Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիև. Անհապաղ պետք է սկսվեն բովանդակային բանակցություններ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Եկել է հակամարտության կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու ժամանակը, հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ադրբեջանը մտադիր չէ շարունակել անբովանդակ բանակցություններ, և եթե ինչ-որ մեկը կարծում է, թե մենք ևս 20 տարի պետք է շարունակենք անիմաստ բանակցությունները, ապա սխալվում են, Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ռամադանի կապակցությամբ հրավիրված ճաշկերույթին, անդրադառնալով այսօր սպասվող՝ ղարաբաղյան հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, Ալիևը շեշտել է. - «Մենք մտադիր չենք վարել անիմաստ բանակցություններ։ Մենք չենք վարի բանակցություններ հանուն իմիտացիայի»։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ եկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու ժամանակը։ «Անհապաղ, անվերապահորեն պետք է սկսվեն իմաստալից, բովանդակային բանակցություններ։ Նման դեպքում հնարավոր կլինի մոտենալ հարցի խաղաղ լուծմանը», - հայտարարել է Ալիևը՝ հավաստիացնելով, թե այդ հարցում իր հետ համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և նրանց ղեկավարները։

«Նրանք նշում են, որ հարցը պետք է կարգավորվի կարճ ժամկետներում, որ ստատուս քվոն անընդունելի է և պետք է փոփոխվի», - միջնորդներին վկայակոչելով՝ պնդել է Ադրբեջանի նախագահը, միևնույն ժամանակ հավելելով, որ այդ մասին լսել է բազմիցս, սակայն դեռ խոսքը գործ չի դարձել։

Նախկինում իր ռազմատենչ հայտարարություններով աչքի ընկնող Ադրբեջանի ղեկավարը պետերբուրգյան հանդիպումից առաջ հնչեցրած իր ելույթում հիմնականում խաղաղությունից էր խոսում։ «Ադրբեջանական կողմը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կերպով է լուծվելու։ Ադրբեջանը խաղաղության կողմնակից է», - մի քանի անգամ ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ կարծիք հայտնելով, թե դրան հասնելու համար «Հայաստանը պետք է հրաժարվի զավթողական քաղաքականությունց և ազատի ադրբեջանական հողերը»։

Ի դեպ, մինչ Ադրբեջանի ղեկավարը խաղաղության մասին էր խոսում, ադրբեջանական զինուժը խոշոր զորավարժություններ էր սկսում մոտ 25 հազար զինվորի մասնակցությամբ, մի քանի հարյուր միավոր տանկերի, հրթիռային և հրետանային կայանքների, ռազմական ավիացիայի և այլ զինատեսակների ներգրավմամբ։

Մինչև հունիս 24-ը շարունակվելիք այս զորավարժությունները, ըստ պաշտոնական հաղորդագրության, անցկացվում են «ճակատամերձ գոտում» և Նախիջևանում, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG