Մատչելիության հղումներ

«ԵՄ հանձնառություններից մեկը պետք է լինի գնահատման մեխանիզմների հստակեցումը». Բորիս Նավասարդյան


«Ես միշտ հակված եմ այս կարգի համաձայնագրերը որպես երկկողմանի հանձնառություն համարել, և Եվրամիության կողմից հանձնառություններից մեկը պետք է լինի այդ վերահսկման մեխանիզմների կամ, ավելի ճիշտ, գնահատման մեխանիզմների հստակեցումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի իրագործմանը։

Նավասարդյանի խոսքով՝ կարևորը համաձայնագիրը կյանքի կոչելն է։

«Իմիտացիայի մեծ հմտություն է ձեռք բերել Հայաստանը միջազգային կառույցների հետ գործակցելու առումով, և, բնականաբար, այստեղ էլ այդ վտանգը գոյություն ունի, քանի որ բազմաթիվ փորձագետներ նշում են, որ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում դեռ չի կատարելագործվել վերահսկողական մեխանիզմները՝ իրավիճակի և բարեփոխումների գնահատման մեխանիզմները, և այստեղ լուրջ աշխատանք կա անելու նաև Եվրամիության կողմից։ Ես միշտ հակված եմ այս կարգի համաձայնագրերը որպես երկկողմանի հանձնառություն համարել, և Եվրամիության կողմից հանձնառություններից մեկը պետք է լինի այդ վերահսկման մեխանիզմների կամ, ավելի ճիշտ, գնահատման մեխանիզմների հստակեցումը։ Երկրորդը՝ դա մեր քաղաքական վերնախավի պատեհապաշտ լինելն է, մենք շատ անգամ տեսել ենք՝ ինչպես նույն մարդիկ դարձել են եվրոպամետ, հետո՝ եվրասիամետ, հետո նորից եվրոպամետ, այդ նույնը մենք տեսնում ենք և այսօր։ Այդ մարդկանց համար համաձայնագիրը միգուցե խորհրդանշական նշանակություն ունի, այսինքն՝ որևէ կոնկրետ գործողություններ, որևէ կոնկրետ ջանքեր իրենք չեն ենթադրում, և պարզ է, որ այդ կարգի վերաբերմունքը, եթե այն որոշումներ կայացնողների կամ ակտիվ մասնակիցների կողմից արձանագրվի այս փուլում, մենք չենք ստանա այն արդյունքները, որոնք ցանկանում ենք», - ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Միևնույն ժամանակ, Նավասարդյանը նշեց, որ մնում է լավատես, որովհետև տեսնում է՝ համաձայնագիրն իրոք լուրջ հնարավորություններ է բացում։ «Հայաստանի ակտիվ քաղաքացիները և այն կառույցները, որոնք միշտ հավատարիմ են եղել բարեփոխումների օրակարգին, անելիքներ ունեն, և այդ անելիքների համար նաև ճանապարհներ է բացում համաձայնագիրը», - ասաց Նավասարդյանը։

Հարցին, թե կարծիք կա, որ սա «ավելին՝ ավելիի դիմաց» ծրագիր է, ինչպե՞ս է գնահատվելու հանձնառության իրականացման արդյունավետությունը, Նավասարդյանը պատասխանեց. - «Ծրագրի իրականացման շրջանակներում մշտապես պետք է մոնիթորինգ իրականացվի, այսինքն՝ այս կոնկրետ հանձնարարությունն ինչպե՞ս է իրականացվել, արդյո՞ք ընդունվել են համապատասխան օրենսդրական ակտերը, արդյո՞ք այդ օրենսդրական ակտերը կիրառվում են այնպես, ինչպես գրված է, ինչպիսի՞ն է որակը՝ և՛ փաստաթղթերի, և՛ կոնկրետ գործերի, և այդ առումով, իհարկե, շատ դժվար է այնպիսի մեխանիզմներ մշակել, որոնք միաժամանակ օբյեկտիվ են գնահատում և միգուցե նույնիսկ դրական աչքով են նայում բոլոր կատարվածի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ նկատում են ցանկացած թերություն»։

Նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

«Այս համաձայնագիրը հիմնված է ժողովրդավարության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա, սա նաև իր տեսակի մեջ առաջին համաձայնագիրն է, որ Եվրամիությունը կնքում է Եվրասիական միության անդամ պետության հետ։ Հիմա կարևորը դրա իրագործումն է և կյանքի կոչումը, որպեսզի հնարավորություն ունենանք օգտվել դրա ընձեռած բոլոր առավելություններից։ Մենք կշարունակենք համատեղ աշխատել, ինչպես նաև կշարունակենք հետևել՝ ինչպես են այս համաձայնություններն իրագործվում», - հայտարարել էր Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG