Մատչելիության հղումներ

Հրդեհը Խոսրովի արգելոցում մեկուսացվել է


Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի փոխանցմամբ՝ Խոսրովի արգելոցում հրդեհի հիմնական օջախները մարված են:

Նախարարը հավելեց, որ այժմ ընթանում են հետմարման աշխատանքները․ ԱԻՆ աշխատակիցները, զինծառայողները և արգելոցի աշխատակիցները «սանրում են» տարածքը՝ հանգցնելով ծխացող հատվածները:

«Հրդեհը մեկուսացված է, վերահսկողության տակ է վերցված», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախարարը: - «Հետմարման աշխատանքներին մասնակցեցին Զինված ուժերի բավականին մեծ քանակությամբ զինծառայողներ, փրկարար ծառայողները, մարզային կառույցները, բնապահպանները, ինչպես նաև արգելոցի աշխատակիցները»:

Հարցին, թե արդյոք պահպանվում է հրդեհի վերսկսման վտանգը, Տոնոյանը արձագանքեց․ - «Այս պահին եղանակային պայմանները թույլ չեն տալիս, որ այդ վերսկսումը լինի․․․ Դեռևս անձրևը չի սկսվել, բայց օդերևութաբանները խոսք են տալիս, որ ժամը 7-ից հետո լինելու է հորդառատ անձրև»:

Ռուսաստանյան «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը երեկ և այսօր իրականացնել է արդեն 11 թռիչք: Տոնոյանն ասաց, որ այդ ինքնաթիռը կմնա Հայաստանում մինչև հրդեհի վերջնական մարումը․ - «Վաղը առավոտյան հետախուզական թռիչք կլինի, և որոշումը կկայացվի»:

Ինչպես Արտակարգ իրավիճակների նախարարը, այնպես էլ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ընդունում են, որ իրենք այնքան էլ պատրաստ չէին դիմագրավելու նման աղետի:

Բնապահպանության նախարարն ասաց, թե ճիշտ չեն այն քննադատությունն ու մեղադրանքները, թե իրենք ժամանակին չեն կարողացել հայտնաբերել հրդեհը, դիտարկում չեն կատարել:

Մինասյանը շեշտեց, որ հուլիսի 17-ից ի վեր իրենք ամենօրյա ռեժիմով և՛ Խոսրովի արգելոցի տարածքում, և՛ այլ արգելոցների տարածքներում դիտարկումներ են կատարել: Սակայն Խոսրովի արգելոցում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, քանի որ բնական պայմաններն էին այդպիսին․ այդտեղ աճում են հիմնականում գիհիներ, որոնք շատ արագ են բռնկվում: Այժմ, սակայն, ամեն ինչ վերահսկվում է:

«Սկսվում է ինչ-որ հիմար քննադատություն շրջանառվել, մասնավորապես այն մասով, թե իբր հատուկ պահպանվող տարածքները միայն այս հրդեհից հետո են հսկողության վերցվել․․․ դա այսպես չէ: Բնապահպանության նախարարի հրամանով բոլոր հատուկ պահպանվող տարածքներում ուժեղացված ամենօրյա, ամենժամյա հսկողական համակարգ է դրվել: Բոլոր սարքավորումները բերվել են առաջնակարգ պատրաստվածության վիճակի, որովհետև հրդեհավտանգ իրավիճակը շատ բարձր ռիսկային էր․․․ Պարզ է, որ 42 աստիճանում շատ ավելի է բարձրանում հնարավոր վտանգը»:

Հրդեհը վերջնականապես մարելուց հետո, ըստ նախարարի, փորձելու են ընդլայնել Խոսրովի արգելոցի տարածքը, ավելի մեծ ուշադրություն դարձնել այն հատվածներին, որտեղ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքները հարում են արգելոցին:

Ինչ վերաբերում է հրդեհի պատճառներին, ապա նախարարը կրկին ասաց, թե կսպասեն քննության ավարտին:

XS
SM
MD
LG