Մատչելիության հղումներ

Էստոնիան առաջինը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը


Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ստորագրում են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, Բրյուսել, 24-ը նոյեմբերի, 2017 թ․
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ստորագրում են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, Բրյուսել, 24-ը նոյեմբերի, 2017 թ․

Էստոնիան վավերացրել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այդպիսով դառնալով Եվրամիության 28 անդամ պետություններից առաջինը, որն իր համաձայնությունն է տվել փաստաթղթին:

Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Հայաստանի արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ մանրամասնելով, որ Տալինից ստացվել է համապատասխան պաշտոնական գրություն, ըստ որի՝ Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:

Հիշեցնենք՝ փաստաթութղը ստորագրվեց անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։ Համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ այն վավերացնեն Հայաստանն ու Եվրամիության բոլոր 28 անդամ երկրները:

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն օրերս «Ազատությանը» տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանն, ամենայն հավանականությամբ, մինչև մարտի վերջը կվավերացնի Եվրամիության հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Անցած տարեվերջին կառավարությունը հավանություն էր տվել փաստաթղթին: Առաջիկայում, երբ Սահմանադրական դատարանը ևս դրական եզրակացություն տա, այն որպես օրենքի նախագիծ կուղարկվի Ազգային ժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG