Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները իշխանությունից համարժեք քայլեր են ակնկալում


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, արխիվ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, արխիվ:

7 լրագրողական կազմակերպություն պահանջում են իշխանությունից համարժեք քայլեր ձեռնարկել ընտրությունների ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը խոչընդոտած անձանց պատասխանատվության ենթարկելու համար։

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտման 4 դեպք։ Ընդ որում՝ դրանցից երկուսը զուգորդվել են ֆիզիկական բռնությամբ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով, իրավիճակը չփոխվեց անգամ այն բանից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսյան իրադարձություններից հետո ներողություն խնդրեց ու հայտարարեց, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն էլ չեն կրկնվի․ - «Այն լրագրողները, որոնք ներգրավված են այդ գործում, և նրանց փաստաբանները շարունակում են պնդել, որ և՛ «Էլեկտրիկ Երևանի» գործով, և՛ Սարի Թաղի գործով իրավապահների գործողությունները զուտ ֆորմալ, ձևական բնույթ են կրում»:

Լրագրողի նկատմամբ բռնության ամենաթարմ դեպքը արձանագրվեց հոկտեմբերի 2-ին, երբ Վանաձորում հարձակման ենթարկվեց Արարատնյուզ.ամ կայքի լրագրող Շողիկ Գալստյանը։

«Կինը, որը խլեց հեռախոսս, կոտրեց, առավոտյան ժամը 9-ից էնտեղ էր, ու անընդհատ քաղաքացիների հետ շփումներ, քաղաքացիներին ուղղորդելու փորձեր: Մոտեցավ, ձեռքիցս խլել հեռախոսը ու ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ ասֆալտին նետեց ու կոտրեց», - պատմեց Գալստյանը:

Նա կասկածում է, որ մեղավորը կպատժվի։ Միջադեպը ոստիկանների աչքի առաջ է տեղի ունեցել, սակայն չեն միջամտել, մինչև կինը չի կոտրել հեռախոսը․ - «Միակ պաշտոնական ինֆորմացիան այն է, որ դատախազությունը նյութերը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Գործ հարուցվել է թե չի հարուցվել, տեղյակ չեմ․ պաշտոնական հաղորդագրություն չկա, ես որևէ ծանուցում չեմ ստացել»:

Աշոտ Մելիքյանի կարծիքով, սեպտեմբեր-հոկտեմբերին լրագրողների նկատմամբ բռնությունն անպատժելիության հետևանք է․ - «Եթե անձը դուրս է գալիս հասարակական վայր, մանավանդ գնում է ընտրությունների, նախ դա հանրային վայրը է: Երկրորդը, որևէ օրենսդրական արգելք այդտեղ չկա: Այն անձինք, որոնք որ ասում են՝ չէ, ես չեմ ուզում ինձ նկարես, նրանք ուղղակի տեղյակ չեն օրենքից»:

Արթայմս.ամ կայքի լրագրող Տիգրան Մազմանյանի պնդմամբ, հենց այդպիսի պահանջ էր ներկայացնում Նոր կյանքում տեղամասերից մեկի նախագահ Խաժակ Աղաբեկյանը․ - «Ինքը վրդովվեց՝ մի՛ նկարիր․․․ Ռեակցիա չտվեցի: Մի անգամ հարվածեց կամերային, երկրորդ անգամ ա մոտիկանում, խփում ա ու դուրս ա գալիս տեղամասից»:

Փոտոլրագրողը, սակայն, չի ցանկացել գործին ընթացք տալ․ - «Ուղղակի երկար քաշքշուկների մեջ չընկնելու համար բողոքը հետ վերցրեցի, որովհետև հնարավորություն չկար աշխատանքի բերումով ամեն օր գնալ-գալ»:

«Ափսոսում ենք, երբ լրագրողները հրաժարվում են պայքարից, բայց մյուս կողմից էլ հասկանալի է, որ իսկապես հավատը և վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ շատ ցածր է, և շատերը ուղղակի չեն ուզում ժամանակ կորցնեն այդ քաշքշուկի վրա», - նշեց Աշոտ Մելիքյանը:

Լրագրողական կազմակերպությունները նաև մտահոգված են, որ հոկտեմբերի 2-ին Գյումրիի թիվ 34/73 և Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասերում ժամը 20:00-ից հետո անհիմն արգելվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ընտրատեղամաս ու մինչև հիմա այդ կապակցությամբ բացատրություն չի ներկայացվել։

Հայտարարությունում նշել են, որ ուշադիր հետևելու են իրավապահ մարմինների գործողություններին և անհրաժեշտության դեպքում գնահատականները ներկայացնելու են հայաստանյան և միջազգային հանրությանը։

XS
SM
MD
LG