Մատչելիության հղումներ

Հունիսի 20-ին տեղի կունենա Պուտինի, Սարգսյանի և Ալիևի հանդիպումը


Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սոչիում, 10-ը օգոստոսի, 2014թ.
Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սոչիում, 10-ը օգոստոսի, 2014թ.

Դա կլինի հայ-ադրբեջանական երկրորդ հանդիպումն ապրիլյան ճգնաժամից հետո:

Կրեմլը հաստատել է, որ հաջորդ երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն է:

Դա կլինի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկրորդ հանդիպումը ապրիլյան ճգնաժամից հետո: Առաջին նման հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջնորդությամբ տեղի է ունեցել մայիսի 16-ին Վիեննայում:

Քննարկումներին մասնակցել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը:

Վիեննայի քննարկումներից հետո միջնորդները հայտնել են, որ հունիսին կազմակերպվելու է նախագահներ Սարգսյանի և Ալիևի նոր հանդիպումը:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտնել է, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Պուտինը նախ առանձին կհանդիպի իր հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ, ինչից հետո կսկսվի եռակողմ քննարկումը:

Ուշակովի փոխանցմամբ՝ «կձեռնարկվեն ակտիվ քայլեր հակամարտության կարգավորման հարցում կողմերին օգնություն ցույց տալու ուղղությամբ»:

Ռուսաստանի նախագահի օգնականը երեկ ընդգծել է, որ հենց Մոսկվան է վճռական դեր կատարել ապրիլին մարտական գործողությունները դադարեցնելու գործում: Պուտինը մի քանի անգամ հեռախոսով զրուցել է Սարգսյանի և Ալիևի հետ, երկու երկրների պաշտպանության նախարարները և զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը այցելել են Մոսկվա, իսկ ապրիլի սկզբին Երևան և Բաքու է մեկնել վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Հիմա մենք շարունակում ենք մեր միջնորդական ջանքերը՝ մշտապես և համապարփակ եղանակով համագործակցելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող պետությունների հետ և հիմնվելով այն հայտարարությունների վրա, որոնցով 2009-2013 թվականների ընթացքում հանդես են եկել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները: Տեսնենք, թե ինչ կտա եռակողմ հանդիպումը, մենք իրագործելու ենք շատ ակտիվ և շահագրգիռ երկխոսություն»,- ասել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Հունիսի 6-ին Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է, որ կա շրջանակային պայմանավորվածությունների հասնելու հեռանկար:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, նա ասել է, թե որոշակի փուլում, շրջանակային պայմանավորվածությունները համաձայնեցնելուց հետո, հնարավոր կլինի նաև բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների վերադարձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG