Մատչելիության հղումներ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Սևանից ջրառը 100 միլիոն խորանարդ մետրով ավելացնելու օրինագծին


Կառավարության առաջարկին դեմ արտահայտվեց միայն ընդդիմադիր «Ելք» դաշինքը:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Սևանա լճից հավելյալ մինչև 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու նախագծին:

Սևանից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է: Կառավարությունն առաջարկում է այս տարի լճից տարեկան բացթողման չափաքանակի դարձնել մինչև 270 մլն խորանարդ մետր:

Առաջարկին դեմ արտահայտվեց միայն ընդդիմադիր «Ելք» դաշինքը: «Ծառուկյան» դաշինքը միացավ իշխող Հանրապետականի և Դաշնակցության քվեարկությանը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի խոսքով՝ գյուղատնտեսական խնդիր են լուծում, ոռոգման ջրի դեֆիցիտ կա․ - «Որը կարող է հանգեցնել անկառավարելի ռիսկերի գյուղատնտեսական արտադրանքների վերջնարդյունքի կորստի՝ առ ոչինչ դարձնելով նաև մինչ այդ իրականացված ջրամատակարումը, ինչպես նաև շուրջ 130 հազար հողօգտագործողների կողմից կատարված ծախսերն ու մուծումները»:

Նախաձեռնության պատճառաբանությունների շարքում նշվում էր նաև սակավաջրությունը։ «Ելք»-ից Մանե Թանդիլյանը նկատեց՝ եթե երաշտ է եղել, ինչո՞ւ դրա մասին չի հայտարարվել․ - «Այդ ի՞նչ հատուկ երաշտ է, թե դա ինչ է, որի մասին չենք հայտարարել, բայց միջոցառումներ ենք ձեռնարկում և ըստ այդմ փորձում բացատրել, թե ինչու ենք լրացուցիչ ջուր բաց թողնում»:

Հարցը մտահոգում է բնապահպաններին: Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու որոշմանն առարկել է նաև Բնապահպանության նախարարությունը:

«Սևանա լճից ևս 100 մլն խմ ջրաքանակ բաց թողնելու դեպքում լճի մակարդակը կիջնի ևս 8 սմ-ով՝ արդյունքում խախտելով օրենքով սահմանված տարեկան ջրային դրական հաշվեկշռի սահմանաչափը: Մինչդեռ Սևանա լճի էկոհամակարգի ոչ կայուն էկոլոգիական վիճակից ելնելով՝ անհրաժեշտ է պահպանել սահմանված տարեկան ջրային դրական հաշվեկշիռը», - ասված է նախարարության առարկություններում:

Խորհրդարան ներկայացված նախագծի համաձայն, լրացուցիչ ջրբացթողումները չեն խախտի օրենքով սահմանված Սևանա լճի ջրի մակարդակի դրական հաշվեկշռի պահպանման պայմանները: Կառավարության ներկայացուցիչը, սակայն, չէր հերքում, որ Սևանից հավելյալ ջրի բացթողումը ազդեցություն էկոհամակարգի վրա թողնելու է: Բայց, Արսեն Հարությունյանի կարծիքով, դրանից ավելի կարևոր հարց ունեն լուծելու․ - «Էկոհամակարգի վրա որևիցե ազդեցություն թողնելու է: Բայց այն խնդիրը, որը մենք բարձրացրել ենք, շատ ավելի կարևոր է և շատ ավելի մեծ հարց է լուծում շուրջ 130 հազար շահառուների համար, քան էկոհամակարգի վրա որևիցե ազդեցությունը»:

Ի դեպ, Տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում Դաշնակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը, լրատվամիջոցների փոխանցմամբ, երեկ դեմ էր քվեարկել կառավարության նախաձեռնությանը:

Այսօր Հանրապետականի գործընկեր Դաշնակցության ներկայացուցիչը կարծիքը փոխեց՝ կողմ արտահայտվեց: Իսկ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը շտապեց ասել, որ իր կուսակից Արծվիկ Մինասյանի ղեկավարած Բնապահպանության նախարարության առարկությունները չեն նշանակում, որ դեմ են հավելյալ ջուր բաց թողնելուն․ - «Ընդամենը խոսքը գնացել է հիմնավորումներն ավելի ճշգրիտ ձևակերպելու մասին: Եվ սա կառավարության առաջարկած նախագիծն է, և սա կոալիցիոն կառավարություն է, և բնականաբար, մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու»:

Կառավարությունը հավելյալ ջրի բաց թողնման հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից առաջացած գումարները նախատեսում է հավաքագրել: Ակնկալում են շուրջ 2.5 միլիարդի հասույթ: Այդ նպատակով կստեղծվի արտաբյուջետային հաշիվ: Բայց կառավարության ներկայացուցիչը հստակ չգիտեր, թե ինչի վրա են գումարները ծախսելու։

Ընդդիմադիր «Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանի խոսքով, ոռոգման համակարգում ջրի կորուստները կազմում են մոտ 55 տոկոս։ Կառավարության ներկայացուցիչը հաստատեց պատգամավորի հրապարակած թիվը: Ըստ Արսեն Հարությունյանի, այս տարի կառավարությունը կավարտի ավելի քան 37 միլիոն դոլար արժողությամբ ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը:

Ընդդիմադիր պատգամավորը կոռուպցիոն ռիսկ է տեսնում՝ գումարները ծախսվել են, իսկ ոռոգման համակարգի խնդիրը չեն վերացել․ - «Հիմա եթե հաշվարկենք Սևանա լճի 270 միլիոն խորանարդ մետր ջրառի կորուստը, ապա 121-ից 148 միլիոն խորանարդ մետր ջուր կորելո՞ւ է: Իրականում դժվար է պատկերացնել, որ այդ քանակությամբ ջուր կարող է ընդհանրապես կորել կամ գոլորշիանալ: Եվ մենք կարծում ենք, որ այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր: Ջրօգտագործման ընկերությունները հանրային ռեսուրսից անօրինական փող են աշխատում: Մինչդեռ օրինագծում գրված է, որ կոռուպցիոն ռիսկեր օրինագիծը չի պարունակում»:

Հանրապետականների համար քննարկվող հարցի պատասխանը միանշանակ էր: Էդուարդ Շարմազանովը պատկերավոր ներկայացրեց դեմ քվեարկության հեռանկարը․ - «Եթե մենք էս օրենքին կողմ չենք քվեարկում, 130 հազար գյուղացի մնում ա առանց ջուր: Դուք պատկերացնո՞ւմ եք սա ինչ կատաստրոֆիկ իրավիճակ ա: Ու մենք պետք ա պարզ ճակատով մտնենք, այդ գյուղացիներին ասենք՝ գիտեք ինչ կա, որպեսզի Սևանի մակարդակը մի քանի սանտիմետր ավելի լիներ, մենք ձեզ ջուր չտվեցինք»:

Ընդդիմադիր պատգամավորները խոսում էին Սևանի էկոհամակարգի պահպանման խնդիրներից, ինչին ի պատասխան հանրապետականները հորդորում էին չմոռանալ ոռոգման անհրաժեշտության մասին:

Արման Սաղաթելյանի կարծիքով, նույն հարցի շուրջ կարող են լինել տարբեր ընկալումներ․ - «Իմ երեխաները կով էին տեսնում փոքր ժամանակ, ուրախանում էին․․․ Բայց գյուղաբնակի համար կովը դա իր ապրուստի հիմնական և ամենակարևոր միջոցն է, և իր ընկալումը այդ կենդանում և քաղաքաբնակ բնակչի ընկալումը բացարձակ տարբեր է: Ավելին, մսավաճառը մեկ տեսանկյունից է նայում կովին, կենդանաբանը՝ այլ, իսկ որոշների համար դա ընդամենը սննդի աղբյուր է․ որքան էլ որ տխուր լինի, որ այդ կենդանին սպանվում է, որպեսզի այդ սպիտակուցը սպառի մարդկությունը»:

Տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական կարծիքը այսօր ամբիոնից ներկայացրեց Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը:

Ընդդիմադիր Լենա Նազարյանն ասաց, թե Հարությունյանի ներկայացրած ցանկացած տվյալ հավատ չի ներշնչում․ - «Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոցը տանող ճանապարհին, լճի ափից մի քիչ հեռու 2009 թվականին կառուցված է մի առանձնատուն, որը, գյուղացիների վկայությամբ, պատկանում է Արամ Հարությունյանին: Եվ բետոնե հիմքի վրա կառուցված շինությունը գտնվում է 1900 մետր բացարձակ նիշի վրա: Մինչդեռ 1903 մետրն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է ազատ լինի ջրի տակ անցնելու համար»:

«Այն հիմնականում իրենից ներկայացնում է մետաղական թեթև կոնստրուկցիա՝ տեղափոխման հնարավորությամբ, որին լճի բարձրացման վտանգ չի սպառնում: Եվ լինելով ոչ հիմնական կառույց, անհրաժեշտության դեպքում կարող է տեղափոխվել ցանկացած նիշի», - արձագանքեց Հարությունյանը:

«Ելք»-ից Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենք դիմելու են Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար: Ըստ պատգամավորի, բազմաթիվ հիմքեր կան:

Զեյնալյանը ակնկալում է ընդդիմադիր գործընկերների աջակցությունը: ՍԴ դիմելու համար 21 ստորագրություն է անհրաժեշտ, «Ելք»-ն ունի 9 պատգամավոր:

XS
SM
MD
LG