Մատչելիության հղումներ

Նարեկցիները վստահ չեն, որ Սևանի ջուրը կհասնի գյուղացուն, «էլի կգնա մեծահարուստներին»


Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում, որի բնակիչները հիմնականում այգեգործությամբ են զբաղվում, ոռոգման ջրից գոհ են։ «Այո, չենք բողոքում, շատ լավ ա էս տարի։ Բոլոր տարիներին ա լավ, բայց էս տարի առավել ևս։ Մեր մոտ ես չեմ լսել, որ ժողովուրդը բողոքի»,- ասում է գյուղացիներից մեկը։

Քաղցրաշենին կպած՝ 200 տնտեսություն ունեցող Նարեկ գյուղում, մինչդեռ, ոռոգման ջրի խնդիր կա։ Այս գյուղի ներքևի հատվածի հողերում տնտեսվարողները ջրից գոհ են, խնդիրը բարձրադիր տարածքներում է: «Ազատության» թղթակցի այցելության պահին 2 հա տարածքով այգի ունեցող Սամվել Գրիգորյանն այգին էր ջրում․ «Ես գոհ եմ, բավարար ա լրիվ... էն վերևները ռելիեֆը նենց ա, որ մի քիչ դժվար ա»:

Նարեկի գյուղապետարանի սոցիալ-տնտեսական հարցերի պատասխանատու Զավեն Բալյանն ասում է՝ սպասում են, որ Սևանից բաց թողնվելիք ջրից իրենց էլ կհասնի։ Նարեկում ոռոգման ջուրը գյուղացիներին հասցնող Լևիկ Ոսկանյանն ուշադիր հետևում է Ազգային ժողովում Սևանից լրացուցիչ ջրառի նախագծի քննարկումներին ու չի կարողանում պատասխանել հարցին՝ ճի՞շտ է Սևանից ավելի շատ ջուր վերցնելը, թե ոչ։

«Որ Սևանը մեր երկրի, մեր Հայաստանի հարստությունն է, այո, եթե պիտի իրան խանգարի, չպետք է ջուր բաց թողնեն: Բայց դե մեր նման գյուղացիներն էլ ինչո՞վ են մեղավոր, որ ջուր չունեն։ Ախր մենք էլ ահագին գումար ենք ներդրել, վարկ ենք վերցրել, գոնե ներդրածը չհանե՞նք, գնա կորի»,- ասում է Լևիկ Ոսկանյանը:

Նարեկի բնակիչները, նաև գյուղապետարանի ներկայացուցիչները հաստատեցին, որ գյուղի բարձրադիր հատվածներում ջրի լուրջ խնդիր կա: Պատմեցին, որ այնտեղ ավելի քան 100 հա սեփական հողատարածք ունի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը։ Նարեկցիներն ասացին նաև, որ դեռ տարիներ առաջ Աբրահամյանների այգիների համար ջրի ակունքներից առանձին խողովակաշար է անցկացվել ու պոմպակայան կառուցվել։ Ջուր բաշխող Լևիկ Ոսկանյանը կասկածներ ունի, որ ջուրը նախ Աբրահամյանների այգիներն է հասնում, հետո նոր միայն գյուղացիներին։

«Այ եթե մեր երկիրը մի քիչ ուրիշ երկիր լիներ, չէի կասկածի: Հիմա հաստատ կասկածում եմ։ Էտ արդեն էնքան խելքին մոտիկ բան չի, որ մեծահարուստների նասոսներն անջատեն, տան գյուղացուն։ Էդ ո՞րտեղ ա գրած։ Չի ըլնի»:

Նարեկն ընդգրկված է այն 12 գյուղերի ցանկում, որոնց ոռոգման համակարգը բարելավելու համար կառավարությունը նախատեսել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով Գառնիի Ազատ գետից ջուրը գյուղացիներին հասցնելու համար 10 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր իրականացնել: Կառուցվելիք ոռոգման համակարգից, նաև Սևանի ջրից ակնկալիքներ ունեցող գյուղացիները, սակայն, կասկածներ ունեն, որ «վերևներում» վեճի առարկա դարձած ջրաքանակները մեծահարուստների, ոչ թե գյուղացիների համար են․ «Ով ա՞ իմանում, մինչև էդ ջուրը գա հասնի ստեղ, շատ հնարավոր ա, որ էնտեղ հեկտարները կաճեն, էլի մեզ չի հասնի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG