Մատչելիության հղումներ

Դիզվառելիքի ու գազի թանկացումը ազդել է հասարակական տրանսպորտի սակագնի վրա


Մոտ մեկ շաբաթ առաջ 100 դրամով թանկացել է Երևան - Հրազդան երթուղու ուղեվարձը։

Կառավարության այսօրվա նիստից հետո Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն հայտարարեց, թե տվյալ տնտեսվարողն անօրինական ոչ մի գործողություն չի իրականացրել, քանի որ ավելի վաղ նա մրցույթը շահել է 500 դրամով սակագնով, բայց երթուղին սպասարկել է 400 դրամով։

Նախարարը, սակայն, չբացառեց, որ այս ընկերության օրինակով այլ երթուղիներում էլ ուղեվարձի թանկացումներ լինեն։ Ըստ Մարտիրոսյանի՝ միջմարզային երթուղիներ սպասարկող ևս մի քանի տնտեսվարողներ այժմ աշխատում են ավելի ցածր սակագնով, քան շահել են մրցույթները․ - «Ուսումնասիրություններ մեր կողմից կարվի բոլոր այն ընկերությունների հանդեպ, որտեղ կունենանք այդպիսի դեպքեր: Մի քանի ընկերություններ կան, բայց եթե իրենք իրենց հաշվին առաջարկել են ավելի ցածր գին, այսօր մենք պետք է նայենք՝ այդ առաջարկած գինը համապատասխանո՞ւմ է իրենց ստացած շահույթին, գերշահույթ է, թե գերշահույթ չի»:

Վահան Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ հանդիպել ու զրուցել է Երևան - Հրազդան երթուղին սպասարկող «Վիլ լայն» ընկերության տնօրինության հետ, որպեսզի հնարավորության դեպքում պահպանվի նախկին ուղեվարձը։

Ի դեպ, «Ազատության» տեսախցիկն այսօր արձանագրեց, որ այս երթուղին այսօր կրկին շահագործվում է 400 դրամով։ Միկրոավտոբուսների վարորդները չցանկացան խոսել ցավոտ խնդրից և նշեցին, որ տեղյակ չեն,թե ինչով է պայմանավորված հին ուղեվարձի վերականգնումը։

Փոխարենը «Ազատության» հետ զրույցում երթուղու տնօրեն Վիգեն Մարկոսյանն ասաց, որ եթե Կառավարությունը միջոցներ չձեռնարկի թանկացումները զսպելու համար, իրենք ստիպած կլինեն կրկին բարձրացնել ուղեվարձը․ - «Հնարավոր չի 400 դրամով շահագործել վառելիքի թանկացումից հետո: Ուղղակի ժողովրդի մեծ մասի ձայն բարձրացնելուց հետո միանգամից չուզեցինք գինը բարձրացնենք: Դրա հիման վրա իջեցրեցինք, ու դա երկար ժամանակ չի շարունակվի»:

Գազի և դիզվառելիքի գնի բարձրացումը առաջին հերթին հարվածել է վարորդների գրպանին: Թեև կրճատվել է հենց նրանց օրվա հասույթը, սակայն ուղեվարձը թանկացնելու մասին վարորդները չեն խոսում։

Միջմարզային երթուղիներում աշխատող վարորդներն ասում են, թե առանց այլն էլ ուղևորների քանակը նվազել է, և անգամ 100 դրամի փոփոխությունը կարող է բերել երթուղու փակման։

Տրանսպորտի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ առայժմ ոչ մի տնտեսվարող չի դիմել ուղեվարձի թանկացման համար։

Հիշեցնենք՝ Regular տեսակի բենզինը նախկին 390 դրամի փոխարեն տոնական օրերից արդեն վաճառվում է 430 դրամով, գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող դիզվառելիքը՝ 390-ից հասել է 440 դրամի, 30-40 դրամով էլ թանկացել է ավտոմեքենաների լիցքավորման գազը:

Վառելիք շուկայում այս թանկացումներից դժգոհ են նաև մայրաքաղաքի փոխադրողները։ Վարորդներն «Ազատության» հետ զրույցներում նշում էին, որ համակարգին չվնասելու համար Կառավարությունը հստակ քայլեր պետք է ձեռնարկի։

Կրկնել 2013-ի պատմությունն ու բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը քաղաքապետ Տարոն Մարգարյանը դժվար թե ցանկանա, կարծում է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նրա խոսքով, հաշվարկները հստակ ցույց են տալիս, որ միկրոավտոբուսների շահագործման ծախսերում վառելիքի մասնաբաժինը կազմում է շուրջ 33 տոկոս, իսկ ավտոբուսների դեպքում՝ 50 տոկոս: Խաժակյանը եզրակացնում է՝ եթե ծախսերը ավելանում են, իսկ եկամուտը ոչ, ապա տուժում է որակը․ - «Հաշվարկի դեպքում մենք տեսնում ենք, որ արդեն իսկ հարյուր դրամը չի բավականացնում: Փաստորեն պետք է մեկ մեքենայի վրա արվող ծախսը նվազեցվի: Նվազեցումը, բնականաբար, իրականցվելու է որակի հաշվին, և ավելի շատ կախված դռներով միկրոավտոբուսներ կտեսնենք: Սրան, կարծում եմ, քաղաքապետարանը ավելի հակված, քան թանկացվի և ամրագրվի, որ այդ թանկացումը ֆորմալ տեղի ունեցավ»:

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ուղեվարձի թանկացման հարց չի քննարկվելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG