Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարում է, որ Բելառուսում բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և նրա արտահանձնումը Ադրբեջանին չի կարող որևէ նշանակություն ունենալ Լեռնային Ղարաբաղում լրագրողների ու իրավապաշտպանների աշխատանքի համար:
«Այդ աշխատանքը համարվել և միշտ կհամարվի իրավաչափ. սա է սկզբունքը», - ասված է օմբուդսմենի հայտարարությունում։
Ըստ Թաթոյանի, Լապշինի արտահանձման փաստն ակնհայտորեն կապված է խոսքի ազատության նկատմամբ ոտնձգության հետ:
«Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց անմիջապես հետո ձեռնաշղթաներ կրող լրագրողին դիմակավորված ուժային անձանց կողմից ուղեկցումը ու դրա լայն լուսաբանումն արդեն իսկ վկայում են նրա նկատմամբ արգելված վերաբերմունքի ակնհայտ հատկանիշների մասին», - հայտարարել է Թաթոյանը՝ նշելով. - «Միջազգային լրագրողների, իրավապաշտպանների կողմից այցելությունները Արցախ խթանելը, միջազգային հանդիպումներին Արցախի ժողովրդավարական ինստիտուտների մասնակցությանը նպաստելը պետք է լինեն յուրաքանչյուրիս աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը: Այդ ուղղությամբ հիմնարար աշխատանք տանելուն այլընտրանք չկա»։
Հիշեցնենք, Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է անցած տարեվերջին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, Լեռնային Ղարաբաղ այցելելու և Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու համար: Երեկ երեկոյան Բելառուսը բլոգերին արտահանձնեց Ադրբեջանին: