Սանկտ Պետերբուրգում արդեն կայացել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որին հաջորդելու է Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումը՝ այս ձևաչափով առաջինը ապրիլյան պատերազմից հետո:
Սպասվում են բարդ բանակցություններ՝ հանդիպումներից առաջ ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով՝ Կրեմլի հիմնական նպատակն է երաշխավորել, որ զինված գործողությունները չվերսկսվեն, և ջուրը չլցվի նախապատրաստական այն աշխատանքը, որ առկա էր մինչև վերջին բռնությունների մեկնարկը: Թե կոնկրետ ինչ աշխատանքի մասին է խոսքը՝ Կրեմլի խոսնակը չի հստակեցրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահը նախ առանձին-առանձին հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, ապա երեք առաջնորդները միասին կնստեն բանակցային սեղանի շուրջ։
Թեև հանդիպումն անցնում է ռուսական կողմի նախաձեռնությամբ, Սանկտ Պետերբուգում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքը ժամեր առաջ Թվիթերում հույս է հայտնել, թե այսօրվա հանդիպումները կարագացնեն վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը և պայմաններ կստեղծեն հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթղթի համար:
Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, թե Բաքուն մտադիր չէ շարունակել անբովանդակ բանակցություններ և հանդիպել հանուն իմիտացիայի:
«Անհապաղ, անվերապահ պետք է սկսվեն իմաստալից, բովանդակային բանակցություններ։ Նման դեպքում միայն հնարավոր կլինի մոտենալ հարցի խաղաղ լուծմանը, այս հարցում ինձ հետ համակարծիք են նաև Մինսկի խմբի համանախագահները և նրանց ղեկավարները։ Նրանք նշում են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի կարճ ժամկետներում, որ ստատուս քվոն անընդունելի է և պետք է փոփոխվի», - ասել է Ալիևը:
Պաշտոնական Երևանն էլ, իր հերթին, հանդիպումից առաջ քննադատել է Բաքվին՝ պնդելով, թե Նախիջևանում երեկ զորավարժություններ սկսելուց առաջ Ադրբեջանը պատշաճ ծանուցում չի ուղարկել միջազգային գործընկերներին:
Ի դեպ, մինչ Ադրբեջանի ղեկավարը խաղաղության մասին էր խոսում, ադրբեջանական զինուժը խոշոր զորավարժություններ էր սկսում մոտ 25 հազար զինվորի մասնակցությամբ, մի քանի հարյուր միավոր տանկերի, հրթիռային և հրետանային կայանքների, ռազմական ավիացիայի և այլ զինատեսակների ներգրավմամբ։
Մինչև հունիս 24-ը շարունակվելիք այս զորավարժությունները, ըստ պաշտոնական հաղորդագրության, անցկացվում են «ճակատամերձ գոտում» և Նախիջևանում, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում։