Մատչելիության հղումներ

Չեզոք գոտուց տարհանվել են ադրբեջանցի զինվորների դիակները


Փետրվարի 25-ից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի չեզոք գոտում մնացած 5 ադրբեջանցի զինծառայողների դիակների դուրս բերման շուրջ կողմերն այսօր վերջապես համաձայնության եկան:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ այսօր ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվել է դիակների դուրսբերումը:

«Ազատության» հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը նշեց, որ դուրս բերման գործընթացն իրականացվել այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է ղարաբաղյան կողմը, բայց թե որոնք էին այդ պայմանները, Բաբայանը չմանրամասնեց․ - «Մանրամասն չեմ կարող տալ, բայց ասեմ մի բան: Արցախյանը կողմը ոչ թե այնպիսի առաջարկներ է արել, որը խախտում է միջազգային իրավունքը․․․ Ընդհակառակը»:

Մինչդեռ մինչև այսօր ժամը 17-ը կողմերն իրար էին մեղադրում նախնական պայմանավորվածությունը խախտելու և փետրվարի 26-ին դիակների դուրս բերման գործընթացը խոչընդոտելու համար: Ադրբեջանը մեղավորության սլաքը ուղղել էր ղարաբաղյան կողմի վրա՝ նշելով, որ վերջինս «գործընթացը խոչընդոտելու նպատակով անընդունելի պահանջներ էր առաջ քաշել»։

Սրան հակադարձել էր Պաշտպանության բանակն ու շեշտել, որ ձգձգման մեղավորը հենց ադրբեջանական կողմն է: Նույնն է պնդում նաև Դավիթ Բաբայանը․ - «Ադրբեջանական կողմը արհեստական խոչընդոտներ էր այս գործընթացում ներկայացնում, և այնուհետև, ըստ երևույթին, այնտեղ հասարակական ճնշումը բավականին մեծ էր: Մենք գիտենք, ժողովրդի, հասարակության շրջանում մեծ դժգոհություն կա, մեծ խուճապ կա, որ շատ զոհեր են եղել, որ չեն հրապարակում անունները: Եվ նրանք ստիպված համաձայնել են օրենքի շրջանակում այս ամենը իրականացնել»:

Իսկ կիրակի երեկոյան սահմանային լարվածության աճին անդրադարձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Կողմերին հիշեցնելով ուժի կիրառումից զերծ մնալու պարտավորվածությունների մասին՝ համանախագահները կոչ են արել շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում և թույլ տալ դուրս բերել զոհվածների մարմինները:

Դավիթ Բաբայանի կարծիքով, եռանախագահների այս կոչերն առաջին հերթին ուղղված են ադրբեջանական կողմին, քանի որ նրանց գործելաոճի հետևանքով է իրադրությունը սրվում․ - «Այդ մահերը, այդ դիակները Ալիևի վարչակազմի մեղքին է, որովհետև եթե ինքը հանցագործ հրաման չտար, այդ մարդիկ միգուցե լինեին իրենց ընտանիքների հետ»:

Փետրվարի 25-ին Պաշտպանության բանակը հայտել էր նաև, որ սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ է նկատվում: Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն նշում է, որ իրավիճակը շարունակում է մնալ նույնը և առաջապահ ստոաբաժանումներն այս օրերին կրկնկապատկել են զգոնությունը․ - «Զինտեխնիկայի կուտակում չկա: Ուժերի շարժ կա, որը հայտնել է Պաշտպանության բանակը ամսի 25-26-ին: Դա պահպանվում է, նույն իրավիճակում է: Մեծ կուտակումների մասին չի խոսքը․ բայց դրանք կան և մշտապես վերահսկողության տակ են»:

Թեև այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն Հովհաննիսյանը չի թաքցնում, որ Հայաստանից մինչև Լեռնային Ղարաբաղ վերջին շրջանում սահմանային լարվածությունն աճ կա:

Փետրվարի 25-ին ադրբեջանական կողմը թիրախավորել էր Տավուշի մարզի բնակավայրերը, կրակոցները շարունակվել են նաև անցնած գիշեր․ - «Կրակել են ընդհուպ մինչև մեծ տրամաչափի հրաձգային զենքերից: Բարեբախտաբար, կորուստներ չկան»:

Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքի պատճառը, ըստ քաղաքագետ Մանվել Սարգսյանի, բանակցությունների գործընթացի տապալումն ու միջազգային հանրության ճնշումն է: Վերլուծաբանը նկատում է, որ Մինսկի խումբը չի մոռանում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, իսկ Ադրբեջանը ցանկություն չունի դրանք իրագործված տեսնել:

Կողմերը, հիշեցնենք, անցած տարի պայմանավորվել էին մեծացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների շրջանակը և միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնել:

«Խնդիր այն է՝ ստիպել, որ համանախագահող երկրները այդ պահանջները փոխեն: Եվ հիմնական ազդելու ձևը դա շփման գիծն է: Նրանք անընդհատ շանտաժի են ենթարկում բոլորին, որ չեն ենթարկվի որևէ պահանջների, և իրենց պահանջներն են դնում: Վերջին հայտարարությունը դա էր՝ կա՛մ ստիպել Հայաստանին դուրս գալ զբաղեցրած տարածքներից, կա՛մ մենք ձևեր գտնելու ենք, հարցերը լուծենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանվել Սարգսյանը:

Ապրիլյան ռազմական գործողությունների կրկնություն առաջիկայում քաղաքագետը չի կանխատեսում․ հարևան երկիրը, նրա կարծիքով, պատրաստ չէ նման քայլի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG