Մատչելիության հղումներ

ՀՀ ոստիկանություն․ Լապշինի նկատմամբ Ինտերպոլը հետախուզում չի հայտարարել


Ալեքսանդր Լապշինը Բաքվի օդանավակայանում, 7-ը փետրվարի, 2017թ․
Ալեքսանդր Լապշինը Բաքվի օդանավակայանում, 7-ը փետրվարի, 2017թ․

Հայաստանի ոստիկանությունը պարզել է, որ Մինսկում ձերբակալված և Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ երբեք Ինտերպոլի հետախուզում հայտարարված չի եղել։

Ըստ ոստիկանության, երբ Բելառուսի պաշտոնական աղբյուրները հայտնել են, թե Ինտերպոլի կողմից նրա նկատմամբ միջազգային հետախուզում է եղել, Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոն ստուգել է բազայում, այնտեղ Լապշինի անունը չգտնելով, լրացուցիչ հարցում է արել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության գլխամաս։

Ոստիկանության փոխանցմամբ, Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից պատասխանել են, որ բազայում նման տեղեկություն առկա չէ։

Լապշինի աջակցության փաստաբանական խմբի անդամ Արա Ղազարյանի խոսքով, սա ևս մեկ անգամ խոսում է, որ բոլգերին պատժելը առանց իրավական հիմքի քաղաքական որոշում է․ - «Ինտերպոլի կանոնադրության մեջ նշված է, որ Ինտերպոլը պետք է համագործակցի պետությունների հետ սովորական հանցագործների հարցով: Բայց չպետք է համագործակցի պետությունների հետ, եթե քրեական հետապնդումն իրականացվում է քաղաքական նպատակներով, խտրականության, կապված անձի՝ հրապարակայնորեն արտահայտած կարծիքների հետ: Նման աղմուկի պայմաններում շատ դժվար կլիներ Բելառուսին և Ադրբեջանին համոզել Ինտերպոլին, որ Լապշինը հետապնդվում է հենց միայն հանցագործություն կատարելու համար, և որ քաղաքական հիմքեր չկան»:

Օրվա ընթացքում ավելի ուշ Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը պարզաբանել է իրավիճակը՝ նշելով, որ Լապշինի նկատմամբ ոչ թե միջազգային՝ Ինտերպոլի, այլ միայն միջպետական հետախուզում է հայտարարված եղել։

Մինչդեռ, անցյալ շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ հայտարարեց․ - «Ադրբեջանը դիմել է ոչ թե մեզ, այլ Ինտերպոլին: Մենք Ինտերպոլի որոշման համաձայն նրան ձերբակալել ենք, օրենքի համաձայն նրան պետք է հանձնենք Ադբեջանին, այդպես չէ՞։ Կարող ենք նրան բաց թողնել, բայց դա ճիշտ չի լինի, որովհետև այդպես էլ կարող են մեզ հետ վարվել, երբ որևէ մեկին ցանկանանք ձերբակալել»։

2011-ին և 2012-ին Ղարաբաղ այցելած, ապա այդ պատճառով Ադրբեջանի սև ցուցակում հայտնված բլոգերը ավելի ուշ ճամփորդել է նաև Բաքու, որտեղ սահմանին նրան չեն արգելել մուտք գործել, քանի որ 3 երկրների ճամփորդական փաստաթուղթ ունեցող Լապշինը օգտագործել է մյուս անձնագիրը։

Ավելի ուշ Ադբեջանը նրան դեմ քրեական գործ է հարուցել երկու հոդվածներով՝ Ադրբեջանի պետական սահմանի խախտման և այդ երկրի տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի տապալման և սեպարատիզմ քարոզելու հոդվածներով։

Արա Ղազարյանը պնդում է, որ այդ հոդվածներից ոչ մեկով քրեական գործ հարուցելու իրավական հիմքեր չկան․ - «Տվյալ դեպքում նա քաղաքական հետապնդման է ենթարկվում իրավական գործընթացներով: Դա զուտ շիման է, ձևականություն է: Լապշինը ենթարկվում է քրեական հետապնդման Ադրբեջանի կողմից նրա համար, որ նա հրապարակավ ընդունել է Ղարաբաղի ազատ ինքնորոշման իրավունքը․․․ Այսինքն, ով հրապարակավ հայտարարի, որ Ղարաբաղը ունի ինքնորոշման իրավունք, նա, ըստ Ադրբեջանի առաջարկած սկզբունքի, հանցագործություն է կատարում Ադրբեջանի դեմ»:

Թեև ադրբեջանական կողմը պնդում է, որ Լապշինը անօրինական է մուտք գործել Ադրբեջան, քանի որ նրա անունն իրենց երկիր մուտքի արգելքի ցուցակում էր, այնումամենայնիվ փաստաբան Ղազարանը պնդում է, որ այստեղ ևս հանցակազմ չկա․ - «Փաստերը ցույց են տալիս, որ նա մուտք է գործել սահմանակետով: Եվ եթե նրա մուտքը արգելված էր, բայց նա մուտք է գործել, ապա այն պատճառով, որ նրան թույլ են տվել: Այսինքն նա մեղք չի գործել․ առանց մեղքի չկա հանցագործություն»:

Թեև այս փաստարկները ներկայացրել է նաև Լապշինի բելառուս փաստաբանը, այնուամենայնիվ երեքշաբթի օրը նա արտահանձնվեց Ադրբեջան։

«Պետք չէ շատ շրջանառել այս թեման, որովհետև այսբերգի ամենամեծ հատվածը ջրի տակ է և չի երևում», - անցյալ շաբաթ հայտարարել է Բելառուսի նախագահը՝ վստահ, որ Լապշինի հարցում Ռուսաստանը, Իսրայելը և Ադրբեջանը կգան համաձայնության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG