Փետրվարի 7-11-ը տարածաշրջան կատարած այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ՝ ընդգծելով 2017 թվականի հոկտեմբերին Ժնևում, ինչպես նաև ավելի վաղ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ժամանակ ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարման կարևորությունը:
Միջնորդները խորը մտահոգություն են հայտնում, որ շփման գծում օրերս զոհ է եղել, և կոչ են անում կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ՝ համաձայն Ժնևում ձեռք բերված պայմանավորվածության, հարգել զինադադարն ու ձեռնպահ մնալ հրահրող հայտարարություններից և սադրիչ գործողություններից:
Համանախագահները վերահաստատում են իրենց դիրքորոշումը՝ օգնել կողմերին հակամարտությանը խաղաղ կարգավորում տալու գործում՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշման իրավունք:
Մինսկի խմբի միջնորդները նաև ողջունել են կողմերի մտադրությունը՝ շարունակել ինտենսիվ բանակցությունները՝ «հաշվի առնելով ներկա ընտրական ժամանակաշրջանը»: