Մատչելիության հղումներ

Մի խումբ փաստաբաններ թերահավատ են, թե ԲԴԽ-ն կբարեփոխի արդարադատության ոլորտը


Արդարադատության համակարգից պարբերաբար դժգոհող մի շարք փաստաբանների պնդմամբ` կազմավորվող Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) ոլորտը չի բարեփոխի։

Ներկայիս Արդարադատության խորհրդին փոխարինող կառույցը, ըստ Սահմանադրության, ստեղծվում է դատարանների ու դատավորների անկախությունը ապահովելու համար։

«Սասնա ծռերի» ու աղմկահարույց այլ գործերից հայտնի փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Հարություն Բաղդասարյանը կարծում են, որ խոսքն ընդամենը կառույցի անվանափոխության մեջ է։

«Անվանումները կարային դնեին «Արդարադատություն» ՍՊԸ, ավելի լավ աշխատեր, կամ այլ անուն դնեին, ավելի վատ աշխատեր: Ուզում եմ ասել՝ անվան հետ որևիցե կապ չունի: Եթե իրականացնելու է ըստ էության նույն ֆունկցիան, ինչ որ Արդարադատության խորհուրդն էր իրականացնում, ես ոչ մի լավատեսական բան չեմ տեսնում», - ասաց Լիպարիտ Սիմոնյանը:

«Էս ամենը բերելու է նորից դատական իշխանության նկատմամբ հարգանքի շեմի ավելի իջեցման: Ցավով եմ ասում, բայց վաղվա մեր դատավորները ավելի վատն են լինելու, քան էսօրվա դատավորները», - հավելեց Հարություն Բաղդասարյանը:

Փաստաբանները չեն հավատում, որ բարձրագույն դատական նոր մարմնի ձևավորումից հետո դատավորները, ինչպես իրենք են ասում, իշխանության պատվերով վճիռներ չեն կայացնի․ - «Քանի որ էսօր քաղաքական իշխանության կուրսը էնպիսին է, որ պետք է երկրում ապահովվի մեծամասնությունը էս կուսակցության, որը տարիներ շարունակ էս ժողովրդին կեղեքել է, ամեն ինչ պետք է անի քաղաքական իշխանության վերնախավը, որպեսզի պահպանի» (Լիպարիտ Սիմոնյան):

Նրա գործընկերը շարունակեց․ - «Բացի այդ, այդ մարմինը չէ, որ պետք է երաշխավորի դատավորի անկախությունը: Առաջին հերթին դատավորը ինքը պետք է անկախ լինի և չենթարկվի գործադիր մարմինների կամ այլ անձանց միջամտություններին կամ ազդեցություններին»։

Բարձրագույն դատական խորհուրդն է Հանրապետության նախագահին առաջարկելու նշանակել դատավորների, դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին: Լուծելու է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու հարցերը, նաև՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցը:

Խորհուրդի 10 անդամներից 5-ին ընտրելու է դատավորների ընդհանուր ժողովը բոլոր ատյանների դատարաններից, մյուս 5 այսօր արդեն ընտրվեցին խորհրդարանի կողմից, որոնց թվում է նաև Սահմանադրական դատարանի դեռևս գործող նախագահ Գագիկ Հարությունյանը։

«Մի տեղ, որտեղ որ էղավ Գագիկ Հարությունյանը, անպայման այդ ամբողջ կառույցը պետք է անդամալուծվի, և այդտեղից միայն դատավորներ կարող են դուրս գալ էնպիսի մարդիկ, ովքեր որ հլու-հնազանդ պետք է լինեն քաղաքական իշխանությանը», - նշեց Սիմոնյանը:

«Օրենսդրական ու կառուցվածքային փոփոխությունները արդարադատության համակարգի բարելավման երաշխիք չեն», - ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը՝ հավելելով, արդար դատական համակարգի կայացմանը այլ գործոններ են խոչընդոտում․ - «Հայաստանում, ես կարծում եմ, հիմնվելով իմ փորձի վրա, մեր խնդիրները ոչ թե ավելի շատ օրենսդրական տիրույթում էլ, այսինքն՝ մենք ցանկանում ենք լավ գործ անել, օրենքը թույլ չի տալիս, այլ ավելի շատ սուբյեկտիվ տիրույթում են: Կան որոշակի շահեր, և այդ շահերը թույլ չեն տալիս, որպեսզմի մենք լավ գործ անենք: Եվ պետք է պայքարել այդ շահերի դեմ»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամները ընտրվում են խորհրդարանի կողմից՝ փաստաբան Գյոզալյանը կարծում է, որ նորաստեղծ մարմինն ավելի շատ կլինի քաղաքական ազդեցության ներքո․ - «Փաստորեն մենք հնարավորություն տվինք քաղաքական կոմպոնենտին մտնի դատական իշխանություն: Մենք գիտենք իշխանությունների տարանջատման սկզբունքը և փոխզսպման սկզբունքը․․․ Հիմա որպես իրավաբան ես կարծում եմ, որ այստեղ որոշակի խնդիր կա քաղաքական իշխանության հետ կապված: Որովհետև պարզ է, որ այստեղ քաղաքական ուժերը մեծ դերակատարում կարող են ունենալ»:

Դատավորների ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի իր 5 անդամներին կընտրի վաղը, մեկական ներկայացուցիչ կլինի վճռաբեկ և վերաքննիչ դատարաններից, երեքը՝ առաջին ատյանից։ Թեկնածուներն այս պահին 19-ն են։

Բարձրագույն դատական խորհուրդը կսկսի գործոլ ապրիլի 9-ից։

XS
SM
MD
LG