Տարեվերջի նիստում Կառավարությունը հավանություն տվեց փաստաթղթին և առաջիկայում, երբ Սահմանադրական դատարանը ևս դրական եզրակացություն տա, այն որպես օրենքի նախագիծ կուղարկվի Ազգային ժողով՝ ըստ ամենայնի, Արմեն Աշոտյանի գլխավորած արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով:
«Արդեն սահմանված ընթացակարգով մենք վավերացման գործընթացը կշարունակենք: Կարծում եմ, որ մինչև մարտի վերջ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի այս համաձայնագիրը: Համաձայնագիրը պարունակում է նաև անցումային դրույթներ, որոնք թույլ են տալիս համաձայնագրի մի շարք կարևոր կետեր, հատկապես Եվրամիության ֆինանսական աջակցությանը վերաբերող կետերը կյանքի կոչել մինչև համաձայնագրի վերջնական վավերացումը Եվրոպական խորհրդարանի կողմից: Բայց դրա համար պահանջվում է, որպեսզի Հայաստանի Ազգային ժողովը այն վավերացնի: Կարծում եմ, այս ժամանակացույցը շատ իրատեսական է», - «Ազատությանն» ասել էր Աշոտյանը:
Ինչ վերաբերում է եվրոպական կողմին, ապա պաշտոնական Երևանն ակնկալում է, որ գոնե մինչև 2019 թվականի կեսը Բրյուսելը կազդարարի համաձայնագրի վերջնական վավերացումը․ - «Հայաստանի խորհրդարանի բոլոր պատվիրակությունները, բարեկամական խմբերը, որոնք աշխատում են կամ աշխատելու են ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարանների հետ, Հայաստան - ԵՄ համաձայնագրի շուտափույթ վավերացման հարցը պետք է դարձնեն առաջնահերթ իրենց օրակարգում: Ընթացակարգը բավականին բարդ է Եվրոպական միությունում: Որպեսզի համաձայնագիրը վավերացվի Եվրոպական խորհրդարանի կողմից, այն պետք է վավերացվի ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում, որից հետո նոր պետք է գա Բրյուսել՝ վերջնական վավերացման Եվրոպական խորհրդարանի կողմից: Սա նշանակում է, որ ամենալավատեսական ժամկետը դա 2019 թվականի մինչև հունիսի 1-ն է: Որովհետև 19 թվականի մայիս-հունիս ամիսներին Եվրոպական խորհրդարանի հերթական ընտրություններն են, և շատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով, եվրոպական մեր գործընկերների քաղաքական կամքի հստակ դրսևորումներով, պայմանագրի վավերացումը ավարտենք մինչև այս Եվրոպական խորհրդարանի կազմի լիազորությունների ավարտը»:
Արմեն Աշոտյանը ընդգրկված է Հայաստանի և Եվրոպական միության միջև տարեվերջին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում: Այն, ըստ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի, համակարգելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները:
Հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, կազմում են Արտաքին գործերի, Արդարադատության, Տնտեսական ներդրումների և զարգացման, Ֆինանսների նախարարները, փոխնախարարներ, նախագահի օգնականը, փոխոստիկանապետը: Ամենաքիչը երեք ամիսը մեկ հանձնաժողովը նիստեր է գումարելու:
«Կարող եմ կանխատեսել, որ հանձնաժողովը զբաղվելու է, վերահսկելու է, իրականացնելու է պայմանագրով ստանձնած պարտավորությունների կյանքի կոչելու և իրավունքներից բխող մեր քայլերի մոնիտորինգը, վերահսկողությունը և որոշումներ», - նշեց Աշոտյանը:
Տարեվերջին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ թեև համաձայնագրի ստորագրումը չի ենթադրում վիզաների ազատանակացում, բայց ինքն ակնկալում է, որ այս տարվա հենց առաջին կեսին այս հարցով պաշտոնական երկխոսությունը կմեկնարկի:
Արմեն Աշոտյանն այս առնչությամբ ասաց․ - «Մեր մոտեցումը շատ հստակ է, որ անկախ այն, այսպես կոչված, պայմանականություններից, որոնք դրված են վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի փաթեթում, մենք կարող ենք այդ երկխոսությունը սկսել՝ զուգահեռ կատարելով այն տեխնիկական, օրենսդրական պահանջները, որոնք դրված են փաթեթում: Այսինքն, մենք առաջարկում ենք, որ քաղաքական երկխոսությունը սկսվի մինչև պայմանների կատարման ամբողջական փաթեթը, որովհետև այնուհանդերձ դա նույնպես շատ ժամանակատար գործընթաց է՝ 2-3 տարի լավա աշխատանքի դեպքում»:
Արդյո՞ք Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ բարեփոխումներ արդարադատության համակարգում, կոռուպցիայի դեմ պայքար, թղթի վրա չեն մնա, և իշխանությունները Եվրամիության հետ պայմանագրից օգուտ կքաղեն միայն դրամաշնորհները․ քաղհասարակության ներկայացուցիչների հոռետեսական այս կանխատեսումներին իշխող Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանն հակադարձում է՝ քաղաքական կամք կա․ - «Ոչ թե ես եմ պնդում, դա քաղաքական աքսիոմ է: Մենք սովոր ենք վերջին տարիներին համառորեն հերքել մտավախությունների ուրվականներ: Սկզբից, 2013 թվականից հետո ասում էին, որ Եվրամիությունը Հայաստանի հետ որևէ նոր շրջանակային պայմանագիր չի ունենալու: Երբ որ բանակցությունները սկսվեցին, ասում են՝ չեն ավարտվելու: Հիմա ստորագրվեց, ասում են՝ կյանքի չի կոչվելու»:
Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրեց անցած տարվա նոյեմբերին՝ դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ առաջին պետությունը, որը նաև Եվրոպական միության հետ խորացրեց գործակցությունը: