եղել «Ելք» դաշինքի համապետական ցուցակում, նա նաև Տավուշի մարզից «Ելք»-ի տարածքային թեկնածուն է եղել:

Մամուլը տարածել էր նրա նախընտրական ուղերձը, որտեղ Մելիքջանյանը մասնավորապես նշել էր․ - «Չընդունելով իշխանությունների վարած հակաազգային քաղաքականությունը, անհնարարին եմ համարել օգտվել գործող իշխանության առաջարկած որևէ պաշտոն ստանձնելու գայթակղությունը»:

Այսօր, մինչդեռ, թեկնածուն իր խորին շնորհակալությունը հայտնեց առաջադրողներին՝ այսինքն իշխանությանը՝ հավելելով․ - «Կարող է և քաղաքական հայացքներով համակրում եմ «Ելք» դաշինքի գործունեությանը, բայց, այնուամենայնիվ, գտնում եմ, իմ համար քաղաքական էջը այլևս փակ է»:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 63 պատգամավորի ձայն: Հանրապետականն ու Դաշնակցությունը խորհրդարանում 65-ն ունեն։ Բարձրագույն դատական խորհուրդի անդամների ընտրությունները տեղի կունենան վաղն առավոտյան՝ փակ գաղտնի քվեարկությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG