Մատչելիության հղումներ

Իվան Վոլինկին․ ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեծ դիվիդենտներ է բերել Հայաստանին


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, արխիվ:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, արխիվ:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը համարում է, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մեծ դիվիդենտներ է բերել Հայաստանին՝ չնայած այդ միության հասցեին այսօր հնչող սուր քննադատությանը:

«Այդ ամբողջ քննադատությունը Եվրասիական տնտեսական միության հասցեին միանգամայն անհիմն է», - երեքշաբթի օրը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց դեսպանը՝ հիմնավորելով․ - «Արդյունքներն են․ մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին ամիսներին աճել է ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև, ինչպես միանշանակորեն հայտարարվեց երեկ Սանկտ Պետերբուրգում երկու նախագահների զրույցի ժամանակ»:

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ արևմտյան ապրանքների փոխարեն ռուսաստանյան շուկա ավելի մեծ ծավալով ապրանքներ կներմուծվեն ԵԱՏՄ անդամ երկրներից, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանք Հայաստանից:

Ի պատասխան հարցին՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է տարածված կարծիքը, թե հայկական գյուղմթերքը այդպես էլ չի կարողացել լրացնել ռուսաստանյան շուկայում առաջացած բացը, Վոլինկինն ասաց․ - «Միանշանակ է, որ անցյալ տարի հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը հսկայական աճ է արձանագրել: Պարզապես Հայաստանը փոքր երկիր է և չի կարող ամբողջովին գրավել ռուսաստանյան շուկան»:

Անդրադառնալով ռուս-վրացական սահմանին բեռնատարների կիլոմետրանոց հերթերին՝ դեսպանը հավաստիացրեց․ - «Բոլորովին վերջերս որոշում է կայացվել, որ Հայաստանի համար պետք է առանձնացվի հատուկ գիծ»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանը Հայաստանին կապող երկաթուղուն, որը անցնում է Աբխազիայի տարածքով, դեսպանը փոխանցեց, որ այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ ընթանում են, և Հայաստանի համար անչափ կարևոր այդ երկաթգիծը ապագայում կարող է վերաբացվել:

Սանկտ Պետերբուրգում Պուտին - Սարգսյան - Ալիև հանդիպման մասին հարցին Իվան Վոլինկինն արձագանքեց․ - «Հանդիպումը նորմալ է անցել: Դրա վերաբերյալ բոլոր մեկնաբանությունները տվել է Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը»:

XS
SM
MD
LG