Մատչելիության հղումներ

Սվիտալսկի․ Հայաստան-ԵՄ համաձայնագրի մի մասը կարող է «նախապես կիրարկվել արդեն գարնանը»


Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Ազատության» հարցին ի պատասխան այսօր ասաց, որ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մի մասը կարող է կյանքի կոչվել արդեն գարնանը:

Դեսպանը ընդգծեց, որ խոսքը, այսպես ասած, նախնական կիրարկման մասին է․ - «Ինչպես գիտեք, Եվրամիությունը լավ է սկսել [վավերացման գործըթնացը]: Էստոնիան, որի նախագահությունը ավարտվեց Եվրամիությունում, առաջինն է վավերացրել [Համապարփակ և ընդլայնված գործընկերության] համաձայնագիրը: Կարծում եմ, սա շատ հստակ ազդանշան է բոլոր գործընկերներին: Վավերացման գործընթացը հիմնված է օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի վրա, որոնք տարբեր են Եվրամիության անդամ երկրներում: Երբեմն վավերացումը պարզ է, երբեմն՝ բարդ, մասնավորապես դաշնային պետություններում, ուր միջազգային յուրաքանչյուր պայմանագիր անցնում է բարդ ընթացակարգով: Սակայն մենք լավատես ենք»:

Սվիտալսկին ընդգծեց, որ համաձայնագիրը նաև թույլ է տալիս նրա շատ դրույթներ կյանքի կոչել մինչև փաստաթղթի վավերացումը Եվրամիության բոլոր երկրների կողմից․ - «Եվրամիության տեսանկյունից ամենակարևորը այն է, որ համաձայնագիրը կարող է նախապես կիրարկվել այս տարի, հուսամ՝ այս տարվա գարնանը: Սա պահանջում է, որ համաձայնագիրը վավերացնի Հայաստանը: Եթե դուք հայացք նետեք համաձայնագրին, կտեսնեք՝ առկա է ընթացակարգ, որը մեխանիկորեն սկսում է նախապես կիրարկումը: Համաձայնագրի շատ հատվածներ կարող են կյանքի կոչվել առանց փաստաթղթի ամբողջական վավերացման: Մենք ակնկալում ենք, որ համաձայնագրի նախնական կիրարկումը կսկսվի շուտով: Չենք կարող ենթադրել, թե համաձայնագրի նախնական կիրարկումը կոնկրետ ո՞ր օրը կսկսվի, սակայն հիմք ընդունելով հանրությանը հայտնի ազդանշանները՝ կարծում եմ, որ պետք է լավատես լինենք՝ համաձայնագրի նախնական կիրարկման մասով»:

Հայաստանի ու Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։

Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ այն վավերացնեն Հայաստանն ու Եվրամիության բոլոր 28 անդամ երկրները:

Հինգ օր առաջ հայտնի դարձավ, որ Էստոնիան վավերացրել է համաձայնագիրը՝ այդպիսով դառնալով Եվրամիության 28 անդամ պետություններից առաջինը, որն իր համաձայնությունն է տվել փաստաթղթին:

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն օրերս «Ազատությանը» տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանն, ամենայն հավանականությամբ, մինչև մարտի վերջը կվավերացնի Եվրամիության հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Անցած տարեվերջին Կառավարությունը հավանություն էր տվել փաստաթղթին: Առաջիկայում, երբ Սահմանադրական դատարանը ևս դրական եզրակացություն տա, այն որպես օրենքի նախագիծ կուղարկվի Ազգային ժողով:

XS
SM
MD
LG