Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները չեն հասկանում, թե կառավարությունը որտեղ է մենաշնորհներ փնտրում, որ չի գտնում 


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Ընդդիմությունը հարց է բարձրացնում․ եթե կառավարությունը մենաշնորհների դեմ պայքարում է, ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանից բացի ոչ ոք շաքար չի ներկրում։

«Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ և կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ փողոցում անգամ պատահական անցորդին հարցնես, կասի, թե ով ինչ մենաշնորհներ ունի․ - «Էդ ո՞վ չգիտի, թե ով իրավունք ունի Հայաստանում ներկրել շաքար: Էդ ո՞վ չգիտի, թե միայն ով Հայաստանում իրավունք ունի ներկրել բանան: Էդ ո՞վ չգիտեր, որ Հայաստանում բենզին ներկրելու մոնոպոլիա կար: Հետո ասեցին, որ որոշ խոչընդոտներ կային այլոց համար բենզին, դիզվառելիք ներկրելու․․․ Բա հիմա չիմանա՞նք էդ ովքեր էին խոչընդոտ հարուցողները․ նրանք ինչ-որ այլմոլորակայիններ չէին, չէ՞»:

Ընդդիմադիրները չեն հասկանում, թե կառավարությունը որտեղ է արդեն մեկ ամիս մենաշնորհներ փնտրում, որ չի գտնում։

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները պարզապես նախընտրական արշավի մի մաս են, իսկ եթե ոչ, ապա, ինքը պատրաստ է ասել, թե ով ինչ մենաշնորհ ունի․ - «Շաքարի մոնոպոլիան պատկանում է շատ կոնկրետ մարդու՝ Սամվել Ալեքսանյանին, որը Սահմանադրության խախտումով զբաղվում է ձեռնարկատիրությամբ»:

Ընդդիմադիր պատգամավորները վստահ են, որ մենաշնորհ ունեցողներից ոչ մեկը չի պատժվի: Պատճառը, ըստ նրանց, այն է, որ հենց օլիգարխների ռեսուրսներն են օգտագործվում ընտրությունների ժամանակ։

Ուղիղ մեկ ամիս առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունը գնալու է օպտիմալացման, ծախսերի կրճատման, և պայքարելու են կոռուպցիայի և մենաշնորհների դեմ։

Մեկ ամիս անց ընդդիմադիրները ամփոփում են, թե ինչ է արել կառավարությունը:

Նաիրա Զոհրաբյան․ - «Ինչ-որ քայլեր փորձեցին անել, որոնք ես անվանում եմ քայլիկներ: Ասենք, մեքենաների կրճատում․ երբ որ նայում ես ինչ մեքենաներ են կրճատվել՝ հիմնականում մետաղի ջարդոն է, որը միևնույն է վաղ թե ուշ հանձնվելու էր մետաղի ջարդոն: Կամ այդ ուռճացված փոխնախարարների ինստիտուտը»:

Լևոն Զուրաբյան․ - «Էդ քայլերով ի՞նչ լուծվեց․ կոռուպցիա՞ն վերացավ, մենաշնորհնե՞րը վերացան Հայաստանում, պետությունը սկսեց ծաղկե՞լ․․․ Ի՞նչ հարց լուծվեց, ի՞նչ համակարգային խնդիր լուծվեց, մեր արատավոր քաղաքական-տնտեսական համակարգը առողջացա՞վ»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր ելույթում հայտարարել էր, որ այս խնդիրները լուծելու առաջարկեր կարող են ներկայացնել նաև քաղաքացիները, քաղաքական ուժերը՝ էլեկտրոնային նամակ գրելով davit.harutyunyan@gov.am հասցեին:

Էլեկտրոնային փոստի տերը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարված պայքարի և արդյունքների մասին խոսելիս այսօր սոսկ ասաց․ - «Կառավարությունը աշխատում է այդ ուղղությամբ»:

Արդյունքներից խուսափում են խոսել նաև մյուս հանրապետականները: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, օրինակ, կարծում է, որ դեռ ժամանակ է պետք․ - «Ես տեսնում եմ քաղաքական կամքը և տեսնում եմ անհրաժեշտությունը: Ինձ համար շատ ավելի կարևոր է, որ իշխանությունը թիրախավոր է, որ իշխանությունը գիտակցել է, որ Հայաստանում կան մի քանի կարևորագույն մարտահրավերներ, և այդ մարտահրավերներից ամենալրջագույններից մեկը կոռուպցիան է»:

Ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանն անձամբ է լծվել մենաշնորհների դեմ պայքարին։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո մի քաղաքացի որոշել էր բանան ներկրել, և երբ սահմանում խնդիրներ էին առաջացել, ներկրողը դիմել էր Մարուքյանին, վերջինս՝ վարչապետին, և բանանը ի վերջո Հայաստան էր հասել:

ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունների ղեկավարները, մինչդեռ, վստահ են, որ իշխանությունը կոռուպցիան և մենաշնորհները վերացնել չի կարող, քանի որ դա առաջինը հենց նրանց գրպանին է հարվածելու։

XS
SM
MD
LG