Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր» խմբի անդամների հայրը պատրաստ է ստանձնել միջնորդի պարտականությունները


Armenia -- Armenak Kyureghian, father of members of "Sasna tsrer" Areg and Sergey Kyureghians. 29July, 2016
Armenia -- Armenak Kyureghian, father of members of "Sasna tsrer" Areg and Sergey Kyureghians. 29July, 2016

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը պատրաստ է միջնորդ դառնալ՝ վերսկսելու բանակացությունները զինված խմբի և իշխանությունների միջև:

«Ես, որպես Կյուրեղյանների հայր, նաև որպես քաղաքացի, համարում եմ ինձ ամենաշահագրգռված անձը այս հարցը խաղաղ, բանակցային և քաղաքական հարթության վրա լուծելու․․․ Դրա համար ես առաջարկում եմ իմ օժանդակությունը, իմ միջնորդությունը, ինչպես նաև ամեն ինչ, որպեսզի բանակցությունները վերսկսվի: Որովհետև տեսնում եմ, որ թե՛ մտավորականներ, թե՛ գործիչներ, թե՛ քաղաքական դեմքեր չեն ստանձնում կամ մերժում են տարբեր պատճառներով: Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, ամեն ինչ տալ, որպեսզի այս հարցը լուծվի առանց բախումների, առանց սրացումների և առանց մի կաթիլ արյուն թափվելու», - այս հայտարարեց Արմենակ Կյուրեղյանը:

Չցանկանալով կարծիք հայտնել նախորդ միջնորդ՝ ԼՂ խորհրդարանի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի մասին՝ Կյուրեղյանը ընդամենը ասաց, որ նա այլևս չի վայելում «Սասնա ծռերի» վստահությունը:

Բալասանյանը, հիշեցնենք, հայտարարել էր, թե կալանավայրում գտնվող Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սեֆիլյանը, մինչդեռ, իր պաշտպանի միջոցով փոխանցել էր, որ ինքը ոչ թե ընդհանրապես, այլ կոնկրետ այդ պահին է հրաժարվել հրաժարականի պահանջից:

Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հոր խոսքով՝ խնդիրը չի լուծվի առանց Ժիրայր Սեֆիլյանի մասնակցության․ - «Մենք բոլորս լսեցինք հեռուստացույցով, որ «Սասնա ծռերի» տղաները՝ բոլորը, պատրաստ են զենքը վայր դնել, եթե Ժիրայր Սեֆիլյանը իրենց այդպիսի հրաման տա: Այստեղ հայ ժողովրդի պարտության հարցն է դրած, և ոչ մի իշխանավոր, ոչ մի կողմ չպետք է մտածի՝ մենք պարտվեցինք, մենք հաղթեցինք․․․ Ամբիցիաները պետք է դրվեն կողքի: Առաջին հերթին՝ իշխանության կողմից: Սպասում եմ իշխանությունների բարի կամքին, որովհետև հարցը միայն այդ տղաների կյանքի հարցը չէ, որը շատ կարևոր է իմ համար, չեմ թաքցնում․․․ Հարցը ամբողջ Հայաստանի ճակատագրի հարցն է»:

«Ազատության» հարցին՝ կա՞ հույս, որ իշխանությունը պատրաստ է բարի կամքի նման դրսևորմանը, Կյուրեղյանն արձագանքեց․ - «Եթե ողջամիտ են, պետք է պատրաստ լինեն»:

Հայրը երկու օր չի կապվել որդիների հետ և տեղյակ չէ, թե ինչ է կատարվում այս պահին ՊՊԾ գնդի տարածքում: Առավել անհանգստացած է, որ ներկայիս լռությունը կարող է շատ դրամատիկ ավարտ ունենալ․ - «Սա նման է փոթորիկից առաջ խաղաղության: Դրա համար ես կարծում եմ, որ պիտի ժամ առաջ, օր առաջ, վայրկյան առաջ վերսկսել բանակցությունները»:

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե «փոթորիկ» ասելով, մասնավորապես, ինչ նկատի ունի, Կյուրեղանն ասաց, որ, մի կողմից, կա հասարակության բևեռացման վտանգը, մյուս կողմից՝ իշխանութուններն ակնարկում են, որ պատրաստ են ուժ կիրառել․ - «Այն աստիճան բևեռացում է, որ արդեն կարող են նույնիսկ ինձ չլսել այն մարդիկ, որոնք ուզում են բողոքի արտահայտություններ անել: Նաև իշխանության կողմից ցուցաբերած կոշտ ռեպրեսիոն գործողությունները, որ կատարվում են այս երկու օրը: Այսինքն գնում է էսկալացիա, որը կտանի բախման, ընդհարման ոչ թե գնդի ներսում, այլ գնդից դուրս, իսկ դա կբերի անդառնալի հետևանքների»:

Ազգային անվտանգության ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ առայժմ իրավասու չեն տեղեկատվություն տրամադրել միջնորդության կամ բանակցությունների գործընթացի վերաբերյալ:

XS
SM
MD
LG