Մատչելիության հղումներ

Սանկտպետերբուգյան հանդիպումից «բեկումնային զարգացումների սպասել պետք չէ»


Հայաստանցի փորձագետները մեծ ակնկալիք չունեն գալիք երկուշաբթի Սանկտ Պետերբուրգում Սարգսյան - Ալիև հանդիպումից:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ազատության» հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց, թե այդ հանդիպումից առաջ հայ-ռուսական հարաբերությունները բարդ փուլ են մտել՝ հավելելով, թե հայկական կողմի սպասելիքները այդ հանդիպումից դրական չեն:

«Նժդեհի արձանի վերաբերյալ հանկարծ Ռուսաստանը սկսեց դժգոհել՝ առնվազն հոգեբանական գրոհ փորձելով Հայաստանի դեմ: Հայաստանը, որ ՀՕՊ համաձայնագիրը Ազգային ժողովի հանձնաժողովում վավերացրել էր, չընդգրկեց Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ՝ դրանով էլ ինչ-որ կերպ դիրքորոշում հայտնելով Ռուսաստանի նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը:

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հունիսի 20-ին կայանալիք եռակողմ հանդիպման մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը:

Չնայած, որ Ղարաբաղյան կարգավորման հարցով միակ պաշտոնական ձևաչափ համարվող Մինսկի խումբը գործում է ԵԱՀԿ-ի շրջանակներում, այդուհանդերձ Սարգսյան - Ալիև առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքներին, ինչպես ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանն ասել է ԵԱՀԿ-ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը, ԵԱՀԿ-ն չի մասնակցում:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը մտահոգիչ է համարում, որ ի տարբերություն Սարգսյան - Ալիև նախորդ՝ մեկ ամիս առաջ Վիեննայում կայացած հանդիպման, այս անգամ հիմնական նախաձեռնողը Ռուսաստանն է: Ըստ Բադալյանի, ռուսական կողմը կարող է Պետերբուրգում կրկին առաջ քաշել Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տարբերակը․ - «Սա իսկապես վտանգավոր է՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն է հայտնի «կազանյան պլանի» հեղինակը: Իսկ էդ պլանը իրենից ինչ է ներկայացնում, բացահայտեց Սերժ Սարգսյանը «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում: Դա որոշ տարածքների հանձնում է Ադրբեջանին, և դրա փոխարեն խաղաղապահների տեղակայում՝ առանց Արցախի կարգավիճակի անգամ որոշակիացման: Ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանը կպարտադրի որևէ բան և կփորձի մինչև վերջ հասնել հենց Սանկտ Պետերբուրգում այդ պարտադրանքին: Բայց կարող է սկսվել մի գործընթաց, երբ Հայաստանը, եթե անգամ մի փոքր տեղի տա, ապա դա կնախապատրաստի արդեն հաջորդ քայլը, և այդպես անընդհատ ստիպված կլինի Հայաստանը տեղի տալ»:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը բնական է գնահատում, որ Ռուսաստանն է նոր հանդիպման նախաձեռնողը: Նրա խոսքով՝ այս տարածաշրջանում հենց ռուսական կողմն է ունակ հիմնախնդրի կարգավորման հարցում անել առավելագույնը․ - «Իրավիճակը բավականին կրիտիկական է, բավականին բարդ․ տարածաշրջանում գրեթե բոլորը որպես հնարավոր սցենար ակնկալում են, որ կարող է բռնության նոր պոռթկում լինել, և պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել: Հասկանալի է, որ Ռուսաստանը կողմերի վրա ազդելու ավելի մեծ հնարավորություններ ունի, քան Ֆրանսիան, կամ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, և համապատասխանաբար, երբ նման իրավիճակ է ստեղծվում, սկսում է աշխատել նա, ում ավելի հեշտ է, ով ավելի շատ հնարավորություններ ունի»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանն «Ազատության»-ը ասաց, որ իրենք կարևորում են առաջիկա հանդիպումը․ բացվել է հակամարտության կարգավորման նոր ուղղություն․ - «Այն է՝ այդ հրադադարի խախտման մեխանիզմների ֆիքսմանն ուղղված աշխատանքները: Եվ Վիեննայում արդեն իսկ այդ հիմքը դրվել է: Քանի որ ընդհանուր առմամբ, կարծես թե, պայմանավորվածություն է եղել, եկել են մեկ ընդհանուր հայտարարի, որ այդ մեխանիզմները անհրաժեշտ է մշակել և ներդնել, հիմա արդեն ընդհանուրից պետք է անցնեն մասնավորի»:

Հակոբ Բադալյանի պնդմամբ՝ քանի դեռ Հայաստանի երեք պահանջները չեն բավարարվել, բանակցելը կլինի հետքայլ․ - «Բարեբախտաբար հրադադարը պահպանվում է Վիեննայից հետո, բայց որևէ ֆորմալ պատասխանատվության մեխանիզմ դրա համար չկա: Հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմ չկա, ԵԱՀԿ-ի գրասենյակի մոնիտորինգային հնարավորությունները ընդլայնված չեն, Ադրբեջանը որևէ փաստաթղթային պատասխանատվություն չի ստանձնել հրադադարի խախտման դեպքում պատասխանատու լինելու համար, և այս պայմաններում, եթե գնա բանակցային գործընթաց, դա նշանակում է՝ Հայաստանը հետ է կանգնում իր իսկ առաջ քաշած նախապայմաններից»:

Իսկ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ այժմ խնդիր կա հակամարտությունը մարտադաշտից տեղափոխել բանակցային սեղան, սակայն բեկումնային զարգացումների սպասել պետք չէ:

XS
SM
MD
LG