Մատչելիության հղումներ

ԵՄ-ն լավատես է համաձայնագրի իրագործման հարցում. Սվիտալսկի


Հայաստանում Եվրամիության դեսպանը վստահ է՝ համատեղ ջանքերով կհաջողվի իրականություն դարձնել Եվրամիություն - Հայաստան համագործակացության համաձայնագիրը, որն անցած շաբաթ ստորագրվեց Բրյուսելում: Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի՞նչ մեխանիզմներով է Եվրամիությունը վերահսկելու համաձայնագրի իրականացումը և ի՞նչ կլինի, եթե Հայաստանը ստանձնած պարտավորությունները չկատարի կամ թերի կատարի, Պյոտր Սվիտալսկին ասաց․ - «Եվրամիությունն ընդհանրապես խրախուսում է, աջակցում է, բայց երբեք որևէ բան չի պարտադրում: Այդ իսկ պատճառով մեր համագործակցության այս նոր փուլում կարող ենք ասել, որ պատրաստ ենք անել ավելին, և կարծում եմ, որ երկու կողմերը ստորագրել են այս համաձայնագիրը դրական տրամադրվածությամբ, որպեսզի այն իրականություն դարձնենք: Խոսել պատժամիջոցների, ձախողումների մասին ես տեղին չեն համարում, քանի որ բավականաչափ լավատես եմ, որ այս համաձայնագիրը նոր որակ կհաղորդի մեր համագործակցությանը: Ես մշտապես լավատես եմ: Լավատես էի ամիսներ առաջ, որ այս համաձայնագիրը կստորագրվի այս տարի, և ես հավասարաչափ լավատես եմ նաև համաձայանագրի իրականացման հարցում: Սա համատեղ ջանքեր է պահանջում, ես վստահ եմ, որ մենք կհաջողենք»:

Հայաստանը ԵՄ-ից 170 միլիոն եվրոյի աջակցություն կստանա

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե որքան ֆինանսական աջակացություն կստանա Հայաստանն անցած շաբաթ ստորագրված համաձայնագրի շրջանակներում, Պյոտր Սվիտալսկին ասաց, որ մինչև 2020 թվականը Եվրամիության միասնական աջակցության շրջանակում Հայաստանին կտարամդրվի 170 միլիոն եվրո․ - «Բայց սա չի ներառում այլ հնարավորությունները, որոնք բաց են այս համաձայնագրի համար: Ես հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք այդ գումարները շատ արդյունավետ օգտագործել: Մենք պետք է մտածենք կառավարության և մեր մյուս գործընկերներ հետ, թե ինչպես առավելագույնս արդյունավետ օգտագործել ֆինանսական աջակցությունը»:

«Կարծում եմ՝ կան չօգտագործված հնարավորություններ, սա իմ գլխավոր մտահոգությունն է, քանի որ երբեմն Հայաստանի շարքային քաղաքացիները իրավունք ունեն հարցնելու՝ դուք մատնանշում եք մեծ թվեր, թե Եվրամիությունը 500 միլիոն եվրո է ծախսել զարգացման ծրագրերի վրա, որտե՞ղ են դրանք, ցույց տվեք մեզ: Եվ սա տրամաբանական հարց է, ուշադրության արժանի: Սա իսկապես մեծ գումար է», - ասաց ԵՄ դեսպանը՝ շեշտելով, որ Եվրամիությունը Հայաստանի ամենամեծ դոնորն է: Եվ եթե այլ դոնորները կրճատում են Հայաստանին տրամադրվող աջակցությունը, ապա իրենք հայտարարում են 20-25 տոկոսով ավելացման մասին:

«Ի՞նչ ազդանշան է սա: Սա ազդանշան է այն մասին, որ այս գումարները կարող են իրենց նպատակին ծառայել, քանի որ Հայաստանն ի վիճակի է տնօրինել այդ գումարները՝ շնորհիվ տաղանդավոր մարդկանց: Վերջապես կան կոնկրետ կարիքներ, որոնց այդ գումարները պետք է ծառայեն », - ասաց Սվիտալսկին՝ ընդգծելով, որ Եվրամիությունը Հայաստանի համար նաև ամենամեծ արտահանման շուկան է, Հայաստանի արտահանում աճում է:

«Ինչպես գիտեք, համաձայնագիրը սիմետրիկ չէ, Հայաստանն օգտվում է GSP+ համակարգից, ինչը նշանակում է, որ Հայաստանն ազատորեն օգտվում է Եվրամիության շուկայից այն դեպքում, երբ մեր արտադրողները պետք է հաղթահարեն մաքսային տուրքերը, ինչը համաչափ չէ: Բայց մենք ընդունում ենք դա նույնիսկ այն պարագայում, երբ 2013 թվականից սկսած Եվրամիությունից դեպի Հայաստան արտահանումների ծավալը կրճատվել է, ինչը լավ չէ ոչ միայն Եվրամիության, այլև Հայաստանի համար, քանի որ Եվրամիությունը տեխնոլոգիաներ է բերում Հայաստան, իսկ որքան նվազում են արտահանումները դեպի Հայաստան, այդքան նվազում են տեխնոլոգիաները: Սա լավ չէ, բայց մենք կարծում ենք, որ այժմ գտնվում ենք անցումային շրջանում: Եթե բիզնես միջավայրը Հայաստանում բարելավվի, եթե Եվրամիության տնտեսվարողները, գործարար աշխարհը դրական արձագանքեն համաձայնագրին, ապա դա իր արտացոլումը կգտնի մեր առևտրային հարաբերություններում», - նշեց Սվիտալսկին:

Վիզաների ազատականացման համար պետք է «համբերություն, քրտնաջան աշխատանք և եվրոպական մտածելակերպ»

Անդրադառնալով հարցին, թե երբ Հայաստանը կարող է օգտվել վիզաների ազատականացման ռեժիմից՝ Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Եվրամիության դիրքորոշումը հստակ է՝ կան կոնկրետ նախպայմաններ, որոնք պետք է իրականացվեն: Վիզաների ազատականացման գործընթացը կսկսվի իր ժամանկին:

«Ես լավատես եմ և կշարունակեմ խրախուսել մեր հայ գործընկերներին՝ շարունակել իրենց աշխատանքը: Վիզաների ազատականացումը իրավունք չէ, այլ առավելություն: Եվրամիության քաղաքացիները պետք է զգան, որ երկրները, որոնք ձգտում են վիզաների ազատականցման, եվրոպամետ են, նրանք հավատում են Եվրոպային, նրանք ուզում են, որ իրենց վերաբերվեն իբրև իրական եվրոպացիների, ցանկանում են ապրել եվրոպական արժեքներով, մտածում են եվրոպացիների նման: Սա այն կարևորագույն ուղերձն է, որը պետք է գա ձեզնից՝ հայաստանցիներից: Եվրամիության քաղաքացիները պետք է լսեն ձեր ձայնը, որ դուք իսկապես ուզում եք ազատորեն ճամփորդել Եվրոպայում»,- ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Նա նաև շեշտեց, որ դա հեշտ գործընթաց չէ, նաև նախատեսում է մի շարք վարչական և իրավական կարգավորումներ:

«Ես անձնապես հավատում եմ դեպի Եվրոպա ազատ ճամփորդելուն, ես հավատում եմ, որ այդ օրը կգա նաև Հայաստանի համար, համբերություն, քրտնաջան աշխատանք և եվրոպական մտածելակերպ»,- ըստ դեսպանի, այսպիսին է հաջողության բանաձևը:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե որքան ժամանակ կպհանջի այդ գործընթացը, Պյոտր Սվիտալսկին ասաց․ - «Ես մարգարե չեմ, բայց կարծում եմ դրական է այն, որ վիզաների ազատականացման երկխոսությունը Հայաստանի հետ ներառված է մինչև 2020 թվականի 20 թիրախային արդյունքների ցանկում, բայց կոնկրետ օր մատնանշված չէ: Եթե բոլոր նախապայմանները կատարվեն, և Եվրամիության անդամ բոլոր պետությունները վստահ լինեն, որ ճիշտ ժամանակն է, ապա դա տեղի կունենա : Որևէ մեկն արհեստականորեն այդ գործընթացը չի ձգձգելու, անկասկած դա մեր հետաքրքրություններից չի բխում»:

Ո՞վ 2013-ին հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից

Ի դեպ, դեսպանին հարցրեցինք՝ ի վերջո ո՞վ 2013 թվականին հրաժարվեց ԵՄ Ասոցացման համաձայանգրից, Հայաստա՞նը, թե Եվրամիությունը: Հիշեցնենք՝ Բրյուսելում Սերժ Սարգսյանն «Ազատությանն» ասել էր, թե Եվրամիության խորհրդի նախագահի, խորհրդարանի նախագահի և հանձնաժողովի նախագահի ներկայությամբ ասել է, որ Եվրամիությունն է հրաժարվել այդ համաձայանգրի ստորգարումից, ոչ թե Հայաստանը: Մինչդեռ նկատենք՝ Եվրամիության պաշտոնյաները մշատապես հակառակն են պնդել:

«Արդյո՞ք դա իսկապես կարևոր է, ընկերներ: Եկեք առաջ նայենք, մենք գիտենք, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը շատ կարևոր է, այն իհարկե տարբերվում է Ասոցացման համաձայնագրից, բայց հավակնոտ փաստաթուղթ է: Սխալ է ասելը, որ Եվրամիությունը «կամ կամ» փիլիսոփայությունն է առաջ մղում: Ես կընդունեի Եվրամիության հասցեին այս քննադատությունը, եթե մենք ստորագրեինք նույն համաձայնագիրը, որ բանակցվել էր 2013-ին: Բայց սա այդ դեպքը չէ», - եզրափակեց դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG