Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը պնդում է՝ վարչապետը նշանակվել է Սահմանադրության խախտմամբ


Ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի պնդմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրության պահանջների խախտմամբ է մայիսի 18-ին վարչապետ վերանշանակել Կարեն Կարապետյանին, քանի որ այդ որոշման համար չի խորհրդակցել ԱԺ բոլոր խմբակցությունների հետ, ինչն պատգամավորի պնդմամբ՝ պարտադիր պահանջ է։

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի պնդմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրության պահանջների խախտմամբ է մայիսի 18-ին վարչապետ վերանշանակել Կարեն Կարապետյանին, քանի որ այդ որոշման համար չի խորհրդակցել ԱԺ բոլոր խմբակցությունների հետ, ինչը պատգամավորի պնդմամբ՝ պարտադիր պահանջ է։

Նշելով, որ «Ելք» դաշինքի հետ որևէ քննարկում չի եղել՝ Մարուքյանը հիշեցրեց․ - «Ես նախկինում եղել եմ անկախ պատգամավոր, ես հիշում եմ, որ խմբակցությունների հետ այդպիսի խորհրդակցություններ եղել են նշանակումից առաջ և պետք է հիմա էլ լիներ, բայց չի եղել»:

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Կառավարությունը Սահմանադրության պահանջով հրաժարական ներկայացրեց: Նույն օրը Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին վերանշանակեց վարչապետ, թեև Սահմանադրության համաձայն դա կարող էր անել տասնօրյա ժամկետում: Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը, որին հղում է անում «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, սահմանում է՝ եթե խմբակցությունների հետ խորհրդակցությունները անհնարին են, ապա նախագահը վարչապետ է նշանակում առավել թվով պատգամավորների հավանությանն արժանացած անձին։ Մարուքյանը նկատում է՝ ընդդիմության դերակատարությունը մեծացնելու մասին խոսող Սերժ Սարգսյանը կարող էր, թեկուզ ձևականորեն պահպանել ընդդիմադիրների հետ խորհրդակցելու պահանջը: «Ելք» խմբակցությունը, միևնույն է, նախագահի որոշման վրա ազդել չէր կարող:

Խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժի՝ ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի խոսքով, վարչապետ նշանակելու հարցում Սերժ Սարգսյանը չի խորհրդակցել նաև իրենց խմբակցության հետ։ Միևնույն ժամանակ` Մելքումյանի կարծիքով նախագահը կարող էր չխորհրդակցել բոլորի հետ, քանի ՀՀԿ-ի քվեն բավարարում է ինքնուրույն որոշում կայացնելու համար:

ԱԺ խմբակցությունների հետ խորհրդակցությունների վերաբերյալ տեղեկություն չկա նաև նախագահի պաշտոնական կայքէջում։ Հանրապետականների կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունն, ըստ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, խորհրդակցություն ունեցել է նախագահի հետ։ «Ազատության» հետ հեռախոսազրույցում, սակայն, Վարդանյանը չհստակեցրեց, թե երբ և ինչ ձևաչափով է եղել այդ խորհրդակցությունը։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդունում է՝ ոչ բոլորի հետ է խորհրդակցել, սակայն դրա համար, ըստ նրա, օբյեկտիվ պատճառներ կային․ - «Դա պարզապես անհնարին էր, որովհետև ամսի 18-ին դեռ խմբակցությունները ձևավորված չէին»:

Էդմոն Մարուքյանը հակադարձում է․ - «Հենց այդ փաստարկը գալիս է ապացուցելու, որ եթե խմբակցությունները չեն ձևավորվել, պետք է սպասել ձևավորվեին, նոր քննարկում անել, ոչ թե ընդհակառակը»:

Ակնկալվում է, որ արդեն առաջիկա օրերին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր խորհրդարանին կներկայացնի Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը։ Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը պատրաստվում է վարչապետի նշանակման հարցը բարձրացնել նաև այդ նիստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG