ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս տարվա առաջին բանակցություններն են անցկացնելու տարածաշրջանում: Նախատեսված են հանդիպումներ Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում:
Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք են ժամանում ռուսաստանցի Իգոր Պոպովն ու ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտին:
Ուշագրավ է, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը դեռ անցած շաբաթ օրը՝ փետրվարի 3-ին է մեկնել Ադրբեջան, որտեղ Աբշերոնի շրջանի Մասազըր գյուղում հանդիպել է հարկադիր տեղահանվածների հետ:
Այդ գյուղում նրանց համար կառուցել են թաղամաս, որտեղ ապրում են տեղահանվածների 760 ընտանիքներ:
Հանդիպման ընթացքում համանախագահին ուղեկցել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սիքյութան:
Ադրբեջանցի վերլուծաբանները նշում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի պատմության ընթացքում հազվադեպ է պատահում, երբ համանախագահներից մեկը նախքան գործընկերներին միանալն այցելում է տարածաշրջան առանձին օրակարգով:
Բաքվում համանախագահների հիմնական հանդիպումները նախատեսված են վաղը: Իսկ փետրվարի 8-9-ը նրանք արդեն Երևանում կհանդիպեն Հայաստանի ղեկավարների հետ և, բացի այդ, կմեկնեն Ստեփանակերտ, որտեղ կլսեն Լեռնային Ղարաբաղի իշխանության տեսակետը:
Մոտ երեք շաբաթ առաջ՝ հունվարի 18-ին, Կրակովում, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ 2018 թվականի առաջին հանդիպումը արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ:
Նախօրեին նրանք առանձին հանդիպումներ են անցկացրել համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
Օրակարգում, ի շարս այլ հարցերի, ռազմական գործողությունների վերսկսման վտանգի նվազեցումն էր և դիտորդական առաքելության ընդարձակումը:
Տասնամյակներ տևող բանակցությունների ամենաբարդ խնդիրներից մեկը կարգավորման մեխանիզմն է, որի վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռ չկա:
Ամփոփելով 2017 թվականի գործունեության արդյունքները՝ Հայաստանի արտգործնախարարը մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 29-ին, ասել է, որ միջնորդ երկրների համոզմամբ, հիմնախնդիրը պետք է լուծվի այն սկզբունքների և տարրերի հիման վրա, որոնք մշակվել և ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջություն, ինչն, ըստ էության, փաթեթ է:
Դրանից, ըստ նախարարի, անհնարին է անջատել մեկ առանձին սկզբունք, բայց փաթեթային լուծումը ենթադրում է նաև փուլային կիրառում: