Այսօր առավոտից խորհրդարանում սկսել է այս տարվա առաջին քառօրյան։
Օրակարգում 26 հարց կա, որոնց թվում նաև Հաշվեքննիչ պալատի և Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագծերը։
Նիստի մեկնարկին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ հունվարի 23-ին թանկացումները և դրա հետևանքները մեղմելու համար խորհրդարանական լսումներ կանցկացնեն։
Հիշեցնենք՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում տարեսկզբից մոտ 40 դրամով թանկացել է բենզինն ու մեքենաների լիցքավորման գազը, իսկ գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող դիզվառելիքի գինը 390-ից հասել է 440 դրամի։ Բացի այդ, 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները, այս ամսվանից արդեն մոտ 2 տոկոսով քիչ կվարձատրվեն՝ եկամտահարկի դրույքաչափերի բարձրացման պատճառով:
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին գնաճի թեմայով Կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչների հետ հրավիրած խորհրդակցությանը հայտարարեց. - «Եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածենք, թե ինչպես մեղմենք այդ հետևանքները»։
Նախագահը Կառավարությանը հանձնարարեց առաջարկել գնաճի հետևանքների մեղմման տարբերակներ այն սոցիալապես կարևոր ապրանքների համար, որոնք հարկային կամ այլ օրենսդրական փոփոխությունների հետևանքով թանկացել են: