Մատչելիության հղումներ

ԵՄ-ի հետ հարաբերությունները չեն կառուցվելու այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության հաշվին. Բաբլոյան


Հայաստան - Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերությանը նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում հայաստանցի պաշտոնյաների գլխավոր ուղերձն այն էր, որ Եվրամիության հետ համագործակցությունը չի վնասելու Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված Եվրասիական տնտեսական միությանը:

Մասնավորապես՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում շեշտեց, թե ցանկանում են Եվրամիության հետ ընդլայնել համագործակցությունը, դրա համար ունեն և՛ ցանկություն, և՛ քաղաքական կամք, բայց դա չեն պատրաստվում անել մեկ ուրիշ երկրի կամ կառույցի հաշվին:

«Մենք նպատակ չունենք այդ հարաբերությունները կառուցել և ամրապնդել որևէ այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության հաշվին։ Հայաստանը երբևէ չի առաջնորդվել իր գործընկերների, առավել ևս բարեկամների շահերը միմյանց հակադրելու ճանապարհով», - հայտարարեց Բաբլոյանը։

Նշենք, որ խորհրդարանական լսումները կազմակերպվել էին Արտաքին հարաբերությունների և Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովների որոշմամբ, որով մեկնարկում է ուղիղ մեկ շաբաթ առաջ Բրյուսելում Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրի հանրային իրազեկման գործընթացը:

Անդրադառնալով փաստաթղթին՝ Արա Բաբլոյանն ասաց, թե Եվրամիության հետ ստորագրել են եզակի մի համաձայնագիր, այն առումով, որ Հայաստանն աշխարհագրական ու քաղաքական յուրահատուկ դիրքով կամրջում է Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը: Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրը լուրջ հիմքեր է ստեղծում՝ ամրապնդելու քաղաքական երկխոսությունը և շարունակելու տնտեսական և սոցիալական բարեփոխումները:

«Մենք միմյանց տալու շատ բան ունենք, և դա առևտուր չէ, այլ քաղաքակիրթ փոխհարաբերություն նույնանման արժեհամակարգ ունեցող երկրների միջև», - շեշտեց Արա Բաբոլյանը՝ միևնույն ժամանակ չմոռանալով, որ Հայաստանը նաև Եվրասիական տարածքի անբաժանելի մասն է։

«Մենք Եվրասիական տարածքի, միաժամանակ Եվրոպայի անբաժանելի մասն ենք, և մենք չենք կարող անմասն լինել ինչպես եվրասիական այնպես էլ համաեվրոպական գործընթացներից», - ասաց ԱԺ նախագահը։

Վաչե Գաբրիելյան
Վաչե Գաբրիելյան

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն, ով, ի դեպ, համակարգել է ստորագրված փաստաթղթի տնտեսական և առևտրային հարցերի շուրջ տարվող բանակցությունները, իր հերթին նշեց՝ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը խոշոր ձեռքբերում է, որը կնպաստի Հայաստանում քաղաքական, տնտեսական, ժողովրդավարության կայունության ամրապնդմանը, միևնույն ժամանակ շեշտելով՝ այս փաստաթուղթը համատեղելի է Հայաստանի արդեն իսկ ստանձնած մյուս պարտավորությունների հետ:

«Այս համատեղելիության շրջանակներում հնարավորություն է տալիս զարգացնել հարաբերությունները թե՛ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, թե՛ Եվրոպայի հետ առավել խորը համաձայնագրում», - ասաց Գաբրիելյանը։

Փոխվարչապետը նաև նկատեց՝ Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրն առևտրային համաձայնագիր չէ, սակայն տնտեսական հարաբերությունների բազմաթիվ կանոնակարգումներ ևս առկա են, ինչը նշանակում է, որ խոսքը միայն ժողովրդավարական բարեփոխումների մասին չէ, փաստաթուղթն ունի նաև տնտեսական հնարավորություններ:

Ի դեպ, փոխվարչապետի համոզմամբ, Բրյուսելում ստորագրած համաձայնագրի շնորհիվ Հայաստանը կլինի այն առաջամարտիկը, որը կփորձի մերձեցնել 2 կառույցների՝ Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միությունների փոխգործակցության հնարավորությունները։

«Մենք և՛ եվրասիական տնտեսական տարածքի, և՛ եվրոպական քաղաքակրթության անբաժան մասն ենք, և մենք դիտարկում են մեզ այս տրամաբանության մեջ՝ «և-և»-ի տրամաբանության մեջ, և կարծում եմ, որ մեր այս իրողությունն արդեն իսկ ակնհայտորեն համարվում է նվաճում քաղաքականության մեջ այս տրամաբանությունը քննարկողների տեսակետից», - ասաց Գաբրիելյանը։

Կարեն Նազարյան
Կարեն Նազարյան

Խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաև փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ շեշտելով, որ 14 ամիս տևած բանակցությունների արդյունքում հավակնոտ համաձայնագիր են ստացել, որի իրականացման ճանապարհին «չի լինի որևէ շեղում կամ քաղաքական կամքի դեֆիցիտ»:

Նազարյանը նշեց, թե փաստաթղթում առեղծվածային ոչինչ չկա, այն արտացոլում է Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, համատեղելի է համագործակցության տարբեր ձևաչափերում ստանձնած Հայաստանի պարտավորությունների հետ: «Նաև ներդաշնակ է, կարող եմ պնդել, մեր երկրի և նրա ռազմավարական ու ավանդական գործընկերների հետ ունեցած միջպետական հարաբերություններին», - ասաց փոխարտգործնախարարը։

Խորհրդարանում այսօր ելույթ ունեցավ նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը օգտակար է ոչ միայն Հայաստանի և Եվրամիության անդամ երկրների, այլև տարածաշրջանի համար:

Պյոտր Սվիտալսկի
Պյոտր Սվիտալսկի

«Համաձայնագրում որևէ դրույթ չկա, որը կարող է ընկալվել որևէ մեկի դեմ, սա համընդհանուր շահ ենթադրող համաձայնագիր է: Ես հավատում եմ, որ այն կարող է լավ օրինակ լինել Եվրամիության այլ գործընկերների համար, որոնք ներգրավված լինելով ինտեգրացիոն այլ ձևաչափերում, կարող են զարգացնել և ուժեղացնել մեր հարաբերությունները», - ասաց Եվրամիության դեսպանը՝ ընդգծելով, որ ստորագրված փաստաթուղթը համապատասխանեցվել է Հայաստանի կողմից ստանձնած այլ պարտավորություններին և հանձնառություններին:

«Ուստի մենք լիահույս ենք, որ այս համաձայնագրի ներդաշնակ բնույթը կօգտագործվի այն իրականություն դարձնելու ճանապարհին», - ասաց Պյտոր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ փաստաթուղթը քաղաքացիական հասարակության, ինչպես նաև խորհրդարանի կողմից լուրջ վերահսկողության հնարավորություն է տալիս:

«Մենք լիահույս ենք, որ և՛ Հայաստանի խորհրդարանը, և՛ Եվրոպական խորհրդարանը շատ ակտիվ կլինեն համաձայնագրի կատարման ընթացքը վերահսկելու հարցում՝ հանդես գալով նոր առաջարկներով, ինչը իրականություն կդարձնի այս համաձայնագիրը: Եկեք ապացուցենք, որ այս փաստաթուղթը կարևոր է ոչ միայն կառավարության, պաշտոնյաների կամ դիվանագետների, այլ հասարակ մարդկանց, ժողովրդի համար: Ես Հայաստանում Եվրամիության պատվիրակության անունից կարող եմ ասել, որ ջանք չենք խնայի շոշափելի արդյունքների հասնելու համար», - իր ելույթը եզրափակեց Եվրամիության դեսպանը:

XS
SM
MD
LG