Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը պահանջում է վերսկսել բանակցությունները զինված խմբի հետ


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանի գործող իշխանությունների և անձամբ դե-ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին օրերին ուժգնացած հակաօրինական գործողությունների հրահանգումը, կազմակերպումն ու իրագործումը»:

«Արհամարհելով Հայաստանի Հանրապետության ամբողջ ժողովրդի պահանջը, քաղաքական և հասարակական մի շարք դերակատարների, մտավորականության, ինչպես նաև ի դեմս ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջազգային հանրության հորդորները՝ հանգուցալուծել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով, դե-ֆակտո իշխանությունները ընտրել են արյունահեղության ուղին, ինչը դրսևորվեց բանակցությունների հրավիրված և հրազենից դավադրաբար վիրավորված Պավել Մանուկյանի, ապաև նրա որդու՝ Արամ Մանուկյանի դեպքում», - ասված է հաղորդագրությունում։

«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության պատվիրատուներն ու աջակիցները մինչ այժմ բացայատված չեն։

«2008թ. մարտի 1-ին դե-ֆակտո իշխանությունների կողմից 10 խաղաղ քաղաքացիների սպանությունն իրագործողներից և նրանց հրաման տվողներից որևէ մեկը պատասխանատվության ենթարկված չէ, երկրում համատարած կիրառվում է ընտրովի արդարադատություն, որի արդյունքում մարդասպանները չեն դատապարտվում, իսկ ամենաաննշան զանցանքը, սեփական քաղաքական հայացքների ոչ ստանդարտ ձևով խաղաղ արտահայտելը կարող է պատճառ դառնալ քաղաքացու տարիներով ազատազրկման: Արդյունքում ունենք 15 քաղբանտարկյալ, իսկ այժմ էլ՝ շինծու մեղադրանքներով տասնյակից ավելի ձերբակալվածներ։ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ, Երևան քաղաքի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը ապօրինի բերման է ենթարկվել, դաժանաբար ծեծվել է, որի արդյունքում նա կորցրել է գիտակցությունը. բժշկական հաստատությունում նրա մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում և բազմաթիվ վնասվածքներ՝ գլխի և մարմնի վրա: Նույն կերպ դաժան ծեծի են ենթարկվել մի շարք քաղաքացիական ակտիվիստներ», - հայտարարում է «Ժառանգությունը»-ը՝ շարունակելով. - «Վերջապես, երեկ՝ հուլիսի 27-ին, ընդամենը խաղաղ հանրահավաքի մասնակցելուն շտապող հարյուրավոր քաղաքացիներ կեղծ, շինծու մեղադրանքով, իբր անկարգություններին մասնակցելու համար, բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածների թվում են եղել նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Նախախորհրդարան»-ի և Հակաճգնաժամային խորհրդի մի շարք անդամներ»:

«Ժառանգություն»-ը հայտարարում է, որ Հայաստանում դադարել են գործել իրավապահ մարմինները, «քանի որ հակաօրինական գործողությունները, որոնք ավանդաբար և պարբերաբար կիրառվել են իշխանությունների կողմից, կարելի է որակել որպես սեփական քաղաքացիների ահաբեկմանն ուղղված պատժիչ գործողություններ»:

«Այս ամենը գալիս է հիմնավորելու այն փաստը, որ «Սասնա ծռեր»-ը հակաահաբեկչական խումբ է: Իսկ այն համաժողովրդական աջակցությունը, որը դրսևորվեց «Սասնա Ծռեր»-ի հանդեպ փաստում է, որ ամբողջ ժողովուրդը դարձել է իշխանությունը բռնազավթած վարչախմբի պատանդը, սակայն դեռ չի կորցրել հույսը ազատագրվելու և կառուցելու իր երազանքների Հայաստանը՝ ազատ, արդար և հզոր», - ասված է հայտարարությունում:

«Ժառանգություն»-ը պահանջում է «գործող դե-ֆակտո իշխանություններից՝ անհապաղ թույլ տալ սնունդ, ջուր և դեղորայք հասցնել ՊՊԾ գնդում պատսպարված «Սասնա ծռեր» խմբի անդամներին, ապաև վերսկսել նրանց հետ բանակցությունները՝ խնդիրը անարյուն հանգուցալուծման հասցնելու նպատակով»։

«Վերականգնել Հայաստանի Հանրապետությունում իրավապահ համակարգի գործունեությունը, անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և վերջին օրերին քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մյուս քաղաքացիներին և պատասխանատվության ենթարկել խաղաղ քաղաքացիների հանդեպ ապօրինություններ և բռնություններ գործադրած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։ Ձևավորել ժողովրդական վստահության ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի և կանցկացնի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ՝ արդեն այս տարվա դեկտեմբեր ամսին», - հայտարարում է «Ժառանգություն»-ը

Կուսակցությունը «կոչ է անում համաքաղաքացիներին դուրս գալ փողոց, մասնակցել հանրահավաքներին, իրենց բողոքի ձայնն արտահայտել ընդդեմ իշխանությունների ապօրինությունների և թույլ չտալ իշխանություններին շարունակելու արյունահեղությունը»:

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ արձագանքել Հայաստանում դե-ֆակտո իշխանությունների սանձազերծած համատարած պատժիչ գործողություններին, բռնաճնշումներին, մարդու իրավունքների զանգվածային խախտումներին», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG