Մատչելիության հղումներ

Երկնքից հրդեհաշիջման շնորհիվ հնարավոր է եղել զգալիորեն կանխել կրակի տարածումը․ ՀՀ ԱԻՆ


Հրդեհը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, 14-ը օգոստոսի, 2017թ․
Հրդեհը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, 14-ը օգոստոսի, 2017թ․

Այսօր ժամը 14:30-ի սահմաններում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ լիցքավորվելուց հետո իրականացրել է 4-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց:

Ժամը 17:33 ռուսական ինքնաթիռը 5-րդ անգամ է ուղևորվել հրդեհի վայր՝ օդային հրդեհաշիջում իրականացնելու, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Ըստ թռիչքների նախնական արդյունքների ամփոփման՝ երկնքից հրդեհաշիջում կազմակերպելու շնորհիվ հնարավոր է եղել զգալի չափով կանխել կրակի տարածումը: Օդանավից իրականացվում է ջրի թիրախային բացթողում՝ կրակի տարածման ճակատների ուղղությամբ», - փոխանցում է Հայաստանի ԱԻՆ-ը՝ հավելելով, որ ելնելով Խոսրովի արգելոցում իրավիճակի զարգացումից՝ հնարավոր է «ԻԼ-76» ինքնաթիռն էլի հրդեհաշիջող թռիչքներ իրականացնի:

ԱԻՆ-ը հիշեցնում է, որ «ԻԼ-76» ինքնաթիռի ջրատարողությունը 42 տոննա է, և այն լիցքավորվում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում՝ 10 տոննա տարողությամբ ջրատարների օգնությամբ:

ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան է ժամանել երեկ։ Ըստ նախնական պլանավորվածության, այն պետք է 2 թռիչք և 2 ջրալցում իրականացներ:

Խոսրովի արգելոցում հրդեհը բռնկվել է օգոստոսի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG