Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը


Սանկտ Պետերբուրգում հանդիպում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները, 20-ը հունիսի, 2016թ․
Սանկտ Պետերբուրգում հանդիպում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները, 20-ը հունիսի, 2016թ․

Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն

Քիչ առաջ առաջ Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որն այս ձևաչափով առաջինն էր՝ ապրիլյան պատերազմից հետո: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումից հետո հայտարարեց, որ կողմերը համատեղ հայտարարության տեքստ են համաձայնեցրել՝ իրենց հավատարմությունը հայտնելով կարգավորման գործընթացին, ինչպես նաև պայմանավորվել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պայմանավորվել են շարունակել եռակողմ կանոնավոր բանակցությունները, որպեսզի լրացուցիչ դինամիկա հաղորդեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ Մինսկի խմբի ջանքերին», - ասել է ՌԴ արտգործնախարարը: Ըստ նրա, պետությունների ղեկավարները հանդիպել են առանց ուղեկցողների և օգնականների:

Լավրովը նաև ասել է, թե նախագահները կարևորել են իրենց կանոնավոր շփումներն այս ձևաչափով: Երեք նախագահներն իրենց հանձնառությունն են հայտնել քաղաքական կարգավորման հարցում կայուն առաջընթացի հասնելու առնչությամբ, նաև նշել է ՌԴ ԱԳ նախարարը՝ արձանագրելով, որ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվել է:

Մինչ այդ Վլադիմիր Պուտինը առանձնազրույց էր ունեցել Հայաստանի նախագահի հետ: Ընդ որում, դռնփակ այդ բանակցություններից հետո, Պուտինն այդպես էլ ոչ մի բառ չասաց ղարաբաղյան խնդրի մասին՝ կենտրոնանալով միայն երկկողմ տնտեսական կապերի ու ինտեգրացիոն գործընթացների վրա: Փոխարենը՝ Հայաստանի նախագահն ընդգծեց, թե բանակցությունների շարունակման համար անհաժեշտ է նախ իրականացնել մայիսին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է բոլորին: Մենք ցանկանում ենք, որ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, և շնորհակալ եմ Ձեզ և Մինսկի խմբի համանախագահ երկրներին այն ըմբռնման և ջանքերի համար, որ դրսևորում եք այդ հարցում: Սակայն, ցավոք, մի կողմի ցանկությամբ հնարավոր չէ այսպիսի խնդիր կարգավորել: Մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, այսինքն՝ ստեղծենք հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ: Դա աշխատանքային տրամադրություն կստեղծի բանակցություններ վարելու համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ադրբեջանի նախագահը մինչ Պուտինի հետ հանդիպումը հայտարարել է՝ Բաքուն մտադիր չէ ետ կանգնել իր պահանջներից: «Հակամարտությունը երկար է ձգվել, ինչպես հայտարարել են Ռուսաստանն ու Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները՝ ստատուս քվոն ընդունելի չէ, ինչի հետ մենք լիովին համաձայն ենք: Սակայն, որպեսզի այն փոխվի, պետք է նախ վերադարձնել Ադրբեջանի տարածքները, որ օկուպացված են արդեն 20 տարի»,- ասել է Ալիևը:

Ավելի վաղ, Պուտինի խոսնակը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե սպասվում են «բարդ բանակցություններ»: «Այս պահին Կրեմլի հիմնական խնդիրն է՝ երաշխավորել, որ զինված գործողությունները չվերսկսվեն, և չկորչի այն արդյունքը, որը կար մինչև ապրիլյան բռնությունների մեկնարկը»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

Փորձագետները փաստում են, որ կողմերի դիրքորոշումների մերձեցման մասին դեռ շատ վաղ է խոսել: «Ես ոչ մի դրական ակնկալիք չունեմ», - «Ազատության» հայկական ծառայության լրագրող Ազա Բաբայանի հետ զրույցում այսօր ասել է ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը, ում համոզմամբ՝ ապրիլյան պատերազմի կրկնությունն անխուսափելի է:

«Հիմա ոչինչ հնարավոր չէ որոշել, կողմերից որևէ մեկը չի գնա զիջման: Ալիևին պետք է նվազագույնը ետ ստանալ Ղարաբաղի շրջակա տարածքները, մինչդեռ Սարգսյանը չի կարող որևէ բան հանձնել, այլապես նախագահի աթոռին երկար չի մնա: Նախագահներից որևէ մեկի դիրքերն այժմ ուժեղ չեն, և նրանք չունեն համապատասխան ներուժ ոչ միայն վերցնելու, այլև տալու և համոզելու սեփական ժողովրդին, որ այդպես է պետք»,- ասել է փորձագետը:

Սանկտպետերբուրգյան հանդիպումը Ռուսաստանի արդեն երկրորդ փորձն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու: 5 տարի առաջ էլ այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն էր եռակողմ հանդիպում հրավիրել Կազանում: Ու թեև այդ հանդիպումից ակնկալիքները մեծ էին՝ համաձայնագիր այդպես էլ չստորագրվեց: Ամիսներ առաջ Հայաստանի նախագահը «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում որոշ մանրամասներ հրապարակեց կազանյան տապալված փաստաթղթի մասին, ըստ որի՝ Հայաստանը Ադրբեջանին պետք է հանձներ հինգ շրջաններ, Ղարաբաղում պետք է տեղակայվեին խաղաղապահներ, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր անորոշ ժամանակ անց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG