Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի տեղեկացմամբ՝ փետրվարի լույս 25 գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով չեզոք գոտում մնացած ադրբեջանցի զինվորների մարմինների դուրս բերումը չէր կայացել Ադրբեջանի մեղքով:
«Ազատության» հետ զրույցում Բաբայանը նաև հերքեց Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարությունը, թե «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների միջնորդությամբ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը փետրվարի 26-ին խախտել է հայկական կողմը և գործընթացը խոչընդոտելու նպատակով անընդունելի պահանջներ է առաջ քաշել»․ - «Տենց բան չկա: Ընդհանրապես այդ դիակները դուրս բերելու հստակ կարգ կա: Պարզապես Ադրբեջանը խախտել է այդ կարգը: Ես չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, սա փակ տեղեկություն է: Բայց խախտողները իրենք են եղել: Մենք երբևիցե որևէ խոչընդոտ արհեստականորեն չենք ստեղծել: Իրենք իրենց պայմանավորվածությունը խախտել են, ինչպես միշտ անում են»:
Դիակների դուրս բերման պայմանավորվածության խախտմանն ու սահմանին լարվածության սրմանը երեկ արձագանքել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Կողմերին հիշեցնելով ուժի կիրառումից զերծ մնալու պարտավորվածությունների մասին՝ համանախագահները կոչ են արել շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում և թույլ տալ դուրս բերել զոհվածների մարմինները, ինչպես պայմանավորվել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ:
Դավիթ Բաբայանի կարծիքով, Մինսկի խմբի այս կոչերն առաջին հերթին ուղղված են ադրբեջանական կողմին, քանի որ նրանց գործելաոճի հետևանքով է իրադրությունը սրվում:
«Այդ մահերը, այդ դիակները Ալիևի վարչակազմի մեղքին է, որովհետև եթե ինքը հանցագործ հրաման չտար, այդ մարդիկ միգուցե լինեին իրենց ընտանիքների հետ: Նորից եմ ուզում կրկնել՝ ադրբեջանական ժողովուրդը մենք թշնամի չենք համարում»: