Պաշտոնական Երևանը պնդում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ձեռքում հայտնված Հայաստանի քաղաքացի 43-ամյա Զավեր Կարապետյանը քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի։
Հայաստանի արտգործնախարարությունն այսօր պաշտոնապես դիմել է ԵԱՀԿ-ին և ապացույցներ ներկայացրել կառույցին Կարապետյանի քաղաքացիական անձ լինելու մասին։
Նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը պնդեց, որ ադրբեջանական կողմը խախտել է բոլոր միջազգային կոնվենցիաները․ - «Հայտնի չի ինչ ճանապարհով է հայտնվել․․․ էն զինվորական բաճկոնը, որ ընդհանրապես չի օգտագործվում հայկական զինված ուժերում: Փորձել են ներկայացնել որպես դիվերսանտ: Առաջին հերթին դա բոլոր հնարավոր միջազգային հումանիտար պարտավորությունների խախտում է, որով չի թույլատրվում պարզապես նման կարգավիճակով հայտնված մարդկանց իրենց կամքին հակառակ ցուցադրելը»:
Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց՝ պնդելով, որ հայ դիվերսանտ են գերեվարել։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ տեսանյութում հայերենով հարցերին պատասխանող անձը 1974 թվականին ծնված Զավեր Կարապետյանն է։
Այսօր Հայաստանի ոստիկանությունը մանրամասներ ներկայացրեց պաշտոնական Բաքվի կողմից դիվերսանտ ներկայացվող Կարապետյանի մասին։ Հայաստանի իրավապահները պնդում են, որ նա առողջական խնդիրներ ունի, մասնավորապես՝ մտավոր հետամնացություն։ Մանկատանն է մեծացել, իսկ վերջին տարիներին թափառական կյանք է վարել։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները Զավեր Կարապետյանին հանդիպելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։
Կարմիր խաչի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այժմ Ադրբեջանի պետական կառույցների հետ երկխոսություն է ընթացում:
Թե երբ հնարավոր կլինի հանդիպել Հայաստանի քաղաքացուն, դեռ պարզ չէ․ - «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին վարում է իր կոնֆիդենցիալ երկխոսությունը համապատասախան կողմերի հետ, որպեսզի կարողանա ստանալ հնարավորություն այցելելու տվյալ անձին»:
Ամատունին ասաց, որ կոմիտեն ջանքեր է գործադրում Հայաստանի քաղաքացուն հնարավորինս շուտ հանդիպելու համար։
Զավեր Կարապետյանը, ըստ Հայաստանի ոստիկանության, վերջին տարիներին բնակության վայր չի ունեցել, տարբեր տեղերում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Իրավապահները նաև մանրամասնում են, որ 43-ամյա տղամարդը առողջական խնդիրների պատճառով դեռ 1993 թվականին ազատվել է զինծառայությունից։
Ադրբեջանի զինված ուժերի հրապարակած տեսանյութում որպես դիվերսանտ ներկայացվող զինվորական բաճկոնով տղամարդը ասում է, որ Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի բնակիչ է և գումարի դիմաց մարտական հերթապահություն է իրականացնում։ Դովեղ համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Կարապետյանը իրենց գյուղից չէ, և դովեղցիները նրան չեն ճանաչում։
Տղամարդու Հայաստանի քաղաքացի լինելը հաստատում է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ Նրա խոսքով, Կարապետյանը Վանաձորի տարեցների տանն է գրանցված եղել՝ անձնագիր ստանալու համար։
Վանաձորի տարեցների տան տնօրեն Մանուշակ Օհանյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ իրենց շենքում Զավեր Կարապետյան անունով քաղաքացի գրանցված է, բայց նա երբեք այստեղ չի բնակվել․ - «Նման անուն-ազգանունով անձնավորություն երբևիցե որպես խնամառու գրանցված չի եղել, այստեղ չի բնակվել: Ես անձամբ իրեն չեմ ճանաչում»:
Օհանյանը ասաց, որ մինչև 2000-ականների սկզբ տարեցների տան շենքում «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամն է գործել, և մանկատան սան Կարապետյանը թերևս նրանց խնամյալն էր, սակայն նրա հետագա ճակատագրից տեղյակ չեն։
Թե ինչպես է մտավոր հետամնացություն ունեցող քաղաքացին անցել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանը, իրավապահները դեռ չեն մանրամասնում։
Սա Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձին դիվերսանտ ներկայացնելու առաջին դեպքը չէ։ 2014 թվականի հունվարին գերեվարված Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը Ադրբեջանում ներկայացվեց որպես դիվերսանտ։ Հոգեկան խնդիրներ ունեցող ծերունին ամիսներ հետո վերադարձվեց հայկական կողմին և հիվանդանոցում մահացավ։
Իսկ 2014 թվականի օգոստոսին Չինարի գյուղի երիտասարդ բնակիչ Կարեն Պետրոսյանն էր գերի ընկել և պաշտոնական Բաքվի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ։ Պետրոսյանը գերության մեջ մեկ օր էլ չապրեց։
Այս դեպքերը Հայաստանի արտգործնախարարությունը հիշեցրել է նաև ԵԱՀԿ-ին։