Մատչելիության հղումներ

Դիզվառելիքի թանկացումը անխուսափելիորեն կբարձրացնի գյուղմթերքի գինը


«Ազատության» հետ զրույցում ֆերմերները պնդեցին, թե դիզելային վառելիքի թանկացումն անպայման իր ազդեցությունը կունենա գյուղատնտեսական արտադրանքի գնի վրա:

Նրանց խոսքով, դիզվառելիքի թանկացումն ավելացնելու է նախատեսված ծախսն, ու եթե առաջիկայում նվազում չնկատվի, ապա սեզոնին գյուղից քաղաք գյուղմթերք ավելի բարձր գնով կհասնի։

«Մեր վրա այնքանով է ազդում, որ մենք տեխնիկայի հետ անընդհատ գործ ենք ունենում: Վառելիքը թանկացավ, տրակտորիստը թանկացնելու է, բնականորեն, մերն էլ կթանկանա ամեն ինչը», - ասաց նրանցից մեկը:

Գյուղմթերքն այս տարի միջինում 50-100 դրամով ավելի թանկ կվաճառվի, քան նախորդ տարի։ Գյուղացիները, սակայն, մտավախություն ունեն, որ շղթայական թանկացումների արդյունքում կրկին իրենք են հայտնվելու կոտրած տաշտակի առջև։

Ըստ նրանց, եթե ստիպված լինեն սովորականից ավելի թանկ վաճառել արտադրանքը, կարող է գնորդ չգտնվի։ Առանց այն էլ իրացման խնդիրներ ունեցող հողագործները, այս անգամ կրկնակի կտուժեն։

Վառելիք շուկայում նկատվող թանկացումները, ի թիվս մյուս ապրանքների, մոտ մեկ շաբաթ առաջ քննարկման թեմա դարձան Բաղրամյան 26-ում։ Նախագահ Սարգսյանը, խորհրդակցության անցկացնելով պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների հետ, հանձնարարեց քայլեր ձեռնարկել գնաճը մեղմելու ուղղությամբ։ Երկրի ղեկավարը հիշեցրեց, որ տարիներ շարունակ պետությունը սուբսիդավորել է դիզվառելիքի ձեռքբերման գները գյուղացիական տնտեսությունների կողմից, նշելով․ - «Սա շատ նորմալ գործիք է, որը պետք է շարունակել կրրառել»:

Նախագահի հանձնարարակով երեկ քննարկում կազմակերպվեց Գյուղատնտեսության նախարարությունում։ Այստեղ համոզված են, որ դիզելային վառելիքի թանկացումը էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի ինքնարժեքի վրա: Ավելին նախարար Իգնատի Առաքելյանը նշում է՝ դիզվառելիքի գինը պետք է նվազի․ - «Գինը պետք է իջնի, որովհետև ակցիզային հարկը նվազել է»:

Նախարար Առաքելյանը, իհարկե, ճիշտ է նկատել․ հունվարի 1-ից ակցիզային հարկի գումարը 1 տոննա դիզվառելիքի համար 35 հազար դրամից նվազել է 13 հազարի։ Սակայն գյուղոլորտի ղեկավարը ոչինչ չի ասում այն մասին, որ ակցիզային հարկի նվազմանը զուգահեռ դիզելային վառելիքը տարեսկզբից սկսել է հարկվել ավելացված արժեքի հարկով, որից նախկինում ազատված էր։

Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ուսումասիրության, թանկացումն արդարացված է, քանի որ ընդհանուր հաշվով դիզելային վառելիքի ներմուծման և իրացման համար գանձվող անուղղակի հարկերը հունվարի 1-ից ավելացել են շուրջ 60 դրամով 1 լիտրի համար:

«Ազատությանն» այսօր այդպես էլ չհաջողվեց պարզել, թե առաջիկայում դիզելային վառելիքի գնի այդ ինչ նվազում էր կանխատեսում Իգնատի Առաքելյանը։ Նրա խոսնակը փոխանցեց՝ նախարարը գործուղման մեջ է։

Ու մինչև ոլորտի ղեկավարը կվերադառնա, Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը հայտարարում է, որ գյուղացուն հողից չհեռացնելու համար համակարգային լուծումներ են պետք․ - «Մեկ հեկտարի վրա գյուղացու ծախսերը 20-40 հազար դրամով ավելացել է, այսօրվա գներով: Էն դեպքում, որ մեր գյուղացին մի պարկ ազոտական պարարտանյութի համար վճարում ա 6-7 հազար դրամ, իսկ ռուս ֆերմերը՝ 3 հազար դրամ: Սուբսիդավորվում ա ռուս ֆերմերը»:

Գյուղացու ծախսը սուբսիդավորելու ուղղությամբ նախարարությունում մտածում են, բայց, ինչպես հայտարարել է փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, դիզվառելիքի սուբսիդիա կստանան հավանաբար սոցիալապես անապահով ընտանիքները․ - «Եթե սոցիալապես անապահով խավերը համար, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, խնդիր լինի, ռիսկային լինի, մենք հիմա այդ հաշվարկներն ենք անում, մենք կառավարություն կներկայացնենք ծրագիր դիզվառելիքի գնի սուբսիդավորման»:

Գյուղատնտեսները ակնկալում են, որ դիզվառելիքի և պարարտանյութի գների սուբսիդավորումը կշարունակվի նաև այս տարի։ Իսկ նախարարությունում դեռ հաշվարկներ են անում, և միայն դրանից հետո կորոշվի՝ շարունակե՞լ տարեկան ծրագիրը, թե՞ ոչ։

XS
SM
MD
LG