Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը կընդարձակվի


Կոնստանտինովյան պալատում հանդիպում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը, Սանկտ Պետերբուրգ, 20-ը հունիսի, 2016թ.
Կոնստանտինովյան պալատում հանդիպում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը, Սանկտ Պետերբուրգ, 20-ը հունիսի, 2016թ.

Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն եռակողմ ձևաչափով հանդիպումները:

Երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը Կոնստանտինյան պալատում նախ առանձին հանդիպել է Հայաստանի, ապա՝ Ադրբեջանի նախագահի հետ, և միայն դրանից հետո սկսվել են նախագահների եռակողմ քննարկումները:

Երեկ Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որի տեքստը տարածել է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը: Հայտարարությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը վերահաստատել են Վիեննայում մայիսի 16-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ուղղված են իրավիճակի կայունացմանը և կարգավորման գործընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը:

Նախագահները համաձայնել են ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվքանակը: Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը գոհունակություն են հայտնել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ:

Նախագահները կարևորել են կանոնավոր շփումների նշանակությունը և պայմանավորվել են շարունակել այդ ձևաչափով հանդիպումները՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի:

Համանախագահները ներկա են եղել սանկտպետերբուրգյան հանդիպման եզրափակիչ հատվածին: Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ իսկ Սանկտ Պետերբուրգում հանդիպեց համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովին, ամերիկացի Ջեյմս Ուորլիքին, ֆրանսիացի Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Վլադիմիր Պուտինի հրավերով են մեկնել Սանկտ Պետերբուրգ: Դա ապրիլյան պատերազմական գործողություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկրորդ հանդիպումներ էր:

Առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջնորդությամբ տեղի է ունեցել մայիսի 16-ին Վիեննայում: Այդ հանդիպմանը մասնակցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը:

Իսկ սանկտպետերբուրգյան եռակողմ հանդիպումն այդ ձևաչափով առաջինն էր ապրիլյան քառօրյա բախումներից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG