Ազգային ժողովն այսօր առավոտյան մեկնարկած արտահերթ նստաշրջանում քննարկում է Սևանից հավելյալ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու նախագիծը, որով առաջարկվում է ներկայիս տարեկան 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն լճից բաց թողնել 270 խորանարդ մետր ջուր:
Լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորում է էներգետիկ և ոռոգման կարիքներով:
Բնապահպանները, մինչդեռ, պնդում են, որ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախաձեռնության հիմնական պատճառներից են ռուսական կապիտալով աշխատող ՀԷԿ-երի համար հավելյալ շահույթներ ապահովելը, ձկնաբուծարանները ջրով ապահովելը, լճափի մասնավոր կառույցները, այդ թվում՝ առանձնատները ջրից պաշտպանելու ցանկությունը:
Ավելի քան յոթ տասնյակ կազմակերպությունների կողմից ստեղծված «S.O.S. Սևան» նախաձեռնությունը մտադիր է բողոքի ակցիաների միջոցով խորհրդարանին պարտադրել չընդունել կառավարության ներկայացրած նախագիծը։ Բնապահպանները հայտարարում են՝ իրականում լճից բաց թողնվող ջրի միայն չնչին մասն է հասնում գյուղացիներին։
Ազգային ժողովի այսօրվա նիստին զուգահեռ՝ «S.O.S. Սևանը» բողոքի ակցիա է անցկացնում խորհրդարանի շենքի մոտ:
Նշենք նաև, որ բնապահպանության նախարարությունը բացասական կարծիք է տվել նախագծի վերաբերյալ:
Մանրամասները՝ «Ազատության» այսօրվա ռեպորտաժներում