Մատչելիության հղումներ

«Ադրբեջանն ի ցույց է դնում իր արհամարհանքը համանախագահ երկրների նկատմամբ»․ Նալբանդյան


Էդբվարդ Նալբանդյանի հանդիպումը ՄԽ համանախագահների հետ, Երևան, 8-ը փետրվարի, 2018 թ․
Էդբվարդ Նալբանդյանի հանդիպումը ՄԽ համանախագահների հետ, Երևան, 8-ը փետրվարի, 2018 թ․

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Ըստ ԱԳՆ-ի, համանախագահները տեղեկացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների մասին։

«Հայաստանի արտգործնախարարն ու համանախագահները քննարկեցին հունվարին Կրակովում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված սկզբունքային համաձայնության հետ կապված հարցեր»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ըստ դրա, Նալբանդյանը միջնորդների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «ի տարբերություն համանախագահների ու Հայաստանի, Բաքուն այդպես էլ մինչ օրս որևէ հայտարարություն չի արել այդ համաձայնության վերաբերյալ, և թե երբ է պատրաստ այն իրականացնել»։ «Տարօրինակ հիշողություն ունեն Բաքվում. խճճվելով իրենց իսկ հորինած կեղծիքների սարդոստայնում՝ մոռացության են տալիս մեկ ամիս և դրանից առաջ ձեռք բերված համաձայնությունները, որոնց մասին բազմիցս հայտարարել են համանախագահները, բայց միևնույն ժամանակ գլխիվայր մեկնաբանություններով վերհիշում են քսանհինգ տարվա վաղեմության այն փաստաթղթերը, որոնց եռանախագահները հայտնի պատճառներով նույնիսկ հղում չեն անում»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը։

«Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնելով երեկ շփման գծում ադրբեջական կողմից զինադադարի կոպտագույն խախտման հետևանքով հայ զինվորի սպանությունը, ընդգծեց, որ Բաքվին՝ իրեն բնորոշ սադրիչ գործողություններից հետ չի պահում նույնիսիկ եռանախագահների ներկայությունը տարաշրջանում. դրանով իսկ Ադրբեջանը ի ցույց է դնում իր արհամարհանքը համանախագահ երկրների նկատմամբ։

Անդրադառնալով Բաքվից հնչող մեկնաբանություններին՝ թե իբր Ադրբեջանը հետաքրքված է ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ կարգավորմամբ՝ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ խոսքերը հարկավոր է ամրապնդել գործերով, իրականացնել Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդունել որպես բանակցությունների հիմք՝ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համանախագահների առաջարկությունները և առաջ շարժվել դրա հիման վրա»,- նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է միջնորդների հանդիպումը նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երևանից համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ՝ հանդիպելու տեղի իշխանության ներկայացուցիչներին: Երեկ Բաքվում Շեֆերը, Պոպովը և Վիսկոնտին հանդիպում էին ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG